«Ներկա պահին ունենք երկու տարբեր բանակցային ճանապարհներ, որոնք իրար չեն հակասում, բայց քաղաքագիտական տեսանկյունից հակասություններ կան»,-«Հոդված 3» ակումբում կազմակերպված «Հայաստան-Ադրբեջան․ ինչպե՞ս կառավարել անվտանգային մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց ԱՄՆ Նևադայի համալսարանի պրոֆեսոր, քաղաքական գիտությունների դոկտոր Ներսես Կոպալյանը։
Ըստ նրա՝ վերջին երեք շաբաթվա ընթացքում բանակցությունների ակտիվությունը բոլորին հույս է տվել, որ կարող է դրական արդյունք լինի։
Մանրամասնելով, թե որոնք են քաղաքագիտական հակասությունները ՌԴ-ի և Արևմուտքի բանակցային ճանապարհների, պրոֆեսորն ասաց․ «ՌԴ-ի ձեռք բերած բանակցային գործընթացը և ԱՄՆ-ի, ԵՄ-ի-ի նախաձեռնած խաղաղության գործընթացի ճանապարհներն իրարից տարբերվում են։ Բարձր հավանականություն կա, որ եթե այդ ճանապարհները հակասեն իրար, բանակցային գործընթացը կամ սառելու է, կամ դանդաղելու։ Հավանականություն կա, որ մի կողմը՝ ավելի հավանական է Ադրբեջանը, կարող է հետ կանգնել։ ՌԴ-ի գործընթացը խոչընդոտելու գործընթաց է։ Նա օգտագործում է բանակցության գործընթացը ոչ թե երկու կողմերին մի հարթակի բերելու համար և կառուցողական դեր ստանձնելու համար, որ պայմանագիր կնքվի, այլ նա օգտագործում է բանակցային գործընթացը, որ տարածաշրջանում ամրացնի իր դիրքը․ այսինքն՝ իր ազդեցությունն ավելի հստակ դարձնի տարածաշրջանում և փորձի կառավարել հակամարտային իրավիճակը»։
Հարցին՝ իսկ ի՞նչ քաղաքականություն է վարում ՀՀ-ն, ի՞նչ անվտանգային իրավիճակում ենք, Ներսես Կոպալյանը պատասխանեց․ «ՀՀ-ն ունի ուժային բարձր մակարդակի անհավասարություն Ադրբեջանի հետ։ Այս պահին դա փորձում է լուծել դիվանագիտական միջոցներով։ ՀՀ-ն օգտագործում է դիվանագիտական ճնշում, որն Արևմուտքի վրա է դնում և Արևմուտքն էլ Ադրբեջանի վրա է ճնշում գործադրում, ինչն ունի ժամանակավոր զսպողական դեր։ ՀՀ-ն մոտ երկու տարի ՌԴ-ից զենք չի ստացել, այսինքն՝ մենք զինվելու խնդիր ունենք։ Խոչընդոտներ կան, որ Հայաստանին թույլ չեն տալիս, որ իր զսպողությունը գոնե չոր ուժով կայունացնի։ Այս պահին ուժային անհավասարությունը և Ադրբեջանի կինետիկ դիվանագիտությունը և իրենց հիբրիդային պատերազմի մոտեցումը հստակ օգտագործվում է։ ՀՀ-ն փորձում է միջազգային կազմակերպություններին ավելի ակտիվ ներգրավել կոնֆլիկտի մեջ՝ հակամարտությունն ավելի միջազգայնացնել։ Բայց ՌԴ-ն և Ադրբեջանը նախընտրում են, որ վիճակը լոկալ մնա։ Միջազգային կազմակերպությունների դերը ժամանակավոր զսպողական կարողության համար է, որ ժամանակ շահենք, հասկանանք՝ ինչ է լինում»։
Կարդացեք նաև
Ըստ ԱՄՆ Նևադայի համալսարանի պրոֆեսորի՝ բանակցությունները շարունակվելու են, քանի որ շատ բարդ խնդիրներ կան, որոնց շուրջ չկա համաձայնություն․ «Ադրբեջանն էլ ստեղծում է արհեստական խնդիրներ։ Բազմաթիվ խնդիրներ են առաջացել 2020-ից հետո և նոյեմբերի 9-ի զինադադարի փաստաթղթից հետո այնքան նոր իրականություններ են կառուցվել, որ անկարելի է՝ կարողանանք այս հարցը մեկ-երկու բանակցության հարթակներով կամ մի քանի ամսվա մեջ լուծել»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ