Լրահոս
Օրվա լրահոսը

«Զանգովի արդարադատությունը չի ենթադրում հրապարակայնություն»․ դատարանն արգելեց «Ալեն Սիմոնյանն ընդդեմ Աննա Մկրտչյանի» գործով տեսաձայնագրումը

Մայիս 19,2023 12:46

«Ալեն Սիմոնյանն ընդդեմ Աննա Մկրտչյանի» գործով այսօր առաջին նիստն էր նշանակված: Դատավորն արգելեց տեսաձայնագրումը. հայցվոր կողմի դիրքորոշումն էր այդպիսին, դիրքորոշման հիմնավորում չներկայացվեց:

Հիշեցնենք, 2022 թվականի նոյեմբերի 23-ին, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դատական հայց է ներկայացրել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի դեմ՝ պատվին եւ արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցման պահանջով։ Հայցի առիթը նոյեմբերի 3-ին Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր օգտահաշվով Աննա Մկրտչյանի կողմից արված արտահայտություններն են: Աննա Մկրտչյանի այդ ուղիղ եթերը վերնագրված էր՝ «Ալենի շնորհակալությունը, Նիկոլի Սոչին և այլն»:

«Նման բարդ հարցեր ինձ մի տվեք: Փաստը մնում է փաստ, որ Ալեն Սիմոնյանի կորած պատվի եւ արժանապատվության հարցն էինք քննարկելու, այսինքն՝ փորձելու էին գտնել Ալեն Սիմոնյանի կորած պատիվն ու արժանապատվությունը, ես էլ հնարավորություն էի տալիս, որ հանրությունն էլ մասնակցի Ալեն Սիմոնյանի պատիվն ու արժանապատվությունը գտնելու գործին: Փաստը մնում է փաստ՝ Ալեն Սիմոնյանի ներկայացուցիչները, խիստ պատահականությամբ, ստացվում է այնպես, որ նիկոլական իշխանության բոլոր ներկայացուցիչների ունիվերսալ իրավաբանական ուղեկցումն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչներն են: Հիմա՝ չգիտեմ, Ալեն Սիմոնյանի մոտ ամո՞թն է արթնացել, որ չի ուզում այդ ամեն ինչը տեսնել, թե՞ նիկոլական տրամաբանության մեջ՝ զանգովի արդարադատությունը չի ենթադրում հրապարակայնություն»,- դատարանի դահլիճից դուրս, լրագրողների հետ զրույցում ասաց Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ հիմքով արգելվեց տեսաձայնագրումը:

«Եթե մարդ չունի արժանապատվություն, Աննա Մկրտչյանն այդ արժանապատվությունը չի կարող վերադարձնել, Ալեն Սիմոնյանին չի կարող վերադարձնել»,-շարունակեց Աննա Մկրտչյանը՝ հավելելով, որ իրենք փորձելու են ապացուցել, որ Ալեն Սիմոնյանի՝ վիրավորվել-չվիրավորվելու ունակությունները բացառապես քաղաքական որոշում են եւ տրամաբանված չեն:

Նա տարակուսում է, որ Ալեն Սիմոնյանը դատարան չի եկել. «Էդ մարդիկ (նկատի ունի Ալեն Սիմոնյանի ներկայացուցիչներին-Ն. Գ.) հո իր փոխարեն չպիտի ամաչեն, թող գար՝ մի քիչ լսեր»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Արխիվային լուսանկարում՝ Ալեն Սիմոնյանը 2022–ի ապրիլի 7-ին մայրության և գեղեցկության տոնի առթիվ ծաղիկներ է նվիրում կին պատգամավորներին ու մասնավորապես՝ Աննա Մկրտչյանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031