Զոհված զինծառայողի մոր՝ Գայանե Հակոբյանի աջակիցները, որոնք հավաքվել էին Շենգավիթի դատարանի մոտ, այսօր որոշ ժամանակով փակեցին Արշակունյաց պողոտան՝ ի նշան բողոքի։
Այսօր վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանին ենթադրյալ առեւանգման համար մեղադրվող զոհված զինծառայողի մոր՝ Գայանե Հակոբյանի կալանքի միջնորդության դատական նիստն էր ընթանում Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում։ Հիշեցնենք, որ քննչական մարմինը կալանքի միջնորդություն է ներկայացրել։
Այստեղ մեծ թվով ոստիկանական ուժեր էին կենտրոնացված։ Հակոբյանի աջակիցները, զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները ի նշան աջակցության Գայանե Հակոբյանի՝ «ազատություն» էին բացականչում։ Արշակունյաց պողոտայի երթեւեկությունը որոշ ժամանակով կաթվածահար էր եղել։
Ոստիկանները հորդորում էին քաղաքացիներին բացել պողոտան։
«Պետք լինի ստեղ խփելու, խփելու եմ, արա՛, ոչ մեկ ինձ չասի՝ ես ինչ անեմ, արա՛։ Ուրեմն ես իմ ուղեղը չունե՞մ»,-վրդովված ասում էր փողոցը փակած քաղաքացիներից մեկը։ Ոստիկանը նրան ի պատասխան ասաց՝ ես այստեղ եմ, որպեսզի ձեր իրավունքները բացատրեմ, ի պատասխան քաղաքացին ասաց՝ ես իմ իրավունքներն էլ գիտեմ, իմ հանգստությունն էլ։
Կարդացեք նաև
«5000 տղու ազգովի դավաճանել ենք, իրենք առանց վայրկյան մտածելու` իրենց կյանքը դրել են բոլորիս համար, ու մենք իրանց դավաճանում ենք, որ տեսնում ենք ՝ մի վարորդ քշում է ծնողների, մարդկանց վրա։ Չեմ հասկանում, քաղաքացիներ, Նիկոլին տենց պաշտո՞ւմ եք։ Միացեք, ժողովուրդ»,-լրագրողների հետ զրույցում ասաց զոհված զինծառայողի ծնող Գարիկ Գալեյանը։
Գայանե Հակոբյանի աջակցության ցույցներին մասնակցում են ԱԺ ընդդիմադիր պատգամավորները, տարբեր քաղաքացիներ։
Այսօր երբ քաղաքացիները փակել էին Արշակունյաց պողոտան, նրանց միացան Ազգային ժողովրդավարական բեւեռի ներկայացուցիչներ Ժիրայր Սեֆիլյանը, Արա Պապյանը, Վահե Գասպարյանն ու այլք։
Բողոքի ցույցը՝ պողոտան փակելը երկար չտեւեց, մոտ 30-40 րոպե։ Այս պահին պողոտան բաց է, քաղաքացիներն ինքնակամ այն բացեցին։
Նշենք, որ նիստն ավարտվել է, դատարանի որոշումը կհրապարակվի վաղը։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ