Լրահոս
Օրվա լրահոսը

Փոփոխությունների նպատակն է սոցիալական աջակցությունների մատուցման դաշտը բացել նաեւ այլ կազմակերպությունների համար

Մայիս 19,2023 14:26

Փոփոխությունների նպատակն է սոցիալական աջակցությունների մատուցման դաշտը բացել նաեւ այլ կազմակերպությունների համար եւ հնարավորություն տալ անձանց սոցիալական աջակցության ոլորտում ծառայություն ստանալով՝ հաղթահարել աղքատությունը: Այս մասին ասել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը նախաձեռնել է փոփոխություններ եւ լրացումներ «Սոցիալական աջակցության մասին» եւ հարակից շուրջ 18 օրենքներում, որոնց վերաբերյալ մայիսի 18-ին աշխատանքային քննարկում էր կազմակերպվել ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում:

Փոփոխությունները հիմնված են միջազգային փորձի, ոլորտային քաղաքականության, նախարարության որդեգրած նոր ռազմավարական մոտեցումների վրա: Հաշվի է առնվել հատկապես այն երկրների փորձը, որոնք պատմական փորձառությամբ մոտ են մեր երկրին եւ իրենց վարած սոցիալական քաղաքականությամբ օրինակելի են ամբողջ աշխարհի համար:
««Սոցիալական աջակցության մասին» նոր օրենքով ցանկանում ենք, որ աջակցությունների տրամադրման ոլորտը դառնա ավելի ճկուն, արձագանքող եւ արդյունավետ կառավարվող, ունենանք չափորոշիչների վերահսկողության համակարգ, ինչպես նաեւ կայացնել սոցիալական աշխատանքի ինստիտուտը եւ ճանապարհ բացել նոր դերակատարների համար, որպեսզի կազմակերպություններն ու իրավաբանական անձինք եւս կարողանան աջակցություններ տրամադրել»,- ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը:

Հերիքնազ Տիգրանյանի խոսքով ծավալուն փոփոխություններ են նախատեսվել եւ նպատակ է դրվել փոխել նաեւ սոցիալական աջակցության գաղափարախոսությունն ու փիլիսոփայությունը, եւ դրամական օգնությունից անցնել ընդհանուր ծառայությունների հասցեական մատուցման: Նա կարեւորել է, որ նախագիծը մշակողը դեռեւս գաղափարի փուլում այն համաձայնեցնում է գլխադասային հանձնաժողովի հետ. այդպես շատ ավելի մասնակցային է լինում նախագծերի մշակումը:

Պատգամավորների կողմից ներկայացված փոփոխությունները վերաբերել են սոցիալական աշխատողի գործունեությանը, սոցիալական աջակցության դադարեցման որոշման մասին ծանուցմանը, «աջակցության կենտրոն» հասկացությանը, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց կամ ընտանիքների հայտնաբերմանը: Հստակ կանոնակարգումներով սոցիալական աջակցության ոլորտում իրականացվող բարեփոխումները կդյուրացնեն աշխատակարգը, եւ նկատելի կլինեն արդյունքները: Առաջիկայում եւս նախատեսվում են քննարկումներ:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031