Երեկ՝ 18.05.2023թ, ժամը 22:30-ին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնը բանավոր ահազանգ է ստացել Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից այն մասին, որ սննդային թունավորման նշաններով «Արտաշատի բժշկական կենտրոն» ԲԲԸ են տեղափոխվել «Արտաշատ քաղաքի թիվ 4 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ հաճախող 3-4 տարեկան 6 երեխա: Մեկ երեխա տեղափոխվել է Երևանի «Մուրացան» հիվանդանոցային համալիր:
19.05.2023թ. առավոտյան ժամը 10:30–ի դրությամբ՝ հիվանդանոց տեղափոխված երեխաների թիվը հասել է 16-ի, որոնցից 2-ը գտնվում են ինֆեկցիոն բաժանմունքում: Երեխաների վիճակը գնահատվել է բավարար: Նախնական ախտորոշվել է սննդային թունավորում (չճշտված) և փսխումային համախտանիշ:
Արագ արձագանքելով ստացված տեղեկատվությանը՝ Արարատի մարզային կենտրոնի տեսուչները ձեռնարկել են վերահսկողական միջոցառումներ, մասնավորապես՝ կատարվել է նմուշառում մանկապարտեզի 18.05.2023թ. ճաշացանկում ներառված սննդամթերքից (խաշած ձու, թանապուր, ոլոռով սուպ, մակարոնով փլավ): Նմուշները ներկայացվել են լաբորատոր փորձաքննության, արդյունքները կհրապարակվեն:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին