Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ո՞վ է «Ադրբեջանական լվացքատան» մեջ ներգրավված բրիտանացի գործարարը. դատարանը բարձրաձայնել է անունը

Մայիս 19,2023 12:20

Մոտ երկու տարի տևած քաշքշուկներից հետո՝ Լոնդոնի դատարանը թույլատրել է բարձրաձայնել այն հայտնի ձեռնարկատիրոջ և Պահպանողական կուսակցության հովանավորի անունը, որի արտասահմանյան ընկերությունները ներգրավված էին խոշոր կոռուպցիոն սկանդալի մեջ, որի մասն էր «Ադրբեջանական լվացքատունը», գրում է BBC-ն:

Դա իրանական ծագմամբ բրիտանացի միլիոնատեր, բիզնեսի և բարեգործության ոլորտում ունեցած ծառայության համար Բրիտանական կայսրության շքանշանի ասպետ Ջավադ Մարանդին է:

Ինքը՝ Մարանդին, որի փաստաբանները երկար ժամանակ պայքարում էին այդ գործում նրա անունը չբարձրաձայնելու համար, կտրականապես հերքում է խախտումները և պնդում, որ քրեական գործն անձամբ իրեն չի վերաբերվում:

Ինչպես պարզել է Մեծ Բրիտանիայում հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալությունը (NCA), Մարանդիի արտասահմանյան ակտիվների մի մասն առանցքային դերակատարություն են ունեցել փողերի լվացման այն բարդ սխեմայում, որի կարևոր տարրերից մեկը Ադրբեջանի ամենահարուստ օլիգարխներից մեկն էր:

Դեռ 2022թ. հունվարին դատարանը վճռել էր, որ NCA-ն կարող է առգրավել Լոնդոնում ապրող ադրբեջանցի օլիգարխ Ջավանշիր Ֆեյզիեևի ընտանիքի 7 մլն դոլար ակտիվները այն հիմքով, որ այդ փողերը նրա բանկային հաշվի վրա ստացվել են անօրինական աղբյուրից:

«Ադրբեջանական լվացքատուն»

Քննությունը սկսվել էր դեռ 2017թ., երբ լրագրողները հայտնաբերեցին փողերի լվացման հսկայական սխեմա, որն անվանեցին «Ադրբեջանական լվացքատուն»:

Այդ սխեմայի շրջանակում ադրբեջանական էլիտան երկրից դուրս է բերել մոտ 3 մլրդ դոլար: Ըստ էության, այդ փողերը գողացվել են Ադրբեջանի տնտեսությունից և ժողովրդից և օգտագործվել մի շարք անձանց անձնական կարիքների, մի մասն էլ՝ եվրոպացի քաղաքական գործիչներին գնելու համար:

Ինչպես պարզվել է NCA քննության ընթացքում, այդ էլիտայի ներկայացուցիչներից մեկն էլ եղել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ջավանշիր Ֆեյզիևը:

Լոնդոնում ապրող նրա ընտանիքի հաշիվների վրա գումարներն ուղարկվել են Բաքվում գտնվող Baktelekom ընկերության հաշիվներից, որը նման է Aztelecom պետական ընկերությանը և ունի նմանատիպ անուն, ընդ որում, այն չի ունեցել որևէ աշխատակից և չի վարել որևէ տեսանելի գործունեություն:

Դատարանը վճռել է, որ այդ հանցավոր սխեմայով ստացված միջոցների զգալի մասը, հետքերը թաքցնելու նպատակով, փոխանցվել էր Գլազգոյում գրանցված Բալթյան երկրների մեկօրյա ընկերությունների երկու հաշիվներին, իսկ հետո այնտեղից, ըստ NCA- ի, գումարի մի մասը հոսել է Ջավանշիր Ֆեյզիևի և Ջավադ Մարանդիի հետ փոխկապակցված հաշիվների:

Այս սխեմայում առանցքային դերակատարություն են ունեցել ընդհանուր Avromed անվանումով ընկերությունները, որոնցից մեկը գրանցված է եղել դեռ 2005թ-ից Սեյշելներում, իսկ նրա գլխավոր շահառուն հենց Մարանդին էր:

Բարձրաձայնել անունը

Սկզբում, երբ դատարանը նոր էր սկսել քննել Ֆեյզիևի ընտանիքի դեմ NCA-ի գործը, Մարանդիի փաստաբանները պահանջում էին չնշել իրենց հաճախորդի անունը՝ պնդելով, որ իրավապահ մարմինները չեն հետաքրքրվել նրանով, հետևաբար գործարարի անվան հիշատակումը կարող է խախտել նրա գաղտնիությանը իրավունքը և հարված հասցնել նրա հեղինակությանը:

Սակայն Լոնդոնում Ֆեյզիևի ակտիվների կալանավորումից հետո BBC-ն և լոնդոնյան Evening Standard թերթը հայտարարեցին, որ հանրության շահերից ելնելով՝ պետք է բարձրաձայնել, որ կոռուպցիոն քննությունը վերաբերում է նաև Մարանդիի արտասահմանյան ընկերություններին:

Սկզբում շրջանային դատարանը դրա հետ համաձայնել էր, բայց Մարանդիի փաստաբանները կարողացան համոզել Գերագույն դատարանին վերանայել գործը: Դրան հետևեց երկարատև իրավական վեճ, որն արդյունքում ավարտվեց նրանով, որ դատավորը, ելնելով արդարադատության թափանցիկության սկզբունքից, կարգադրեց բարձրաձայնել Մարանդիի անունը՝ որպես մարդ, որն ունի ուղիղ և կարևոր կապ քննության հետ:

Հաջողակ գործարար

Մարանդին ծնվել է Իրանում, մեծացել և ապրում է Լոնդոնում: Պահպանողականների հետ նրա կապերի մասին հայտնի է դարձել շնորհիվ նրա շռայլ պարգևատրումների, որոնք ըստ Ընտրական հանձնաժողովի, 2014-2020թթ. կազմել են մոտ մեկ միլիոն դոլար:

Կուսակցական գանձարան նման ներդրումները ամենաշռայլ դոնորի համար հասանելիություն են ապահովել դեպի կուսակցական վերնախավ, այդ թվում Բորիս Ջոնսոնին, որն այդ պահին զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը: Նման հասանելիության նշանակությունը խոշոր ձեռնարկատիրոջ համար դժվար է գերագնահատել, իսկ Մարանդին համարվում է ամենահաջողակ միջազգային ձեռնարկատերերից մեկը:

Նրան է պատկանում բարձրակարգ Conran Shop ապրանքանիշը, նա ունի բաժնեմաս Anya Hindmarch Ltd թանկարժեք աքսեսուարների բիզնեսում, ինչպես նաև Օքսֆորդշիր դքսությունում՝ մասնավոր ակումբ և հյուրանոց:

Բացի այդ, նա կնոջ հետ ղեկավարում է Մարանդի հիմնադրամը, որը Ուելսի արքայազնի և արքայադստեր բարեգործական կազմակերպության հովանավորն է:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031