Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի հիդրոքաղաքական ռազմավարության նպատակները Միջին Արևելքում և Թեհրան-Անկարա տարաձայնություններն այդ առնչությամբ. Էմմա Բեգիջանյան

Մայիս 19,2023 15:08

ՄԱՍ 1

ՋՐԻ ԽՆԴԻՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

21-րդ դարում քաղցրահամ ջրի խնդիրը վերածվել է ոչ միայն միջազգային կարևորագույն հիմնահարցի, այլ լուրջ մարտահրավերի, մասնավորապես Երկրի սակավաջուր գոտիների համար: ՄԱԿ-ը դեռևս անցյալ դարի 80-ականներից լուրջ ջանքեր է գործադրում այդ խնդրի լուծման ու արդյունավետ ռազմավարություն մշակելու ուղղությամբ: Այն գտնվում է միջազգային բնույթի բոլոր հանդիպումների օրակարգում: Բացի այդ տեղի են ունենում ջրի խնդրին նվիրված բազմաթիվ համաժողովներ, որոնցում ահազանգեր են հնչում խնդրի շուտափույթ լուծման անհրաժեշտության վերաբերյալ:

1992թ. մարտի 3-14-ին Ռիո Դե Ժանեյրոյում տեղի ունեցած ՄԱԿ-ի բնապահպանության ու զարգացման (UNCED) 21-րդ համաժողովին ներկայացվել էր կայուն զարգացման՝ 4 գլխից բաղկացած 300 էջանոց ծրագիր, իր և միջազգային այլ կազմակերպությունների ու աշխարհի բոլոր երկրների համար։ Նկատի ունենալով 21-րդ դարը՝ այն կոչվել է 21-ի օրակարգ (Agenda), որի կյանքի կոչվելու շրջանակներում էլ ՄԱԿ-ը մարտի 22-ը հայտարարել է ջրի համաշխարհային օր։ Նշյալ փաստաթուղթը հաստատվել է ՄԱԿ-ի հաջորդ համաժողովներում։

Ռիո Դե Ժանեյրոյի համաժողովի հայտարարության մեջ միաժամանակ բոլոր երկրներից պահանջվել է ջրի համաշխարհային օրը մարդկանց տեղեկացնել ջրի կարևորության ու նշանակության մասին տարբեր միջոցառումներ իրականացնելով՝ սեմինարներ, ցուցահանդեսներ կազմակերպելով ու ԶԼՄ-ների միջոցով: Յուրաքանչյուր տարվա այդ օրը ՄԱԿ-ը հանդես է գալիս զեկույցով, իսկ 1994-ից ի վեր ընտրում է նաև տվյալ տարվա կարգախոսը, որը վերաբերում է քաղցրահամ ջրերի խնդիրներին ու մարտահրավերներին, օրինակ, 1994թ.՝ «Ջուրը բոլորի մտահոգությունն է», 1999թ.՝ «Բոլորն ապրում են գետերի ներքին հոսանքում», ինչը վկայում է ջրի ընդհանուր պաշարների և մասնավորապես սահմանային գետերի հետ կապված տարբեր երկրների միջև առկա լուրջ տարաձայնությունների, վերին հոսանքում գտնվողների կողմից այն ճնշման լծակ դարձնելու և չարաշահելու մասին: 2009թ. «Ընդհանուր ջրեր՝ ընդհանուր հնարավորություններ» կարգախոսը ևս հիշյալ թեմային է վերաբերում, ինչը վկայում է այդ ոլորտի մտահոգիչ լինելու մասին։

2013թ․ «Ջուրը ցանկացած տեղում բոլորի համար՝ միջազգային համագործակցությամբ» կարգախոսը նույնպես ընդհանուր ջրերի շուրջ տարաձայնությունների մարտահրավերների, դրանք համագործակցության վերածելու հնարավորության մասին ակնարկ է։ 2016թ․ կարգախոսը «Ջուր և զբաղմունք»-ն էր: ՄԱԿ-ի նշյալ տարվա զեկուցագրում ընդգծվել էր, թե աշխարհում ավելի քան մեկ միլիարդ 400 հազար աշխատանք կախված է քաղցրահամ ջրից, այդ թվում՝ գյուղատնտեսության, ձկնաբուծության, հանքերի շահագործման ոլորտներում, կան աշխատանքներ, որոնց կախումը ջրից ավելի քիչ է, օրինակ, շինարարությունը, զբոսաշրջությունը, տրանսպորտը և այլն։

Խոշոր հաշվով ողջ աշխարհում աշխատանքների 78 տոկոսը որոշ չափով կախված է ջրից: Ինչպես հայտնի է առանց ջրի կյանք չկա, իսկ առանց աշխատատեղեր ստեղծելու հնարավոր չէ պայքար մղել ընդդեմ աղքատության ու տնտեսական անկման: Հետևաբար տնտեսության զարգացման ու աճի հարցում «Ջուրն ու զբաղմունքը» խիստ կարևոր նշանակություն ունեն, այլ կերպ ասած՝ ջրի ոլորտում ներդրումները վերածվում են աշխատատեղեր ստեղծող կարևոր գործոնների: Ջրի խնդիրներով զբաղվող ՄԱԿ-ի փորձագետների կարծիքով՝ տնտեսական առաջընթացը, գործազրկության կրճատումն ու աշխատատեղերի ստեղծումը մեծապես պայմանավորված են ջրի ոլորտում ներդրումներով:

2017թ․ «Կոյուղաջրերը՝ մոխրագույն, ոսկի հանրապետություններ» կարգախոսը կոչ է բոլորին՝ ջուրն առավելագույնս արդյունավետ օգտագործելու, տվյալ ոլորտում ներդրումներ կատարելու և ճիշտ կառավարելու մասին։ 2022թ․ կարգախոս էր ընտրվել «Ստորգետնյա ջրեր, անտեսանելիի տեսանելի դառնալը», ինչը նշանակում է, թե 2022թ․ ՄԱԿ-ի ուշադրությունը սևեռված է եղել ստորգետնյա ջրային պաշարների վրա՝ դրանք դիտարկելով որպես ոչ տեսանելի աղբյուրներ, որոնց ազդեցությունն ու անհրաժեշտությունը կյանքի համար տեսանելի են։

Այս ամենը բնապահպանական վնասների մասին ստորգետնյա ջրերի չարաշահման հետևանքների լուրջ ահազանգ էր, այդ թվում՝ լուրջ նստվածքների, որոնք կարող են աղետաբեր լինել՝ սպառնալով մարդկանց կյանքին ու առողջությանը։ Ահավասիկ, Իրանում նման չարաշահման հետևանքով ստորգետնյա մեծ և վտանգավոր խոռոչներ են առաջացել։ Ըստ ամենայնի՝ նման վտանգ սպառնում է նաև Հայաստանին՝ հանձինս ստորգետնյա ջրերի չարաշահմամբ զբաղվող բազմաթիվ ձկնաբուծարանների, ինչի պատճառով Արարատյան դաշտում մշակովի հողերի համար առաջացել է աղուտացման սպառնալիք։

2002թ․ Իտալիայում կայացած ՄԱԿ-ի Մթերք և գյուղատնտեսություն (FAO) համաժողովի օրակարգի գլխավոր հարցերից էր ջրի խնդիրը, որտեղ նշվեց, թե մինչև 2025թ. Երկրի բնակչության շուրջ 2/3-ն ապրելու է սակավաջուր և խիստ սակավաջուր երկրներում: Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին համաժողովում հրատապ և կարևոր համարեց ջրի խնդիրը՝ այն գնահատելով միջազգային ահաբեկչությանը և սովին համարժեք:

Այնուհետև օգոստոսին տեղի ունեցած զարգացած ու զարգացող երկրների յոհանեսբուրգյան համաժողովում, որը գումարվեց գլխավորապես վերջիններիս պահանջով, դարձյալ առաջնային հարցերի թվին դասվեց ջրի խնդիրը, որի օրակարգում կարևորվել էին նաև էներգետիկայի, գյուղատնտեսության ու առողջապահության հարցերը: Այլ կերպ ասած՝ որևէ կասկած չկա, որ ջուրն այսօր արդեն համարվում է ռազմավարական հույժ արժեքավոր ապրանք, հետևաբար քաղաքական և տնտեսական առումով կարևոր դեր ունի Երկիր մոլորակի մասշտաբով՝ ընդհանրապես և սակավաջուր շրջաններում՝ մասնավորապես։

Դեռևս 2016թ․ Ջրի միջազգային օրվա առիթով բրիտանական «Գարդիան» օրաթերթը հրապարակել էր քաղցրահամ ջրի ոլորտում կատարված համապարփակ հետազոտության արդյունքները, որի կանխատեսումներն արդեն իսկ իրականություն են։ Նշյալ հետազոտության արդյունքների համաձայն՝ ջրի սակավությունն աշխարհում ամենավտանգավոր մարտահրավերներից է, ինչն անցյալում չի կարևորվել:

2014թ. Ջրի համաշխարհային օրվա առիթով ՄԱԿ-ի զեկույցի մեջ շեշտվել է, որ 2050թ. ջրի պահանջարկը 55 տոկոսով ավելանալու է, աշխարհի բնակչության շուրջ 40 տոկոսը ջրի խիստ կարիքի մեջ է ապրելու, առավելապես՝ Հյուսիսային Աֆրիկայում, Միջին Արևելքում: Ըստ նշյալ զեկույցի՝ Միջին Արևելքում քաղցրահամ ջրերի 15-60 տոկոսը ոչնչանում է նստվածքների ու գոլորշիացման պատճառով:

ՄԱԿ-ի 2016թ. զեկույցում շեշտվում է, որ թեև 1990-2010թթ. ընթացքում լուրջ քայլեր են կատարվել աշխարհում բնակչության ջրի կարիքները բավարարելու ուղղությամբ, սակայն շուրջ 2 միլիարդ մարդ դեռևս մաքուր քաղցրահամ ջրի կարիք ունի: Բացի այդ նշվում է, որ զարգացող երկրների մեծ մասը գտնվում է աշխարհագրական խիստ սակավաջուր հատվածներում, ուստի առավել խոցելի են կլիմայի փոփոխության՝ գլոբալ տաքացման պայմաններում:

Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի 2022թ․ զեկույցին, ապա այնտեղ նշվել է, որ ջրի առօրյա կարիքների, հիգիենիայի և սննդարդյունաբերության ոլորտի պահանջարկը գլխավորապես ապահովում են ստորգետնյա ջրերը։ Միաժամանակ ընդգծվել է նաև, որ ՄԱԿ-ի մասնագետների հետազոտությունների համաձայն՝ ստորգետնյա ջրային պաշարները նաև շատ կարևոր են գետերի ու ջրա-ճահճային տարածքների էկոհամակարգի առողջացման համար։ ՄԱԿ-ի մասնագետների կազմած զեկույցում պահանջվում է պաշտպանել կենսական նշանակությամբ ստորգետնյա ջրային պաշարները, զերծ մնալ ոչ անհրաժեշտ ու ոչ ընդունված մեթոդներով շահագործումներից՝ չարաշահումներից, ինչպեսև դրանք աղտոտելու սպառնալիքներից։

***

ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ՝ ՀԱՆՈՒՆ ԿԱՊՈՒՅՏ, ԿԵՆՍԱԿԱՆ ՈՍԿՈՒ

Քաղցրահամ ջրի պաշարների ուսումնասիրությունների արդյունքների համաձայն՝ աշխարհի ավելի քան 37 երկիր համարվում է խիստ սակավաջուր, որոնք գտնվում են Միջին Արևելքում ու Հյուսիսային Ա‎‎‎‎‎‎ֆրիկայում (MENA), Կենտրոնական Ասիայում և Օվկիանիայում: Ըստ World Resources Institute-ի հետազոտությունների՝ սակավաջրությունը ծանր մարտահրավեր է նշյալ երկրների համար, ինչը կարող է լրջորեն սպառնալ դրանց ազգային անվտանգությանն ու տնտեսական զարգացմանը, մանավանդ այն երկրների, որոնք չունեն ջրի կառավարման հստակ ծրագիր:

Ջրի խնդիրն առավել սրությամբ է արտահայտված սակավաջուր տարածաշրջաններում, ինչպիսիք են MENA-ի երկրները, որտեղ առկա է բնակչության աճի բարձր տոկոս, ինչն ուղիղ համեմատական է ջրի սպառմանը: Այն որպես ճգնաժամածին երևույթ վաղուց դրսևորվում է՝ մեծացնելով «ջրային պատերազմի» հավանականությունը, անգամ նկատելի են որոշ «դիրքավորումներ»: Սակավաջրությունն էապես ազդում է նաև նշյալ տարածաշրջանների շատ երկրների հասարակական ու տնտեսական զարգացման վրա, որտեղ ապրում է բնակչության ավելի քան 5 տոկոսը, սակայն տնօրինում է քաղցրահամ ջրի շուրջ մեկ տոկոսը։

Սակավաջրության գործոնները բազմազան են, այդ թվում՝ տարածաշրջանի բնական պայմանները, երաշտը, գոլորշիացման բարձր տոկոսը, եղած պաշարների ոչ արդյունավետ կառավարումը, ոչ ճիշտ օգտագործումը, հնամաշ ջրատար ցանցերը, բնակչության աճի բարձր տոկոսը, մշակույթի, հասարակական խնդիրներն ու տնտեսական ոլորտի լուրջ թերացումները և այլն։

Ըստ ոլորտի փորձագետների՝ ջրի լարվածության պայմաններում գտնվող նշյալ տարածաշրջանների երկրների ապագա տնտեսական զարգացման նախագծերը հայտնվել են քաղաքային բնակչության աճի ու տնտեսական գործունեության, ինչպես նաև գլոբալ տաքացման ազդեցության ներքո։ Բայց և այնպես այդ երկրներում չի վերամշակվում կոյուղաջրերի 82 տոկոսը, իսկ ջրի սակագինն աշխարհի մակարդակով նվազագույնն է։ Ահա թե ինչու խնդրո առարկա տարածաշրջաններն ավելի խոցելի են գլոբալ տաքացման հետևանքների նկատմամբ, իսկ դրանց վերաբերյալ կանխատեսումները՝ սարսափելի։ Համաձայն դրանց ջերմաստիճանի՝ գլոբալ տաքացումը կհանգեցնի Սիրիայի տարածքի 60 տոկոսի անապատացմանը, 2100թ․ Եգիպտոսում Նեղոսի ջուրը կկրճատվի 75 տոկոսով։ Հետևաբար հաշվի առնելով, որ 2050թ․ Երկրի բնակչության թիվը հատելու է 9 միլիարդի սահմանը՝ մասնագետների կանխատեսմամբ՝ ջրի խնդրից ամենածանր հարվածը ստանալու են հենց հիշյալ տարածաշրջանները։

Այսօր արդեն MENA-ի քաղցրահամ ջրի ճգնաժամի, գերլարվածության մասին 40-50 տարի առաջվա կանխատեսումներն իրականություն են։ Այդ տարածաշրջանների երկրներում, այդ թվում՝ Իրանում, Իրաքում, Եմենում, Հորդանանում, Սուդանում, Եգիպտոսում, Ալժիրում և այլնում, կյանքը հայտնվել է ոլորտի լարվածության ազդեցության տակ։ Գլոբալ տաքացումն ու երկարատև երաշտներն առավել լուրջ ազդեցություն ունեն և ունեցել են այդ սակավաջուր տարածաշրջաններում, ինչի պատճառով գյուղատնտեսության կարիքների համար մարդիկ խոր հորեր են հորատում՝ վնասելով ստորգետնյա պաշարները և էկոհամակարգը։ Խնդրո առարկա տարածաշրջաններում որոշ երկրներ, ինչպես օրինակ, Իսրայելը, Պարսից Ծոցի արաբական հարուստ երկրները, որոշ չափով՝ Ալժիրը, ջրի պահանջարկն ապահովում են ծովի ջրի աղազտմամբ։ Ընդ որում, ինչպես նշում են մասնագետներից ոմանք՝ եթե ջրաղազտարաններն աշխատեն արևային էներգիայով, ապա տնտեսապես խիստ ձեռնտու է. մեկ խորանարդ մետր ջրի աղազտման արժեքը կազմում է ընդամենը 50 ցենտ։ Նրանք ընդգծում են, որ համենայնդեպս այդ տարբերակն ավելի էժան է, քան պատերազմը։ Սակայն այլ մասնագետների կարծիքով՝ երկարաժամկետում ջրի աղազտումը հղի է բնապահպանական լուրջ սպառնալիքներով, քանի որ ծովի ջրի աղի տոկոսը բարձրանում է:

Դեռևս նախորդ դարի 70-ականներից ահազանգեր էին հնչում տարածաշրջանում «ջրի պատերազմների»՝ ջրերի, գետերի վերաբերյալ տարաձայնությունների սրացումների և պատերազմների մասին։ Ահավասիկ, 1992թ. Իրանի նախկին նախագահ Ա.Ա. Ռաֆսանջանին այս մասին Ղոմ քաղաքի ջրամբարտակի բացմանը նվիրված իր ելույթում ընդգծել է. «Միջին Արևելքում նավթի պատերազմը տեղը կզիջի ջրի պատերազմին»:

ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Բուդրոս Ղալին (1992-1997թթ.), երբ դեռևս Եգիպտոսի ԱԳ նախարար էր (1977-1991թթ․), բազմիցս շեշտել էր, որ Եգիպտոսը հանուն իր քաղցրահամ ջրի ապահովման պատրաստ է պատերազմել, քանզի Նեղոսը Եգիպտոսից զատ անցնում է 8 երկրներով և որոշ չափով ապահովում նրանց կարիքները և ապա շեշտել. «Եգիպտոսը գերի է այն ութ երկրների ձեռքին, որոնք գտնվում են Նեղոսի հունի երկայնքով»: Եվ ահա 2020թ․, երբ Եթովպիան ավարտեց Աֆրիկայի խոշորագույն ՀԷԿ-ի կառուցումը և սկսեց ջրալցումը, լուրջ տարաձայնություններ սկսվեցին Նեղոսի ներքին հոսանքում գտնվող Եթովպիայի և Եգիպտոսի ու Սուդանի միջև։ Վերջիներս ոչ միայն հարցն արծարծեցին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, այլև Եգիպտոսը սպառնաց պայթեցնել այն:

ԱՄՆ նախագահ Թրամփն արդարացրել էր Կահիրեի սպառնալիքը՝ շեշտելով, որ Ադիս Աբեբան խախտել է եռակողմ համաձայնությունը։ Խոսքը վերաբերում է 2013թ․ համաձայնությանը, երբ դեռևս ԱԷԿ-ը կառուցման փուլում էր։ Ավելի ուշ Հարավային Աֆրիկայի միջնորդությամբ եռակողմ բանակցություններ են սկսվել տարաձայնությունների խաղաղ կարգավորման շուրջ. Եգիպտոսը նպատակամղված է հասնել պարտադիր կիրարկման իրավական ուժ ունեցող համաձայնագիր ստորագրելուն։ Եգիպտոսն ու Սուդանն իրենց ջրի պահանջարկի 90 տոկոսն ապահովում են Նեղոսից։ Այլ կերպ ասած, եթե բանակցությունները տապալվեն, ապա բացառված չէ, որ հանուն ջրի տարածաշրջանում տեղի կունենան առաջին միջպետական բախումները, չնայած հավանականությունը մեծ չէ։

Հակառակ պարագայում իրականություն կդառնա Եգիպտոսի նախկին նախագահ Անվար Սադաթի (1918-1981թթ․) կանխատեսումը, երբ 1979թ․ Քեմփ Դեյվիդի պայմանագիրը ստորագրելուց հետո նշել էր․ «Միակ խնդիրը, որը կարող է Եգիպտոսին պատերազմի մեջ ներքաշել, ջուրն է»։ Կան տեսակետներ, որոնց համաձայն՝ Միջին Արևելքում հանուն ջրի միջպետական պատերազմները սկսվել են դեռևս 1967թ․, Արաբա-իսրայելական 6-օրյա պատերազմով, քանի որ Իսրայելը 1953թ․ ձգտել էր փոխել Հորդանան գետի վերին հոսանքի հունն ի շահ համաիսրայելական ջրատարի և օգտվել Տիբերիա լճի քաղցրահամ ջրերից՝ Նեգև անապատի բերրի հողերը ոռոգելու նպատակով, ինչը տարաձայնությունների առիթ էր դարձել։ Սակայն պատերազմի ընթացքում Իսրայելը վերահսկողություն է սահմանել ոչ միայն հիշյալ լճի, այլ Գոլանի բարձունքների վրա, որոնք և՛ ռազմավարական մեծ նշանակություն ունեն, և՛ խիստ նշանակալից են քաղցրահամ ջրի պաշարներով։ Ահա թե ինչու Իսրայելը համաձայնեց Եգիպտոսին հանձնել Սինայի անապատը, որտեղ կան նավթի պաշարներ, բայց ոչ մի կերպ չի ցանկանում վերադարձնել Գոլանի բարձունքները, ավելին, Դոնալդ Թրամփից պահանջեց դրանք ճանաչել Իսրայելի անքակտելի մաս, ինչն իրականացավ 2019թ․։

ՄԱԿ-ի տվյալներով՝ Սուդանում Դարֆորի բախումների գլխավոր դրդապատճառը, կրոնականից զատ, եղել է սակավաջրությունը, ինչի հետևանքով բերրի հողերի կորուստ է տեղի ունեցել։ 1979թ․ Սադամ Հուսեյնը պատռեց Շաթ էլ Արաբի (Արվանռուդ) վերաբերյալ 1975թ․ ալժիրյան Թեհրան-Բաղդադ համաձայնագիրը, հարձակվեց Իրանի վրա՝ սկսելով Իրան-Իրաք 8-ամյա պատերազմը:

2016թ․ Ամերիկյան հանրահայտ Քարնեգի հետազոտական կենտրոնը (Carnegie Endowment for International Peace) հայտարարեց, թե Սիրիայի ներքին բախումների գլխավոր դրդապատճառներից էր ջրի ճգնաժամը։ Քարնեգիի հրապարակած տեսակետում շեշտվել է, որ թեև այդ ժամանակ հանրային կարծիքներում ու ԶԼՄ-ներում այդ հարցը լիովին անտեսվել էր, սակայն իրականում Սիրիայի որոշ հատվածներում երաշտի պատճառով տեղի ունեցան հարկադիր ներքին գաղթեր, գործազրկության տոկոսի աճ և դրանցից բխող այլ բարդություններ, որոնք դժգոհությունների տեղիք տվեցին և այսօր արդեն համարվում են բախումներում լուրջ դերակատարություն ունեցող գործոններ։

Որոշ ուսումնասիրությունների համաձայն՝ ահաբեկչական «Իսլամական խալիֆայության» Իրաքում ու Սիրիայում ռազմական գործողությունների առաջնահերթ թիրախը դարձյալ ջրի պաշարներն են եղել, գրավել են Եփրատի ու Տիգրիսի վրա կառուցված ջրամբարներն ու ՀԷԿ-երը։ Այլ խոսքով՝ տարածաշրջաններում վաղուց արդեն սպառնալից բնույթ են կրում ջրի ընդհանուր պաշարների բաշխման շուրջ տարաձայնությունները, որոնք առավելապես վերաբերում են գետերի ջրերին: Քանզի գետերի վերին հոսանքի վրա գտնվող երկրները հաճախ նման արտոնությունը կիրառում են իբրև ճնշման լծակ ընդդեմ ներքին հոսանքում գտնվողների:

Հատկանշական է, որ 2009թ․ մարտին՝ ջրի խնդրին նվիրված ստամբուլյան համաժողովին ընդառաջ, ՄԱԿ-ը մարտի 12-ին հրապարակեց զեկուցագիր, որը կազմվել էր UNESCO-ի հովանու ներքո, ՄԱԿ-ի անդամ 26 կազմակերպությունների մասնակցությամբ, որտեղ նշվում էր, թե Երկրի բնակչության թիվը տարեկան 80 միլիոն ավելանում է, ինչը նշանակում է, որ առնվազն 64 միլիարդ խորանարդ մետրով ավելանալու է քաղցրահամ ջրի պահանջարկը: Ապա շեշտվում է, թե չնայած ջուրը կենսական նշանակություն ունի, սակայն դրա կառավարման ու պահպանման ոլորտներում ներդրումները խիստ սակավ են: Զեկույցում պահանջվում է, որ ջրի խնդիրը որպես հույժ կարևոր հարց զետեղվի երկրների գյուղատնտեսական, առողջապահական, կրթական և ենթակառուցվածքային քաղաքականություններում: Նշենք, որ Ստամբուլի համաժողովի (որին մասնակցում էր 15 հազար մարդ) օրակարգի երեք գլխավոր հարցերից մեկը ջրի պաշարների շուրջ հնարավոր քաղաքական ու ռազմական բախումների խնդիրն էր, ինչի կապակցությամբ հաճախ հնչել ու hնչում են լուրջ ահազանգեր, ընդ որում, ոչ միայն միջպետական, այլև ներպետական մակարդակով։

Նշյալ տարածաշրջաններում միջպետական հնարավոր բախումների ու փոխհարաբերությունների լարվածության գլխավոր գոտիներ են համարվում Նեղոսի, Եփրատ-Տիգրիսի և Հորդանանի գետերի ավազանները։ Ինչ վերաբերում է Եփրատի ու Տիգրիսի ավազանին, ապա այստեղ իրավիճակն ավելի սուր բնույթ է կրում նախ այն պատճառով, որ Թուրքիան, գտնվելով հիշյալ գետերի վերին հոսանքում, չարաշահում է իր արտոնյալ դիրքը, ջուրը դարձնելով ճնշման լծակ, ապա տվյալ գոտում ստորգետնյա պաշարների չարաշահումը, ինչը Թուրքիայի հիդրոքաղաքականության հետևանք է, քանի որ ներքին հոսանքների վրա գտնվողներին այլ ելք չի մնում։

Դեռևս 2013թ․ Կալիֆորնիայի համալսարանի, Իրվինի, Նասայի (NASA) Տիեզերական թռիչքների Գոդդարդ կենտրոնի (Goddard Space Flight Center), Մթնոլորտային ուսումնասիրությունների կենտրոնի (HCAR MESA Laboratory) գիտնականները հայտնաբերել են, որ 2003թ.-ից սկսած 10 տարվա ընթացքում սակավաջուր Միջին Արևելքը քաղցրահամ ջրի պաշարների զգալի կորուստ է ունեցել։ Հիշյալ գիտնականների թիմը նման եզրակացության է հանգել՝ ուսումնասիրություններում կիրառելով NASA-ի տիեզերական ձգողականության չափումների արբանյակների տվյալները։ Թիմի զեկույցը հրապարակվել է նաև Water Resources Research ամսագրի փետրվարյան համարում։

Հետազոտության համաձայն՝ Եփրատի ու Տիգրիսի ավազանում գտնվող Թուրքիայի որոշ հատվածների, Սիրիայի, Իրաքի ու Իրանի (2003-2010թթ․) ջրի պաշարների 144 խորանարդ կիլոմետրի՝ 144 հազար միլիարդ լիտրի կորուստ են ունեցել, ինչը հավասար է Մեռյալ ծովի ջրերին։ Թիմի կարծիքով՝ կորստի 60 տոկոսը վերաբերում է տվյալ տարածաշրջանի ստորգետնյա ջրերի օգտագործմանը։ Հետազոտությունը համարվում է Եփրատի ու Տիգրիսի ավազանի և Իրանի արևմտյան հատվածի վերաբերյալ առաջին համապարփակ հիդրոլոգիական հետազոտություններից։ Քանի որ երկրաբանական տվյալների ձեռքբերումն այս շրջանում դժվար է, ուստի արբանյակային տվյալները, ինչպես օրինակ, Գրավիտացիոն վերականգնման և կլիմայի փորձարկման առաքելությունը (Gravity Recovery and Climate Experiment, GRACE), պատկերային տվյալները ջրի պաշարների մասին խիստ արժեքավոր ու անհրաժեշտ են, մանավանդ որ հիդրոլոգիական դիտումները մշտական չեն, կամ էլ այդ տվյալները որևէ երկրի սահմաններից դուրս ոչ մեկի չեն տրամադրում։

Հիշյալ հետազոտությունն իրականացնող փորձագետ, Կալիֆորնիայի Իրվին համալսարանի հիդրոլոգիայի դասախոս պրոֆեսոր Ջեյ Ֆամիգլիթին (Jay Famiglietti) շեշտում է, որ GRACE-ի տվյալները լուրջ նախազգուշացում են Եփրատի ու Տիգրիսի ավազանում ստորգետնյա ջրի պաշարների բարձր տոկոսներով անկման մասին՝ հավելելով, որ Հնդկաստանից հետո այն երկրորդ տեղում է, իսկ 2007թ․ երաշտից հետո տոկոսադրույքը մեծացել է, մինչդեռ պահանջարկը շարունակաբար աճում է։ Մյուս կողմից, միջազգային օրենքների տարբեր մեկնաբանությունների պատճառով ջրի կառավարումը տարածաշրջանում համաձայնեցված չի իրականացվում։ Նա շեշտում է նաև, որ ներկա դրությամբ GRACE-ը միակ գործիքակազմն է, որի աջակցությամբ հնարավոր է տիեզերքից մոտավոր հաշվարկ անել ստորգետնյա ջրի պաշարների փոփոխությունների վերաբերյալ։

Գիտնականների հիշյալ թիմի հաշվարկներով՝ ջրի կորստի 1/5-ը պայմանավորված է հողի չորության մեծացմամբ և տեղացող ձյան նվազմամբ, 1/5-ն էլ՝ մակերևութային՝ լճերի, գետերի ջրերի նվազմամբ, իսկ մնացած 90 խորանարդ կիլոմետրի կորստյան պատճառը ստորգետնյա ջրերի շռայլորեն օգտագործումն է։ Ֆամիգլիթին շեշտում է, որ 2007թ․ երաշտի ժամանակ Իրաքի կառավարությունը 1000 հոր էր փորել, չհաշված դրանից էլ շատ հորերը, որոնք փորել են հողատերերը։

***

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԻԴՐՈՔԱՂԱՔԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ

Միջին Արևելքում քաղցրահամ սակավաջրության նման լարվածության պայմաններում, թեև ներկա դրությամբ՝ երկարատև երաշտի պատճառով, նվազել են նաև Թուրքիայի ջրի պաշարները։ Սակայն վերջինս տարածաշրջանում գտնվում է լավագույն վիճակում, ինչն առավելություն և ճնշման լծակ կիրառելու նպատակով զետեղել է իր ազգային ռազմավարական, համաթյուրքական ծրագրերում և այն կարևորել ու բարձրացրել քրդերի ու հայերի հարցի «լուծման» մակարդակի, մանավանդ որ ջրային նախագծերով հաճախ թիրախավորված են նաև քրդերը։ Այս տարածաշրջանում ջրի խնդիրը վերածվել է ազգային անվտանգության գերակա խնդրի և տնտեսական ու քաղաքական հզոր լծակի, ինչն Անկարան կիրառում է։

Թուրքիայի նախկին նախագահ Թուրգութ Օզալը (1927-1993թթ․), Միջին Արևելքում ջրի պատերազմն անխուսափելի համարելով, միաժամանակ հաշվի առնելով Թուրքիայի նպաստավոր պայմանները, շեշտել է․ «Ապագայի աշխարհը նավթի աշխարհ չի լինելու, այլ ջրի։ 21-րդ դարը Թուրքիայի դարն է»։

Այն, որ 21-րդ դարը ջրի դար է, անհերքելի փաստ է, սակայն Անկարան, ջուրը դարձնելով ճնշման լծակ, արդյո՞ք կդառնա համաշխարհային տերություն, ինչպես հոխորտում է Էրդողանը, խիստ հարցական է։ Այսուհանդերձ, Թուրքիան ունի համակարգված ազգային ռազմավարական նպատակներ ու համապատասխան ծրագրեր, որոնց իրականացման ուղղությամբ անշեղորեն ջանքեր են գործադրում այդ երկրում իշխող բոլոր ուժերը։ Այդօրինակ նախագծերից է Անատոլիայի հարավ-արևելյան նախագիծը, որը հայտնի է GAP անվամբ (Guneydogu Anadulu Projest): Այս նախագծով Եփրատ ու Տիգրիս գետերի և դրանց վտակների վրա կառուցելու է 22 ամբարտակ և 19 ՀԷԿ, ընդ որում, 7-ը՝ Եփրատի, 6-ը՝ Տիգրիսի, մնացածը՝ դրանց վտակների վրա, և 13 ոռոգման համակարգ։ Նախագիծն իրականացվում է քրդաբնակ 9-ը՝ Դիարբեքիր, Բաթման, Սաիրթ, Մարդին, Շիիրնաք, Ադիյաման, Շանլի Ուրֆա, Ղազիայինթափ և Քիլիս վիլեյաթներում:

GAP-ի շրջանակներում 90-ականներին Անկարան մշակել էր նաև Peace Pipeline (Խաղաղության խողովակաշար, PP), որի համաձայն պետք է երկու խողովակաշարով Թուրքիայից ջուր տեղափոխվի Պարսից Ծոցի արաբական երկրներ։ Սակայն վերջիններս չհամաձայնեցին, թվում էր, թե այն մնաց թղթի վրա, մինչդեռ կան հրապարակումներ, որոնց համաձայն պայմանավորվածություն կա, որ Թուրքիան PP-ով ջուր է արտահանելու Իսրայել: Հավելենք, որ ՄԱԿ-ը և ԵՄ-ը բազմիցս նախազգուշացումներ են արել տարածաշրջանում GAP-ի իրականացման բնապահպանական խիստ բացասական հետևանքների մասին, ինչպես նաև շրջակա միջավայրի պաշտպան կազմակերպությունների բողոքների արդյունքում գերմանական, բրիտանական, շվեդական ու շվեյցարական ընկերություններ հեռացան նախագծից։ Իսրայելը, որը դեռևս 1996թ․ ռազմաքաղաքական ռազմավարական համագործակցության պայմանագիր է կնքել Թուրքիայի հետ, շարունակում է համագործակցությունը, ինչը, բացառված չէ, որ պայմանավորված է նաև PP-ի գործարկմամբ։

Միջազգային սահմանումների համաձայն՝ Եփրատն ու Տիգրիսը միջազգային գետեր են։ Սահմանային գետերը և ջրահավաք ավազանները, եթե գտնվում են մեկից ավելի երկրներում, կոչվում են միջազգային․ ա) ընդհանրապես այն գետերը, որոնք անցնում են երկու կամ ավելի երկրների տարածքներով, բ) այն գետերը, որոնք երկու կամ ավելի երկրներ են բաժանում միմյանցից, գ) որոնք երկու կամ ավելի երկրների տնտեսության վրա ազդեցություն ունեն։

2700 կմ երկարությամբ Եփրատը համարվում է Արևմտյան Ասիայի ամենաերկար գետը՝ 673 հազար քառ․ կմ ավազանով։ Եփրատը կազմվում է Արևմտյան Եփրատի (Կարասու) 450 կմ և Արածանի (Մուրատ) 670 կմ երկարությամբ ճյուղերի միացումից։ Թեև ջրհավաք ավազանի 30 տոկոսն է Թուրքիայում, սակայն ջրհավաքման 94 տոկոսն այդ երկրում է։

1900 կմ երկարությամբ Տիգրիսը սկիզբ է առնում Թուրքիայի արևելքից՝ Տավրոսյան լեռնաշղթայից, ապա կազմելով թուրք-սիրիական սահմանագիծը՝ հոսում է Իրաք։ Ջրերի 51 տոկոսը գոյանում է Թուրքիայում, մնացածը՝ Սիրիայի և Իրաքի, 10 տոկոսը՝ Իրանի աղբյուրներից։ Գետի ավազանը 375 քառ․ կմ է։ Այլ խոսքով՝ Թուրքիան, հանձին GAP-ի, միջազգային գետերի ավազաններում կյանքի է կոչում աշխարհում գետերի ավազաններում իրականացվող խոշորագույն նախագծերից մեկը, որի ավարտից հետո, թուրքական աղբյուրների համաձայն, ապահովելու է այդ երկրի էլեկտրաէներգիայի՝ 25 և ջրի պահանջարկի՝ 20 տոկոսը։ GAP-ի նախագծի ամբողջական ավարտից հետո 4 միլիոն աշխատատեղ է ստեղծվելու, ինչով Անկարան նպատակամղված է նաև քրդերին միաձուլել երկրի տնտեսական համակարգում։ Հավելենք, որ այլ աղբյուրներում խոսվում է 2 միլիոն աշխատատեղի մասին։

Ինչ վերաբերում է GAP-ի նախագծի պատմությանը, ապա անցյալ դարի 70-ականներին, երբ ահազանգեր էին հնչում աշխարհում սակավաջրության վերաբերյալ, Թուրքիան նախագծեր էր մշակում տարածաշրջանում «ջրային գերտերություն» դառնալու ուղղությամբ և ջուրը կիրառելու էր որպես զենք իր ազդեցությունը տարածաշրջանի արաբական երկրներում տարածելու նպատակով:

Անկարան, պետությունների ինքնիշխանության սկզբունքն ընդունելով իր եսակենտրոն մեկնաբանությամբ, հայտարարում է, թե ինչպես յուրաքանչյուր երկրի նավթի պաշարներն են պատկանում տվյալ երկրին, նույնպես Թուրքիայից սկիզբ առնող ջրերը պատկանում են Թուրքիային։ Ուստի նա, հաշվի չառնելով Տիգրիսի և Եփրատի միջազգային լինելու հանգամանքը, ներքին հոսանքների վրա գտնվողների իրավունքները, նրանց հասանելիք ջրի փայաբաժինը, ջրամբարներ է կառուցում։

Ըստ թուրքական աղբյուրների՝ նշյալ գետերի վրա բազմաթիվ ամբարտակներ կառուցելու գաղափարը ծնվել է դեռևս Աթաթուրքի օրոք՝ 1936թ․, իսկ անցյալ դարի 80-ականներին կատարելագործվելով՝ այն հայտարարվել է որպես կառուցապատման նախագիծ՝ ստանալով GAP անունը։ Նրանք շեշտում են, թե Աթաթուրքը նպատակամղված էր իրականացնել ջրամատակարարման մի նախագիծ, որով կնպաստեր Արևելյան Անատոլիայի ինտեգրացմանը Թուրքիայի այլ շրջանների հետ և հող կպատրաստեր տնտեսական զարգացման համար։

Անցյալ դարի 60-ականներին, ավելի հստակ՝ 1965թ․, երբ Սուլեյման Դեմիրելը (1924-2015թթ․) առաջին անգամ վարչապետ ընտրվեց, սկսեց ավելի լուրջ վերաբերվել Աթաթուրքի հիշյալ գաղափարին։ Արդյունքում 1974թ․ շահագործման հանձնվեցին Քեբան ջրամբարն ու համանուն ՀԷԿ-ը. իրականացավ նախագծի առաջին քայլը, 1987թ․ գործարկվեց երկրորդը՝ Քարաքայայի (Karakaya) ՀԷԿ-ը, որը համեմատաբար ավելի խոշոր ծրագիր էր։ Սակայն նախագծի իրականացումը բավական դանդաղ էր տեղի ունենում, փաստորեն մինչև 2008թ․ գործարկվել են միայն 1980թ․ նախագծված ծրագրերը։

GAP-ի շրջանակներում 1990-1992թթ․ շահագործման է հանձնվել Ադիյաման վիլայեթում Եփրատի վրա կառուցված Աթաթուրքի անվան ջրամբարտակն ու 8 տուրբինով ՀԷԿ-ը, որը շուրջ 50 միլիարդ խմ տարողությամբ խոշորագույնն է Թուրքիայում և Եվրոպայում, իսկ աշխարհում 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում։ Այն սկսեց աշխատել, երբ Իրաքը հարձակվել էր Քուվեյթի վրա և աշխարհին իր դեմ հանել, այլ կերպ ասած՝ նա ժամանակ չուներ զբաղվել իր երկրին հասցված պատուհասով։

Ըստ պաշտոնական տվյալների՝ ներկա դրությամբ GAP-ի շրջանակներում իրականացվել է ոռոգման նախագծերի ավելի քան 21 տոկոսը, իսկ ՀԷԿ-երի՝ 74-ը, ինչի արդյունքում առայժմ պաշտոնական տվյալներով 400 հազար աշխատատեղ է ստեղծել, իսկ ոռոգման համակարգի վերջնական ավարտին աշխատատեղերի թիվը հասնելու է 1 միլիոն 750 հազարի։ Մյուս կողմից նշյալ ջրամբարտակի գործարկմամբ կրճատվել է դեպի Իրաք հոսող ջրի քանակը և ոչ միայն բնապահպանական աղետի պատճառ դարձել (չորացել է Հուր ալ Ազիմ ճահճադաշտի զգալի հատվածը), այլև այդտեղ ձկնորսությամբ ու այլ աշխատանքներով զբաղվողները դարձել են գործազուրկ։

Ավելին, 2013թ․ Թուրքիան, ընդլայնելով GAP-ի շրջանակները, 2014-2018թթ․ համար նոր նախագծեր է մշակել, որի համաձայն՝ երկարաժամկետում Եփրատի ու Տիգրիսի և դրանց վտակների վրա կառուցվելու են 128 ջրամբար, ինչպեսև բազմաթիվ ՀԷԿ-եր։ Միաժամանակ երկրի խմելու ջրի ապահովման և ջրամբարտակներում ձկնաբուծությամբ զբաղվելու ու ջրային այլ տեսակի կենդանիներ արտադրելու նախագծեր են մշակվել, որոնք կյանքի են կոչվել կամ ընթացքի մեջ են։ Հիշյալ նախագիծն ավարտվելու է 362 կմ գլխավոր ջրատարի կառուցմամբ, զարկ է տրվելու գյուղատնտեսությանն ու այդ ոլորտի արդյունաբերությանը։

Այս առնչությամբ հատկանշական են Թեհրանի Թարբիաթ Մոդարես համալսարանի գիտխորհրդի անդամ Հոջաթ Միյանաբադիի տեսակետները։ Նա, Irna գործակալությանը տված հարցազրույցում խոսելով Թուրքիայի ջրային 10 գերնախագծերի, այդ թվում՝ GAP, DAP (Արևելյան Անատոլիայի նախագիծ), AGGP (Կենտրոնական Անատոլիայի նախագիծ), TRAGP (Թուրքիայի զարգացման նախագիծ), BAKGP (Արևմտյան Սև ծովի զարգացման նախագիծ), DOGAP (Արևելյան Սև ծովի զարգացման նախագիծ) և այլն, նշել է, որ տնտեսական, քաղաքական ու անվտանգային շահերից զատ նեոօսմանականության ոգով տոգորված և Օսմանյան կայսրության վերականգնման պատրանքներով տարված Էրդողանը նպատակամղված դրանք ծառայեցրել է նաև այդ գաղափարի իրականացմանը։ Այլ խոսքով՝ միջազգային ջրերը դարձել են քաղաքական նպատակների իրականացման միջոց։

Էրդողանը ջրի հարցն օգտագործում է թե՛ տեղական, թե՛ միջազգային մակարդակներով։ Նա երկրի ներսում ջրի մշակման նախագծերի իրականացումն օգտագործում է որպես ազգայնացման, իր գլխավորած կառավարության քայլերի ու գործունեության օրինականացման գործիք։ Բացի այդ, հարկ է նշել, որ GAP-ի հիմնաքարը համարվող Աթաթուրքի անվան և մնացած ամբարտակների կառուցման համար զոհաբերվել ու զոհաբերվում են քրդական բազում խոշոր բնակավայրեր ու գյուղեր: Իսկ բնակչությունը տեղահանվում է, ինչը գնահատվում է քրդական հարցի «լուծմանը» նպաստող հանգամանք և արժանացել է խիստ քննադատությունների։

Քուրդ վերլուծաբանները, այդ թվում՝ Մասիհ Ավդալը, շեշտում է, որ թեև Անկարան հայտարարում է, թե այդ նախագծով նպատակամղված է այդ շրջաններում զարկ տալ գյուղատնտեսությանը, աշխատատեղեր ստեղծել, բարելավել կյանքի որակը, սակայն իրականում տասնյակ քրդաբնակ գյուղեր, քրդերի, հայերի ու ասորիների պատմական բազում հուշարձաններ անցնում են ջրի տակ: Նա ընդգծել է, որ դրանից զատ նախագիծը հարյուր հազարավոր թուրքերի համար ստեղծելու է աշխատատեղ և այսպիսով փոխելու է տարածաշրջանի ժողովրդագրական պատկերը՝ քրդերի մոտ թուլացնելով ազգային ոգին: Ավդալը նաև անդրադարձել է նախագծի վտանգավորությանը Տիգրիսի ու Եփրատի ներքին հոսանքներում գտնվող երկրների՝ Իրաքի ու Սիրիայի համար, որոնց խոստացել և շարունակաբար խոստանում է, թե հարևան երկրների ջուրը չի փակելու, սակայն այդ խոստումները չի իրականացրել ու չի իրականացնելու:

***

Թուրքիան միջազգային գետերի հարցում միջազգային կոնվենցիաները, համաձայնագրերը, ինչպեսև երկկողմ, բազմակողմ պայմանավորվածություններն ու համաձայնությունները, խնդրո առարկա գետերի ներքին հոսանքներում գտնվող երկրների շահերն անտեսում է, յուրացնում նրանց հասանելիք ջրի չափաբաժինը՝ հանգեցնելով սակավաջրության գերծանր վիճակի, ինչով էլ ցանկանում է կամք թելադրել։

2014թ. մայիսի 27-29-ին Ստամբուլում տեղի ունեցած Ջրի միջազգային 3-րդ ֆորումում Էրդողանը, պաշտոնապես դիմելով տարածաշրջանի նավթով հարուստ երկրներին, հայտարարեց. «Դուք նավթ ունեք, մենք՝ ջուր», ինչը վերլուծաբաններն իրավացիորեն գնահատեցին ոչ թե բարեկամական ուղերձ՝ ուղղված գետերի ներքին հոսանքում գտնվողներին, այլ սպառնալիք։ Իսկ դա նշանակում էր, որ նա Եփրատի ու Տիգրիսի ջրերն իր սեփականությունն է համարում և ինչպես կուզի, կվարվի։ Ահա թե ինչու Թուրքիան չի ստորագրել ՄԱԿ-ի 1997թ. կոնվենցիան, որը վերաբերում է միջազգային գետերին, ընդհանուր ջրերին ու դրանց շուրջ տարաձայնություններին, այն չեն ստորագրել նաև Իսրայելն ու Չինաստանը։ Այդ փաստաթուղթը բոլոր երկրներին պարտավորեցնում է միջազգային ջրերն օգտագործել արդարացիորեն և առանց միմյանց վնասելու։ Թուրքիան կարծում է, թե կոնվենցիան հօգուտ Եփրատի ու Տիգրիսի ներքին հոսանքներում գտնվող երկրների է մշակվել և այդ պատճառաբանությամբ է հրաժարվել ստորագրել այն։

2021թ․ մայիսի 7-ին independentpersian.com կայքը գրել է, թե Թուրքիան, չստորագրելով ՄԱԿ-ի հիշյալ Կոնվենցիան, ապացուցեց, որ չի ցանկանում և պարտավոր էլ չէ կատարել դրանով նախատեսված՝ ջրի արդարացի բաշխման և ներքին հոսանքի վրա գտնվող երկրներին չվնասելու պարտականությունները։ Անկարան անտեսում է նաև ջրամբարտակների Համաշխարհային հանձնաժողովի (WCD) մշակած սկզբունքներն ու օրենքները։

2000թ․ WCD-ը գիտական հանձնարարականի շրջանակներում վերանայել է ջրամբարտակ կառուցելու սկզբունքներն ու օրենքները։ Ուսումնասիրության արդյունքում հրապարակվել է 7 գլխավոր՝ ճգնաժամածին սխալներ, որոնք ջրատար կառուցելիս պետք է նկատի ունենալ։ Ըստ հիշյալ ուսումնասիրության՝ գետերի բնական հոսքը պաշտպանում է տվյալ տարածաշրջանի էկոհամակարգը և ապահովում շրջակա միջավայրի կայունությունը, ուստի ցանկացած արհեստական միջամտություն գետերի դերի հիմնարար փոփոխությունների պատճառ է դառնում, բացասաբար անդրադառնում մարդու և կենդանական աշխարհի վրա։ Հետևաբար նախքան ջրամբարտակ կառուցելը պետք է խորապես ուսումնասիրել, նժարի վրա դնել դրական ու բացասական հետևանքները, ապա ընտրել այն գետը, որի վրա կարելի է կառուցել ՀԷԿ կամ ջրամբար։ Հիշյալ 7 սխալներից գլխավորն այդ նպատակի համար սխալ ընտրությունն է, ապա գետի ներքին հոսանքի վրա գտնվողներին պատճառած վնասների չափը, կենսոլորտի բազմազանության անտեսումը, քաղաքականության ու տնտեսական սխալ հաշվարկները, տարածաշրջանի բնակչության համաձայնությունը ստանալու հարցում անկարողությունը, հետևանքների ու ազդեցությունների ճիշտ չկառավարումը և չմտածված կոնստրուկցիաները։ Մինչդեռ GAP-ի իրականացումը տեղի է ունենում հիշյալ գրեթե բոլոր սխալներով, և այն սկզբունքները, որոնցով այն առաջնորդվում է, Թուրքիայի քաղաքական ու տնտեսական շահերն են։

***

Չնայած Թուրքիան բազմիցս խոստացել ու խոստանում է, որ Եփրատի ու Տիգրիսի ջրերի դեմը չի փակելու, դրանք հոսելու են դեպի Սիրիա ու Իրաք, բայց երբեք չի կատարել խոստումը: Անկարան ոչ միայն անտեսում է միջազգային օրենքներն ու համաձայնությունները, այլև թուրք-սիրիական համաձայնությունը։

independentpersian.com կայքի մեկնաբան Մոհամեդ Խայիր Նադմանը նշել է, որ Թուրքիան, Եփրատի ավազանի ներքին հոսանքում գտնվող Սիրիայի հանդեպ որդեգրելով ջուրը որպես ճնշման լծակ կիրառելու քաղաքականություն, դրա հետ է կապել նաև որևէ աղերս չունեցող մի շարք հարցեր։

Երկու երկրների միջև լարվածությունը դեռևս անցյալ դարի 80-ականներին խիստ մեծացավ և մեղմացավ միայն 1987թ․ կողմերի միջև ստորագրված համաձայնությունից հետո։ Ըստ դրա՝ Թուրքիան պարտավորվեց մեկ վայրկյանում Եփրատից 500 խմ ջուր բաց թողնել, իսկ Սիրիան խոստացավ չհովանավորել PKK-ին։ Հետագայում ստորագրվել է նաև նույնաբովանդակ եռակողմ Թուրքիա-Սիրիա-Իրաք համաձայնություն։

Սիրիայի հյուսիսի ու արևելքի ջրամբարների կառավարման գրասենյակի տնօրեն Մոհամեդ Տարբուշը 2021թ․ «Ռուսաստանն այսօր» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ պատմության ընթացքում առաջին անգամ Եփրատի ջրի մակարդակն իջել է 5 մետրով։ Նա ընդգծել է, թե ըստ Սիրիա-Իրաք-Թուրքիա համաձայնության՝ Սիրիայի փայաբաժինը Եփրատի ջրերից վայրկյանում 500 խմ է, մինչդեռ այժմ 200 խմ է կազմում։

Խայիր Նադմանի կարծիքով՝ միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Թուրքիայի վրա, որպեսզի վերջինս ջուրը չկիրառի որպես քաղաքական զենք միլիոնավոր քաղաքացիական անձանց ծարավ պահելու և նրանց գյուղատնտեսական արտադրությունը ոչնչացնելու համար։ Նա հավելել է, որ անկասկած նման մեթոդների կիրառումը պետական ահաբեկչություն է քաղաքացիական բնակչության հանդեպ, որոնք որևէ դեր չունեն երկու պետությունների տարաձայնությունների հարցում։

Իրականում Թուրքիան այդպիսով ձգտում է Սիրիայի քրդաբնակ շրջաններում առաջացնել ջրի լուրջ ճգնաժամ և անկայունացնել, բնակչությանը հանել ինքնավարության դեմ՝ նպատակ ունենալով այն վերացնել Սիրիայի հյուսիսում։ Անկարան նման քաղաքականություն որդեգրել է դեռևս 2021թ․ հունվարից և հաճախակի փակում է Եփրատի ջրի հոսքը դեպի Սիրիա, ինչի հետևանքով գյուղացիները ոչ միայն հայտնվել են լրջագույն խնդրի առաջ ոռոգման ջրի հարցում, այլև այդտեղ գործող 3 ջրամբարների մակարդակի խիստ իջեցումը խափանում է ՀԷԿ-երի աշխատանքը, բնակչությանն օրական տրվում է միայն 10-12 ժամ էլեկտրականություն, ինչը ոչ միայն կենցաղում է դժվարություններ առաջացնում, այլև արտադրությունն է հայտնվում լուրջ խնդիրների առաջ։ Թեև Սիրիան բազմիցս դիմել է միջազգային ատյաններին, որպեսզի Անկարայի վրա ճնշում գործադրելով ստիպի, որ նա հավատարիմ մնա ջրի արդարացի բաժանման մասին ստորագրած համաձայնությանը և «ջուրը» չկիրառի որպես «մարտական զենք», սակայն սայլը տեղից չի շարժվել։

Ահավասիկ այս առնչությամբ դեռևս 2020թ․ ապրիլի 2-ին ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Ջաաֆար Բաշարն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է, թե Թուրքիան ու նրան կից ահաբեկչական խմբերը ջուրը կիրառում են որպես «մարտական զենք» Հասաքայի բնակչության նկատմամբ։

Միջազգային գիտա-վերլուծական հեղինակավոր կենտրոնները ևս անդրադարձել են հարցին։ 2022թ․ մարտի սկզբներին Ամերիկյան Ատլանտյան խորհուրդը (Atlantic Council of United States) միջազգային հարաբերություններում մասնագիտացված վերլուծական կենտրոնի հրապարակած բավական ծավալուն հետազոտությունում նախազգուշացրել է Սիրիայի հյուսիսի քրդաբնակ տարածքներում ջրի լրջագույն ճգնաժամի մասին։ Ըստ նշյալ ուսումնասիրության՝ Եփրատի վրա կառուցված ՀԷԿ-երում ջրի պակասի պատճառով 200 հազար հեկտար բերրի հող մնացել է անմշակ։ Հետազոտությունում շեշտվում է, որ 2021թ․ Հասաքայի մարզի (այն հայտնի է որպես Սիրիայի սննդամթերքի զամբյուղ) հողերի 90 տոկոսը չի մշակվել։ Ատլանտյան խորհրդի հետազոտությունը ևս ստեղծված իրավիճակի պատճառը թուրք-քրդական տարաձայնություններն ու Եփրատի ջրերի միտումնավոր փակումն է համարել։ Հետազոտությունում շեշտվելով, որ խմելու և ոռոգման ջրի խիստ սակավությունը միանգամայն լուրջ և մտահոգիչ է, նախազգուշացվել է, որ ստեղծված իրավիճակը ոչ միայն կարող է խոր ճգնաժամի հանգեցնել, այլև հողագործների զանգվածային արտագաղթի պատճառ դառնալ։ Այլ կերպ ասած՝ Թուրքիան, շատ լավ գիտակցելով ջրի «զենք»-ի հզորությունը, այն կիրառում է Սիրիայի քրդաբնակ տարածքների, մասնավորապես Հասաքա քաղաքի ու շրջակա բնակավայրերի շուրջ մեկ միլիոն քուրդ բնակչության դեմ:

Հատկանշական է նաև, որ 2019թ.-ից Թուրքիայի վերահսկողության տակ է գտնվում Հասաքայի խմելու ջրի գլխավոր պոմպակայանը, և շուրջ մեկ տարվա ընթացքում ավելի քան 12 անգամ բնակչությունը զրկվել է խմելու ջրից։ Վերլուծաբանները Թուրքիայի այդ քայլը ևս պատճառաբանում են Սիրիայում քրդական ինքնավարություն ստեղծելու հնարավորությունը վերացնելով։ Փաստորեն Անկարան ինչպես միշտ գործում է «նպատակն արդարացնում է միջոցը» սկզբունքով:

Human Rights Watch հասարակական կազմակերպության հետազոտող Սարա Քայալին 2021թ․ հունվարին «Դոյչե վելեին» տված հարցազրույցում ևս շեշտել էր, որ Թուրքիայի նման գործելակերպը հանգեցրել է մարդկային ողբերգության: 2020թ. մարտին հիշյալ կազմակերպությունը Թուրքիայից պահանջել էր չփակել Եփրատի ջրերի ելքը և այն չօգտագործել իբրև «զենք»։ Այն միաժամանակ նախազգուշացրել էր, որ ջրի պակասը մարդասիրական կազմակերպությունների հնարավորությունները նվազեցնում է՝ կորոնավիրուսով վարակվելու սպառնալիքի տակ հայտնվածներին հովանավորելու առումով։ Այսուհանդերձ նույն թվականի ամռանը Թուրքիան, փակելով Եփրատի հոսքը դեպի Սիրիա և նվազագույնի հասցնելով այն, խափանեց ՀԷԿ-երի աշխատանքը։ Փաստորեն այդ երկրի հյուսիսում տասնյակ քաղաքներ, էլեկտրաէներգիայից զրկվելով, զրկվեցին անգամ ճաշ պատրաստելու հնարավորությունից։

Միջազգայնագետ Խայամ ալ Զաբին Լոնդոնում հրատարակվող վերտարածաշրջանային «Ռայ էլ Յում» օրաթերթում շեշտում է, որ Թուրքիան, Եփրատի ջրերը կիրառելով որպես «մարտական զենք» և ճնշման լծակ, ձգտում է կյանքի կոչել իր քաղաքական ու տնտեսական նպատակները Սիրիայում։ Սակայն դա միայն Սիրիայի՝ իբրև հայրենիքի դեմ պատերազմ չէ, այլ պատերազմ ընդդեմ ժողովրդի, պատմության և մշակույթի թանկարժեք ժառանգության։ Նա, անդրադառնալով Թուրքիայի հիդրոքաղաքականության հիմնասյուներին, շեշտում է, թե Անկարան համոզված է, որ եթե վերահսկի ջրի պաշարները, ապա ի զորու կլինի լիովին իր վերահսկողությունը պարտադրել Միջին Արևելքին, իսկ դրան հասնելու համար Եփրատը համարվում է ազգային, ներերկրյա գետ, ոչ թե միջազգային, ինչպես գրված է միջազգային օրենքներում։ Ահա թե ինչու նա ջրի բաշխման վերաբերյալ որևէ օրենք, կոնվենցիա չի ստորագրում՝ ջուրը համարելով վաճառքի ապրանք։

***

Ընդհանրապես Եփրատի ու Տիգրիսի վրա GAP-ի շրջանակներում կառուցված և կառուցվող, մասնավորապես Աթաթուրքի ու Իլիսուի ջրամբարտակների առկայությունն Իրաքին ու Սիրիային հասցված բնապահպանական՝ շրջակա միջավայրի, կենսոլորտի ու գյուղատնտեսության վնասներից զատ նաև դրանցով պայմանավորված՝ մարդկանց առողջության համար սպառնալիք փոշեհատիկների մշուշներն են, որոնք առաջանում են Իրաքում ճահճադաշտերի չորացման ու անապատացման հետևանքով։ Բացի այդ, ինչպես նշում են իրանցի փորձագետները, Թուրքիայի այդօրինակ հիդրոքաղաքականության պատճառով կտրուկ նվազել են նաև Շաթ էլ Արաբի (Արվանդռուդ) ջրերը, որը կազմվում է հիշյալ գետերի ու Իրանի ամենաջրառատ՝ Քարուն գետի միավորումից և թափվում Պարսից Ծոց։ Իրանական կողմը նշում է, որ Արվանդռուդի ջրերի նվազումը հանգեցրել է նախ նրան, որ ծովից աղի ջուրը թափանցում է գետ, ապա բարձրանում է դրա աղի տոկոսն իրանյան ափերում և լրջորեն սպառնում արդյունաբերական բազմաթիվ ձկնատեսակների ու ծովախեցգետնի գոյատևմանը։ Այս հանգամանքի հետևանքով զգալի թվով մարդիկ դառնում են գործազուրկ։ Եվ ի վերջո ծովի ջրի աղի ավելացումը վերացնում է Պարսից Ծոցի կորալյան ափերն ու էկոհամակարգը։

Դեռևս 2016թ․, երբ Իլիսու ՀԷԿ-ի կառուցումն ընթացքի մեջ էր, Իրանում մասնավորապես բնապահպաններն ու շրջակա միջավայրով զբաղվողները Թուրքիային մեղադրում էին Աթաթուրքի անվան ջրամբարտակի կառուցմամբ այդ երկրի շրջակա միջավայրին լուրջ վնասներ հասցնելու համար։ Իրանցի փորձագետ Սոլեյմանին նշում էր, որ այդ պատճառով շնչելը դժվարացել է ոչ միայն հարավում գտնվող Ահվազ քաղաքում, այլ նաև Թեհրանում: Բնապահպանները մեղադրում էին նաև Իրանի կառավարությանը՝ հարցին պատշաճ ուշադրություն չդարձնելու համար։

Չնայած Իրանն այդ գետերի ավազանում չի գտնվում և անմիջապես չի առնչվում այդ տարաձայնություններին, սակայն Անկարայի որդեգրած ջրային քաղաքականության հետևանքով չորացել է Հուր ալ Ազիմ ճահճադաշտի զգալի հատվածը, որը գտնվում է Իրան-Իրաք սահմանին, ընդ որում 1/3-ը՝ Իրանում, ինչը հանգեցրել է բնապահպանական աղետի, ոչնչացվել է հարուստ կենդանական ու բուսական աշխարհի մի զգալի մասը: Ի հետևանք դրա՝ առաջացած փոշեհատիկների մշուշները պարբերաբար դժվարացնում են շնչելն այդ երկրի բազմաթիվ նահանգներում: Իրանից ու Իրաքից զատ դրանից տուժում են նաև Քուվեյթի և Սաուդյան Արաբիայի հսկայական տարածքները:

Բնապահպանական հարցերով իրանցի փորձագետները կառավարությունից պահանջում են ջրի հարցին կարևոր տեղ հատկացնել Թեհրան-Անկարա դիվանագիտական փոխհարաբերություններում և խնդրի լուծման նպատակով Թուրքիայի հետ բանակցել: Նրանցից ոմանք էլ Իրանում և Իրաքում ջրի ճգնաժամի համար մեղադրում են Թուրքիային՝ նշելով, որ այդ երկիրը, օգտվելով Իրան-Իրաք պատերազմի ընձեռած առիթից, խոշոր ՀԷԿ-եր ու ամբարտակներ կառուցելով ապօրինաբար զավթել է Իրաքի բաժինը: Այս կապակցությամբ Իրանի առևտրի պալատի տնօրեն Մոհսեն Ջալալփուրը ժամանակին շեշտել է, թե թուրքերն առայժմ չեն ցանկանում, որ այս հարցը երկկողմ բանակցությունների առարկա դառնա, սակայն եթե այսպես շարունակվի, Իրանը պետք է դիմի միջազգային իրավական ատյաններին:

GAP-ի իրականացումը գլխավորապես շատ լուրջ հարված է Իրաքին, ինչի հետևանքով զգալիորեն կրճատվում են այդ երկրի ջրի պաշարները, որն արդեն իսկ հայտնվել է ջրի ճգնաժամի առաջ։ Այլ կերպ ասած՝ Թուրքիան «ջրի զենքը» կիրառում է որպես լծակ ընդդեմ Իրաքի՝ երբեմն կամք թելադրելով։ Մյուս կողմից Անկարան ջանք չի խնայում Իրաքում ստեղծված իրավիճակի համար մեղադրել Իրանին։ Այս երկրից լավագույն դեպքում ապահովվում է Իրաքի ջրի պաշարների ընդամենը 4-5 տոկոսը։ Ահավասիկ, 2021թ․ հուլիսի 10-ին dw.com/fa-ir-HYPERLINK “http://www.dw.com/fa-ir-ը”կայքHYPERLINK “http://www.dw.com/fa-ir-ը”ը, վկայակոչելով Թուրքիայի պաշտոնական Անադոլու գործակալությանը, նշել է, թե Իրաքի ջրի պաշարների նախկին նախարար Ռաշիդ ալ Համդանին հայտնել է, որ Իրանից դեպի Իրաք հոսող գետերի ջուրը զգալիորեն կրճատվել է, ինչի պատճառով Դիալե նահանգի բնակչության համար լուրջ խնդիրներ են առաջացել։ Ըստ նույն աղբյուրի՝ նա սպառնացել է, որ եթե հարցը չկարգավորվի, Իրաքն ընդդեմ Իրանի բողոք է ներկայացնելու ՄԱԿ-ին։ Սա այն դեպքում, երբ Իրաքը քաղցրահամ ջրի պաշարների առումով լիովին կախված է Եփրատի և Տիգրիսի ջրերից, որոնք ապահովում են այդ երկրի պաշարների 80-90 տոկոսը։ Սակայն Եփրատի ջրհավաք ավազանի 90 տոկոսը Թուրքիայում է, 10 տոկոսը՝ Սիրիայում, իսկ Տիգրիսի պարագայում 40-ը՝ Թուրքիայում, 50-ը՝ Իրաքում և 10-ը՝ Իրանում։ Վերջինից սկիզբ առնող ու դեպի Իրաք հոսող Դիալե գետը համարվում է Տիգրիսի կարևոր վտակներից։ Իրանը ևս, իր հերթին ունենալով ջրի գերխնդիր, չարաշահել է Տիգրիսի հիշյալ վտակի վերին հոսանքում գտնվելու առավելությունը, բայց դա համեմատելի չէ այն վնասների հետ, որոնք պատճառում են Աթաթուրքի անվան ու Իլիսուի ջրամբարտակները։ Վերջինս իր տարողությամբ եռակի գերազանցում է Իրանի խոշորագույն Քյարխե ջրամբարտակին։ Ավելին, դեռևս 2018թ.-ից Իրանի հարավային շրջանների բնակչությունը սակավաջրության համար մեղադրել է իշխանություններին՝ նշելով, որ ջրի պակաս չի լինի, եթե ջուրը խողովակաշարերով չտեղափոխվի Իրաք։

Անտեսելով Իրաքի բողոքները՝ 2021թ․ նոյեմբերի 5-ին Մարդինի վիլայեթում գործարկվել է GAP-ի շրջանակներում Տիգրիսի վրա կառուցված 43 միլիարդ խմ տարողությամբ Իլիսուն, որը մեծությամբ Թուրքիայի երկրորդ խոշոր ջրամբարտակն է։ Ըստ իրանցի հիդրոլոգների՝ այն Իրանի և տարածաշրջանի երկրների համար լուրջ սպառնալիք է՝ սակավաջրության, կենսաբազմազանության ոչնչացման, փոշու մշուշների ճգնաժամի, ինչպեսև գյուղատնտեսության ոչնչացման ու դրանից բխող տնտեսական խնդիրների և այլնի տեսանկյունից։ Իլիսուի նախագիծը վերջնական տեսքի է բերվել 1997թ․, կառուցումը սկսվել է 2006թ.-ից՝ գետի հունը փոխելու գործողություններով, իսկ ամբարտակի կառուցապատման աշխատանքները սկսվել են 2012թ․ և ավարտվել 2018թ․։ Իրաքի բազմաթիվ բողոքների արդյունքում ջրալցումը Թուրքիան հարկադրված սկսել է մեկ տարի ուշացումով, ինչը ներկայացվել է որպես այդ երկրի կողմից դրսևորված մեծահոգություն ու մարդասիրական մղումերի արգասիք։ Այնինչ Իլիսուի կառուցմամբ Իրաք հոսող ջուրը կրճատվել է 50-56 տոկոսով, ինչի հետևանքով լիովին մահանալու է Հուր ալ Ազիմ ճահճադաշտը, իսկ սա բնապահպանական մեծ աղետ է նաև Իրանի համար։ Հիշյալ ճահճադաշտում ավելի քան 12 տեսակի ձուկ է ապրում, և աճում են հազվագյուտ բազմաթիվ բուսատեսակներ, որոնք կարող են վերանալ։ Բացի այդ կոչնչանան ավելի քան 6,5 միլիոն հեկտար գյուղատնտեսական հողատարածքներ։

Իրաքի չորացումը կհանգեցնի հողի ու փոշու օջախների և փոշեմշուշների ինտենսիվացմանը, որոնք, ներթափանցելով Իրան, անդառնալի վնասներ են պատճառելու, ինչպես դա տեղի է ունեցել Աթաթուրքի անվան ջրամբարտակի գործարկումից հետո, երբ չորացել է Հուր ալ Ազիմ ճահճադաշտի իրաքյան հատվածը։ Ամենայն հավանականությամբ Իլիսուի գործարկմամբ լիովին մահանալու է այդ ճահճադաշտը, ինչը բնապահպանական մեծ աղետ կլինի Իրանի համար։ Հավելենք, որ Իրանում փոշեմշուշներն ունեն նաև ներերկրյա պատճառներ, սակայն իրանցի մասնագետները շեշտում են, թե բուն պատճառն Իրաքի ճահճադաշտերի չորացումն է։

GAP-ի և մասնավորապես Իլիսուի կառուցման ու դրա հետևանքների մասին ահազանգեր են հնչեցրել տարբեր երկրների մասնագետներ, այն լայն արձագանք է ունեցել նաև միջազգային ԶԼՄ-ների մակարդակով։ Developmentnow լրատվական կայքը դեռևս 2012թ․ գրել էր, որ եվրոպական շատ երկրներ խիստ դեմ են Իլիսու ջրամբարի կառուցմանը, քանի որ այն ծանր հետևանքներ ունի Իրաքի գյուղերի ու քաղաքների, շրջակա միջավայրի, գյուղատնտեսության, մարդու կյանքի համար։ Նույն աղբյուրը, մեջբերելով Իրաքի տվյալ ժամանակաշրջանի շրջակա միջավայրի կազմակերպության տնօրեն դոկտոր Ազամ ալ Վաշի խոսքերը, շեշտել էր, թե Իլիսուի կառուցումն ու գործարկումն ի վերջո կհանգեցնեն Իրաքի գյուղատնտեսական հողերի իսպառ չորացմանը, մեծ թվով գյուղացիներ ու անասնապահներ սովից կմեռնեն, Իրաքում կվերանա Միջագետքի՝ հազարամյակների պատմություն ունեցող քաղաքակրթությունը։

Երբ Աթաթուրքի անվան ջրամբարտակը գործարկվեց, Իրաքում ստեղծված սակավաջրությունը միջցեղային բախումների պատճառ դարձավ, անապատացումը մեծ ծավալներ ստացավ, կորսվեց 670 հազար հեկտար վարելահող, միաժամանակ փոշեհատիկների քամիների պատճառ դարձավ, որոնք փչում են դեպի Իրան: Այդ փոշեհատիկների ծավալը տարեցտարի մեծանում է։

Իրանի շրջակա միջավայրի կազմակերպության քաղաքացիական մասնակցության գրասենյակի տնօրեն Մոհամեդ Դարվիշը, անդրադառնալով GAP-ի շրջանակներում Տիգրիսի և Եփրատի վրա կառուցվող ջրամբարների ու ՀԷԿ-երի հարցին, շեշտել է, որ դրանք կլանում են հիշյալ գետերի ջրերն ամբողջությամբ, ինչը Սիրիայի ու Իրաքի կենտրոնական ճահճադաշտերի, ինչպեսև Հուր ալ Ազիմի չորացման պատճառ է դառնալու, որը կվերածվի փոշեմշուշների ճգնաժամի կենտրոնի՝ հարվածի տակ դնելով Իրանի արևմտյան և կենտրոնական հատվածների 25 նահանգները: Նա նաև հավելել է, որ այդ երևույթը խնդրո առարկա գետերից Իրաքի ու Սիրիայի փայաբաժնի չեղարկման ընծան է։

Մոհամեդ Դարվիշը, որպես նախկին պաշտոնյա, բնապահպանական ոլորտի ակտիվիստ, Թուրքիայի ավերիչ երկրաշարժի մասին իր թվիթերյան էջում գրել է, որ երկրաշարժը տեղի է ունեցել հենց այն շրջաններում, որտեղ իրականացվում է խիստ հավակնոտ GAP-ի ծրագիրը, ինչի պատճառով 120 միլիարդ խմ տարողությամբ ջրամբարները վերածվել են սեզոնային ջրանցքների։ Գուցե մի օր երկրաբաններն ուսումնասիրեն սարսափելի երկրաշարժի և ծայրահեղականացված ջրամբարաշինության միջև կապը։ Նա նաև մեջբերում է կատարել Պատրիկ Մկքալիի «Մեծ ջրամբարներ ու մարած գետեր» գրքից՝ նշելով, որ 22 տարի առաջ նա շեշտել է․ «Աշխարհի ջրամբարների տարողությունը 5 անգամ գերազանցում է բոլոր գետերի տարողությանը, այն է՝ 10 հազար խորանարդ կիլոմետր։ Դրանց քաշն այնքան մեծ է, որ կարող է երկրաշարժ առաջացնել, և անգամ Երկրի հողային շերտի քաշի փոփոխությունն ազդեցություն կունենա Երկրի պտույտի արագության, առանցքի շեղման ու գրավիտացիոն դաշտի վրա»։

2021թ․ հունիսի 24-ին BBC-ի մոնիտորինգի բաժինը հրապարակել է «Երաշտը՝ Թուրքիայից ու Իրանից դեպի Իրաք հոսող ջրի քանակի նվազումը, այդ երկրում դառնո՞ւմ է քաղաքական նոր զարգացումների պատճառ» վերնագրով թղթակցությունը, որտեղ նշվում է, որ կլիմայական փոփոխությունները, Թուրքիայում խոշոր ջրամբարտակների կառուցումն ու քաղցրահամ ջրերի ներքին պաշարների ոչ ճիշտ կառավարումն Իրաքում վերջին տարիներին երաշտի պատճառ են դարձել։

Իրաքցի վերլուծաբան Հասան Աբու Հոսեյնի կարծիքով՝ ժողովրդի դժգոհություններն ավելի է թեժացնում Իրաք ներհոսող ջրի կրճատումը, որն անուղղակիորեն պայմանավորված է նաև կլիմայական փոփոխություններով։ Իրաքի ջրի պաշարների նախարար Մեհդի Ռաշիդը, նույն թվականի մայիսի 9-ին նշելով, որ այդ երկրի ջրային պաշարների 80 տոկոսն ապահովում են Եփրատն ու Տիգրիսը, հայտարարել է, թե տվյալ պահի դրությամբ 50 տոկոսով կրճատվել են ջրային պաշարները: Նա նշել է նաև, որ հանդիպել է Սիրիայի իր պաշտոնակից Թամամ Ռադի հետ, ինչի ընթացքում համաձայնել են այս ոլորտում երկկողմ քայլեր իրականացնել։ Ռաշիդը միաժամանակ Թուրքիայից պահանջել է մեծացնել Եփրատի ու Տիգրիսի ջրերից այդ երկրի բաժինը։

2018թ․, երբ սկսվել էր Իլիսու ամբարտակի ջրալցման գործընթացը, Իրաքում աննախադեպ երաշտ էր սկսվել՝ իր բոլոր բացասական հետևանքներով, այդ թվում՝ խմելու ջրի աղտոտվածություն և աղի քանակի ավելացում, ինչի պատճառով թունավորվել էր ավելի քան 130 հազար մարդ, 50 տոկոսով կրճատվել գյուղատնտեսական արտադրությունը, տեղի էր ունեցել ձկների համընդհանուր անկում, ջրի նվազման հետևանքով ԱԷԿ-ների աշխատանքի ընդհատում էր եղել, հետևաբար եղան նաև էլեկտրաէներգիայի պարբերաբար անջատումներ։

Բնապահպանության հարցերով մասնագետ Սաադ Նաջի ալ Ազհավին «Ալ Մադի» օրաթերթին տված հարցազրույցում շեշտել է, որ եթե 70-ականներին Եփրատից ու Տիգրիսից Իրաքի չափաբաժինը տարեկան 80 միլիարդ խմ էր, ապա այժմ 30 միլիարդից էլ պակաս է։ Նա ընդգծել է, որ առաջիկա տասնամյակում չափաբաժինը դառնալու է 15 միլիարդ խմ, իսկ այսպես շարունակվելու դեպքում մինչև 2040թ․ այդ գետերը լիովին կչորանան։

Իրաքի խորհրդարանի նախկին պատգամավոր Ազադ Համիդ Շաֆին Թուրքիայից պահանջել է վերջ դնել Իրաքի դեմ թշնամական քաղաքականությանը, շեշտել, թե Թուրքիան ջուրը կիրառում է որպես ճնշման լծակ Իրաքի դեմ։ Նա հավելել է, որ Անկարան Իրաքի ջրի փայաբաժնի պատրվակով բացահայտորեն միջամտում է երկրի ներքին գործերին։ Իրաքի քրդական ինքնավարության պատգամավոր Ահմեդ Դեմանը շեշտել է, թե Իլիսուի գործարկմամբ երկիրը հայտնվել է բնապահպանական աղետի առաջ։

***

Հատկանշական է, որ թեև Իրանն Աթաթուրքի ամբարտակի գործարկման և դրա բնապահպանական բացասական հետևանքներին, ինչպես նշվեց, արձագանքեց գլխավորապես փորձագիտական և երբեմն նաև կառավարական մակարդակով, սակայն Իլիսուի դեպքում հակազդեցությունը բազմակողմանի և բազմաբովանդակ է, և հարցը լայն արձագանք է ունեցել ոչ միայն ԶԼՄ-ներում, բնապահպանական ակտիվիստների, ՀԿ-ների ու փորձագիտական շրջանակներում, այլև գործադիր ու օրենսդիր իշխանությունների մակարդակով, երբ այն դեռ կառուցման ընթացքում էր։

2016թ․ ամռանն իրանցի բնապահպաններն ընդդեմ Թուրքիայի լայնածավալ ջրամբարաշինության, Եփրատի ու Տիգրիսի ջրերը դեպի դրանց ներքին հոսքի երկրներ փակելու մասին իրանցի 1550 ֆիզիկական անձանց, այդ թվում՝ պաշտոնյաների, հայտնի բնապահպան ակտիվիստների, լրագրողների և այլոց, ինչպեսև 160 ՀԿ-ների ստորագրությամբ բողոքի նամակ էին հղել ՄԱԿ-ին ու ՅՈՒՆԵՍԿՕ-ին։ Դրանում շեշտվել էր, որ Թուրքիայի՝ GAP-ի շրջանակներում Եփրատի, Տիգրիսի ու դրանց վտակների վրա համատարած ջրամբարտակներ կառուցելը տարածաշրջանում երաշտի, փոշեհատիկների մշուշների, քաղաքական ու հասարակական ճգնաժամերի պատճառ է դարձել։

Բողոքի նամակում նշվել է նաև, որ Թուրքիայի այդ նախագիծը խախտել է ՄԱԿ-ի կոնվենցիան՝ անապատացման դեմ պայքարի մասին (UNDRIP) և ՄԱԿ-ի բնիկ ժողովուրդների իրավունքների հռչակագիրը (UNCCD)։ Վերջինիս վերաբերյալ նշվել է․ «Թուրքիայում Եփրատի ու Տիգրիսի ավազաններում կառուցված ջրամբարտակների չափազանց ավերիչ հետևանքներից վնասվել ու վնասվում են նաև հնագույն բնիկ համայնքները՝ իրանական, սիրիական և Միջագետքի քաղաքակրթությունների բնօրրանները, այդ թվում`շուրջ 48 միլիարդ խմ տարողությամբ Աթաթուրքի անվան ջրամբարտակը, որը շահագործման է հանձնվել 1992թ․, և Տիգրիսի վրա 43,8 միլիարդ խմ տարողությամբ Իլիսուն, որի կառուցումը սկսվել է 2012թ․։ Ներքոստորագրյալներս ՄԱԿ-ից և ՅՈՒՆԵՍԿՕ-ից պահանջում ենք քննության առնել Եփրատի և Տիգրիսի ավազաններում ապրող բնիկ ժողովուրդներին հասու ջրի իրավունքների մտավախությունները։ Պահանջում ենք վերականգնել Միջագետքը և փոքր-ինչ ջուր բաց թողնել, մասնավորապես Աթաթուրքի անվան և Իլիսուի ջրամբարներից ու թույլ չտալ նորերի կառուցումը»։

Իրանի ԱԳ նախկին փոխնախարար, «Վերսահմանային ջրերի դիվանագիտություն և միջազգային համակարգ» գրքի հեղինակ, Իրան-Աֆղանստան ջրի հարցերով կոմիտեի նախագահ Աբբաս Արաղչին 2017թ․, երբ դեռ իրավաբանական ու միջազգային հարցերով ԱԳ փոխնախարար էր, խոսելով սակավաջրության ու ջրի ճգնաժամի մասին, նախազգուշացրել և անգամ չէր բացառել, որ մոտ ապագայում Իրանի որոշ հատվածներ կա՛մ ամբողջովին, կա՛մ զգալիորեն կկորցնեն ապրելու համար իրենց պիտանելիությունը։ Նա նշել է նաև, որ ԱԳ նախարարությունում ստեղծվել է ջրի ճգնաժամի խորացմամբ զբաղվող ջրի դիվանագիտության բաժին՝ նախարարության հատուկ հարցերի օգնականի ղեկավարությամբ։ Արաղչին, միաժամանակ խիստ քննադատելով Անկարային GAP-ի հետ կապված, ընդգծել էր, որ Անկարան չպետք է ջուրը վերածի առևտրի առարկայի։

Արաղչին, անդրադառնալով Իրան-Թուրքիա ջրի բաշխման հարցի շուրջ տարաձայնություններին, շեշտել էր, թե այնպես չէ, որ ինչ-որ մի երկիր հայտարարի, թե իր երկրի սահմանների ներսում ինչ ուզի, այն էլ կանի, և թե դա ինչ հետևանքներ է ունենում հարևան երկրների համար, իրեն բնավ չի վերաբերում։ Նա հավելել է, որ Թուրքիայի ջրամբարաշինությունը Թեհրան-Անկարա բանակցությունների կարևոր թեմաներից է, սակայն Իրանը խորհրդակցել է նաև ՄԱԿ-ի ու հարևան երկրների հետ։

Նույն թվականին Իլիսուի ՀԷԿ-ի ու ջրամբարտակի գործարկման հետևանքների մասին խոսելիս Իրանի շրջակա միջավայրի կենսոլորտի ազդեցության գնահատման գրասենյակի գլխավոր տնօրեն Համիդ Ջալալվանդը նշել էր, թե ընդհանրապես GAP-ի և մասնավորապես Իլիսուի ՀԷԿ-ի առաջացրած խնդիրները կարելի է վիճարկել Հաագայի միջազգային դատարանում՝ ընդգծելով, որ Իրանը բաց է թողել պատեհ առիթն այս առնչությամբ, և Թեհրանը պետք է հենց GAP-ի առաջին քայլից այն արգելակելու քայլեր կատարեր միջազգային մակարդակով։

Իրանի բնապահպանության կազմակերպության հողի ու ջրի պաշտպանության վարչության գլխավոր տնօրեն Ալի Մորիդին ասաց, որ Թուրքիայի ջրամբարաշինությունը Եփրատի ու Տիգրիսի և դրանց ներքին հոսանքների վրա չափազանց մեծացնելու է ջրի ճգնաժամը։ Նա նաև նախազգուշացրել էր, թե կասկածից վեր է, որ նման ջրամբարաշինության հետևանքով կրճատվելու է ճահճադաշտերը սնող ջուրը, և դրանք վերածվելու են փոշեհատիկների մշուշների ու փոթորիկների աղբյուրի, ինչը խարխլելու է տարածաշրջանի էկոհամակարգը։

Հարցը բազմիցս տարբեր ձևաչափերով քննարկման առարկա է դարձել նաև Իրանի խորհրդարանում։ 2021թ․ նոյեմբերի 23-ին Իրանի խորհրդարանում քննարկվել է Իլիսուի ՀԷԿ-ի՝ այդ երկրին հասցրած բնապահպանական լուրջ հետևանքների հարցը, որին մասնակցել են գյուղատնտեսության, շրջակա միջավայրի, էներգետիկայի և ԱԳ նախարարությունների ու երկրաբանական կազմակերպության ներկայացուցիչները, որոնք, քննադատելով համապատասխան նախարարություններին, մեղադրել են թերանալու, հարցին պատշաճորեն հետամուտ չլինելու համար։

Շրջակա միջավայրի խմբակցության անդամները, խոսելով Արվանդռուդի ու Արաքսի առանցքներով Թուրքիայի ամբարտակաշինության սպառնալիքների ու վտանգների մասին, բնապահպանության կազմակերպությունից ու էներգետիկայի նախարարությունից պահանջել էին փորձագիտական առավել խորն ուսումնասիրություններ իրականացնել, իսկ ԱԳ նախարարությունից՝ GAP-ի հարցում հետևողական լինել, այն պահել օրակարգում։ Բացի այդ ոլորտով հետաքրքրվող պատգամավորները ևս տարբեր առիթներով հիշյալ նախարարություններին մեղադրել են թերանալու ու հետևողական չլինելու համար։

Այսուհանդերձ, հաշվի առնելով, որ Թուրքիայի հիդրոքաղաքականության ոլորտում որևէ փոփոխություն չի նկատվել, կարելի է ենթադրել, որ կա՛մ այդ քայլերը բավական չեն եղել, կա՛մ Թուրքիան դա համարում է իր հաղթաքարտն ու խաղարկում է այն, ինչպես ցանկանում է։

Թուրքիայի նման հիդրոքաղաքականության դեմ Իրանի պայքարը լուրջ հաջողություն չի արձանագրել, եթե չհաշվենք միջազգային մակարդակով փոշու հատիկների դեմ կոալիցիան, որի գործունեության արդյունքն առայժմ տեսանելի չէ։

1919թ․ սեպտեմբերի 9-ին Դելիում ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) շրջանակներում, Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի 151 անդամ երկրի 14-րդ համաժողովի ընթացքում Իրանի ջանքերով ստեղծվել է ընդդեմ փոշու հատիկների պայքարի կոալիցիա: Համաժողովը տեղի է ունեցել տարբեր երկրների և UNEP-ի բարձրաստիճան պաշտոնյաների ու մասնագիտացված կազմակերպությունների մասնակցությամբ: Կոնվենցիայի գործադիր քարտուղարը շեշտել է, որ այս երևույթը շրջակա միջավայրի լրջագույն մարտահրավերներից է, որը ծառացել է բոլոր մայրցամաքների տարբեր երկրներում: Փոշու հատիկների դեմ պայքարի կոալիցիան ձևավորվել է ՄԱԿ-ի վեհաժողովի UNEP-ի ու ՄԱԿ-ի տնտեսական ու հասարակական հանձնաժողովի (ESCAP) բանաձևերի հիման վրա:

Շարունակությունը՝ շուտով:

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, իրանագետ

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031