Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Պապյան. «Հայաստանի, այսպես կոչված, վարչապետը իր հանդիպումներում անում է հայտարարություններ, որոնք մտահոգիչ են եւ մեր թշնամիներին մեր դեմ քայլեր ձեռնարկելու հնարավորություններ են ստեղծում»

Մայիս 19,2023 16:21
ara papyan

ԱԺԲ խորհրդի անդամ Արա Պապյանը այսօր իրենց գրասենյակում հրավիրված մամուլի ասուլիսում նշեց, որ մայիսի 19-ը հույն ժողովրդի ցեղասպանության օրն է, ինչի համար ցավակցեց հույն ժողովրդին եւ վստահություն հայտնեց, որ հանցագործը՝ Թուրքական պետությունը, իր պատիժը պիտի ստանա:

Այնուհետեւ Արա Պապայանն ասաց. «Մայիս ամիսը միշտ էլ հայերի համար հաղթանակների ամիս է եղել, սակայն, այս մայիսը, ցավոք սրտի, ավելի շատ մտահոգությունների առիթ է տալիս մեզ, որովհետեւ Հայաստանի, այսպես կոչված, վարչապետը իր հանդիպումների ընթացքում անում է հայտարարություններ, որոնք մտահոգիչ են եւ մեր թշնամիների համար մեր դեմ քայլեր ձեռնարկելու հնարավորություններ են ստեղծում: Հիշենք մայիսի սկզբին այցելությունը Վաշինգտոն եւ Միացյալ Նահանգների հայտարարությունը առ այն, որ առաջընթաց կա: Հետո դա հերքվեց: Ապա հանդիպումը Բրյուսելում Շառլ Միշելի հովանավորությամբ:

Ամենից մտահոգիչը մեր համար այն է, որ Նիկոլ Փաշինյանը վստահաբար մի քայլ ավելի է գնացել, հստակեցրել է, ինչպես ինքն է նշում, 29,8 հազար քառակուսի կիլոմետրը: Բայց այնտեղ նաեւ հնչեցվեց Ադրբեջանի տարածքը:

Ես ուզում եմ վերահաստատել ԱԺԲ այն տեսակետը, որ մենք կողմ ենք մեր հարեւանների հետ խաղաղության պայմանագրին, սահմանների դելիմիտացիային եւ դեմարկացիային, բայց գտնում ենք, որ դա անելու համար եւ անելուց առաջ, նախ պետք է հստակեցնել այն իրավա-քաղաքական հիմքը, որի վրա դա կարող է իրականացվել:

Հղումները Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագրին եւ ՍՍՀՄ վարչական սահմաններին, մեր համար ընդունելի չեն մի շարք պատճառներով: Սկսած այն բանից, որ դա վարչական է, Ադրբեջանը ինքն է հրաժարվել ՍՍՀՄ իրավա-քաղաքական ժառանգությունից: Եվ նույն Ալմա-Աթայի դեկլարացիայի ժամանակ Արցախն արդեն դե ֆակտո եւ դե յուրե, Ադրբեջանի մաս չէր»:

Արա Պապյանը նշեց նաեւ, որ առաջ Արցախի խնդրի կարգավորումը իրականացվում էր եռանախագահության ձեւաչափով, իսկ հիմա Մինսկի խմբի այդ եռանախագահությունը տրոհվել է եւ յուրաքանչյուր կողմ առանձին առանձին հանդիպում է կազմակերպում եւ հիշեցրեց. «Ոչ ոք, ով ուզում է լինի, չունի լիազորություններ ՀՀ եւ ամբողջ հայ ժողովրդի անունից որոշելու Հայաստանի սահմանների, տարածքների, անցյալի կամ ապագայի հարցը: Դրանք հարցեր են, որ մինչեւ իսկ սահմանադրորեն ամրագրված են ՀՀ սահմանադրության 205-րդ հոդվածում, որտեղ սահմանվում է, որ սահմանների փոփոխությունը միայն հանրաքվեի միջոցով կարող է տեղի ունենալ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031