Զոհված զինծառայողի մոր` Գայանե Հակոբյանի աջակիցներն այսօր, երբ փակել էին Արշակունյաց պողոտան եւ բողոքի ցույց էին անում, նրանց փորձեցին միանալ Ազգային ժողովրդավարական բեւեռի ներկայացուցիչներ Ժիրայր Սեֆիլյանը, Արա Պապյանը, Վահե Գասպարյանը եւ այլք։
Ցույցի մասնակիցները նրանց այցը չողջունեցին, չնայած Սեֆիլյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ բոլորը պարտավոր են որդեկորույս ծնողների կողքին կանգնել։
ԱԺԲ-ին տեսնելով՝ ցույցի մասնակիցները հայտարարեցին՝ հանկարծ քաղաքական հայտարարություն չհնչի։ Գայանե Հակոբյանի աջակիցները ԱԺԲ-ից պահանջեցին հեռանալ տարածքից։
«Ամոթ ունեցեք, հեռացեք»,-ասացին ցուցարարները։
Կարդացեք նաև
Ոստիկանները թույլ չէին տալիս ԱԺԲ անդամներին մոտենալ դատարանի շենքին, պնդելով՝ իրավիճակը շիկացնում են իրենց ներկայությամբ։
«Իմ էրեխեն Արցախում զոհվել է, որ դու դրոշ վառե՞ս, այ տականք տեռորիստ»,-ԱԺԲ-ի անդամներին ասաց քաղաքացիներից մեկը։
Վահե Գասպարյանը դիմեց ոստիկաններին՝ ոստիկանությունը հանդուրժո՞ւմ է հայհոյանքը, խափանեք նրան։ «Խափանելն այն է, որ ասում ենք՝ մի քիչ հեռու գնացեք, մի մոտեցեք»,-այսպես արձագանքեց ոստիկանը Գասպարյանի հորդորին։
Հիշեցնենք, որ այսօր վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանին ենթադրյալ առեւանգման համար մեղադրվող զոհված զինծառայողի մոր՝ Գայանե Հակոբյանի կալանքի միջնորդության դատական նիստն էր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում։ Դատարանը որոշումը կհրապարակի վաղը։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ