Լրահոս
Օրվա լրահոսը

Զոհված զինծառայողի մորը՝ Գայանե Հակոբյանին սպառնում է 4-8 տարի ազատազրկում․ փաստաբան

Մայիս 19,2023 14:18

Այսօր վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանին ենթադրյալ առեւանգման համար մեղադրվող զոհված զինծառայողի մոր՝ Գայանե Հակոբյանի կալանքի միջնորդության դատական նիստն է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում։ Քննչական մարմինն է կալանքի միջնորդություն ներկայացրել։

Վահան Հովհաննիսյան

Հակոբյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանն այսօր դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց, որ քննչական մարմինը որպես փաստական հանգամանքներ ներկայացրել է միայն Աշոտ Փաշինյանի ցուցմունքը, հաղորդումը եւ տեսագրությունները․ «Ներառյալ նրանք, որոնք մենք ենք հրապարակել, այլ որեւէ բան չի ներկայացվել դատարան։ Տեսագրությունով բուն դեպքը տեսանելի չէ, տեսանելի է միայն Աշոտ Փաշինյանի ավտոմեքենա նստելն ու դուրս գալը»։

Ըստ փաստաբանի, տիկին Գայանեին մեղսագրվում է այնպիսի արարք, որը կատարվել է ավտոմեքենայի սրահում․ «Սրահում կատարված այդ դեպքի վերաբերյալ առերեւույթ հանցանքի վերաբերյալ տեսագրությունները որեւէ բան չեն պարունակում, ապացուցողական նշանակություն ունեցող տեղեկություններ չեն պարունակում, հետեւաբար, միակ այդպիսի տեղեկություն պարունակող փաստաթուղթն ու ապացույցը Փաշինյանի ցուցմունքն է»։

Հովհաննիսյանն ասաց, որ Գայանե Հակոբյանի եւ Աշոտ Փաշինյանի առերեսման ընթացքում կողմերն իրենց ցուցմունքն են պնդել․ «Ընդ որում, Աշոտ Փաշինյանը հանգամանալից պատրաստված էր առերեսմանը, կանխատեսել եւ հաշվարկել էր մեր տրվելիք բոլոր հարցերը։ Օրինակ՝ երբ պաշտպանական կողմը հարց ուղղեց, թե մինչեւ Ծերեթելի խաչմերուկ, Երեւան-սիթի սուպերմարկետ հասնելը չկայի՞ն արդյոք այլ լուսացույցեր, Փաշինյանը հայտարարեց՝ կարող եմ պատասխանել հաջորդ հարցին՝ թեպետ լուսացույցեր եղել են, բայց կանաչ լույս չի եղել, չէի կարող իջնել»։

Հովհաննիսյանի ներկայացմամբ՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար միջնորդությամբ երեք հիմնավորում է ներկայացվել՝ փախուստ, նոր հանցանքի կատարումը եւ դատավորությամբ իր վրա դրված պարտականությունների չկատարում, որը կարող է դրսեւորվել վկաների վրա անօրինական ազդեցությամբ։ «Միջնորդության քննության ընթացքում փախուստի հիմքից հրաժարվեցին դատախազն ու քննիչները։ Իմ պրակտիկայում աննախադեպ երեւույթ էր դա։ Ողջունելի է։ Մնացել է երկու հիմք»,-ասաց փաստաբանը։

Նրա խոսքով՝ այս պահին օբյեկտիվ միջնորդության քննություն է ընթանում։

Նա հավելեց, որ Գայանե Հակոբյանի առողջական վիճակը լավ չէ, նիստի ընթացքում վատացել էր։ Հակոբյանը, նշենք, որ հացադուլ էր հայտարարել։

Գայանե Հակոբյանին սպառնում է 4-8 տարի ազատազրկում՝ քրեական օրենսգրքի 191 հոդվածի, 2-րդ մասի 1-ին կետ, եթե, ինչպես ասաց փաստաբանը, դատարանը բավարարի միջնորդությունը։

Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է, որ փաստաբանական խումբը դատարանին խնդրել է դիտարկել կալանքի փոխարեն այլընտրանքային խափանման միջոցներից մեկը կամ միաժամանակ մի քանիսը կիրառելու հարցը։ Մասնավորապես՝

1) տնային կալանքը (պայմանով, որ հնարավորություն կտրվի պարբերաբար այցելել Եռաբլուր)

2) վարչական հսկողությունը (Աշոտի ու եթե անհրաժեշտ է՝ վարույթին ներգրավված այլ անձանց հետ շփվելու արգելքը)

3) գրավը (ուղենիշային չափը՝ 10 մլն դրամ)

4) երաշխավորություն (ստանձնելու պատրաստակամություն են հայտնել երկու խմբակցությունները ներկայացնող տասը պատգամավոր և Հրանտ Թոխատյանը)։

Փաստաբանները դատարանում վերահաստատել են իրենց պնդումները, հիմնական պնդումը, որ կալանք չկիրառվի, Գայանե Հակոբյանը ազատ արձակվի առանց այլընտրանքային խափանման միջոցների, նաեւ առաջարկվել են այլընտրանքային խափանման միջոցները, սակայն քննիչը, ըստ փաստաբանի, չէր փոխել իր դիրքորոշումը, առարկել է նույնիսկ տնային կալանքին։

Դատարանը, ըստ Մելիքյանի, հայտնել է, որ ցանկանում է որոշման ոչ թե միայն եզրափակիչ մասը հրապարակել, այլ ամբողջ որոշումը․ «Իսկ երեկ շատ հագեցած, ծավալուն նիստ էր եւ դա էլ ողջամիտ հիմնավորում կարող էր լինել։ Ընկալելի է, բայց ոչ  ցանկալի»։

Վաղը ժամը 15:00-ին կհրապարակվի դատարանի որոշումը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    Գյումրիում ծերունիներին ծեծելուց հետո հեշտ ազատվեցին հիմա առևանգում են ու էլի հույս ունեն հեշտ պրծնել։ Հաջորդը սպանություն է լինելու ու էլի Մելիքյան Ռուբոն նույն դեմքով կգա կկանգնի ու կասի բա հերոսածին մայրեր են պետք է սպանեն առանց պրոբլեմի

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031