Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվրասիական կարուսել. օգնո՞ւմ է արդյոք Հայաստանը Ռուսաստանին՝ շրջանցել արևմտյան պատժամիջոցները»

Մայիս 19,2023 12:16

Միջազգային մամուլը կրկին ահազանգում է Ռուսաստանի կողմից արևմտյան պատժամիջոցները շրջանցելու ջանքերում Հայաստանի հնարավոր ներգրավվածության մասին, որը վերլուծաբանների կողմից ստացել է «եվրասիական կարուսել» անունը, նշում է «Ամերիկայի ձայն»:

2022 թվականի փետրվարին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո Միացյալ Նահանգները, իր դաշնակիցների և գործընկերների հետ միասին, տնտեսական ճնշման մի շարք միջոցառումներ իրականացրեց Ռուսաստանի դեմ, որոնք աննախադեպ են Երկրորդ աշխարհամարտից հետո, գրավոր արձագանքել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը, ով ցանկացել է մնալ անանուն, ի պատասխան «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանը Ռուսաստանի կողմից արևմտյան պատժամիջոցները շրջանցելու ջանքերում Հայաստանի հնարավոր ներգրավվածության մասին: 2017 թվականին օրենք դարձած «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» ակտից բխող պատժամիջոցները, ինչպես նաև արտահանման վերահսկողությունը, մաքսատուրքերը և այլ միջոցառումները սահմանափակում են ժամանակակից արդյունավետ պատերազմ վարելու Ռուսաստանի հնարավորությունները և նվազեցնում դրա համար Ռուսաստանի ֆինանսական ռեսուրսները, հայտնել են պետքարտուղարությունից:

«Շատ կառավարություններ, ներառյալ Հարավային Կովկասի, պարտավորվել են հետևել միջազգային պատժամիջոցներին և արտահանման վերահսկմանը, և մենք կշարունակենք աշխատել այդ կառավարությունների, մասնավոր ընկերությունների և ֆինանսական հաստատությունների հետ՝ ապահովելու սահմանափակումների պահպանումը, ինչպես դրանք հայտարարվում են»,- ասել է պետքարտուղարության ներկայացուցիչը:

Սակայն միջազգային մամուլը շարունակում է ահազանգել արևմտյան պատժամիջոցների շրջանցմամբ հատկապես ռազմական նշանակության ապրանքների Ռուսաստան ներմուծման մասին, և այդ շղթայում Հայաստանի ու հետխորհրդային մի շարք այլ երկրների ներգրավվածության վերաբերյալ:

American Enterprice Institute հաստատության ավագ վերլուծաբան Մայքլ Ռուբինը, անդրադառնալով վերջերս Նյու Յորք Թայմսի հրապարակմանը Հայաստանի միջոցով արգելված տեխնոլոգիաների ու չիպերի տարանցմանը դեպի Ռուսաստան, մտահոգիչ է որակում այդ հաղորդումները: Միևնույն ժամանակ, վերլուծաբանը հայտնում է, որ ամերիկյան պաշտոնական շրջանակների իր աղբյուրները վկայում են, որ հայկական կողմը դրսևորում է ճկուն մոտեցում, և վարչակազմը դժգոհություններ չունի, թե ինչպես է Հայաստանը վերահսկում ապրանքները:

«Կարծում եմ՝ ԱՄՆ վարչակազմը գտնում է, որ Հայաստանն այստեղ ճիշտ է վարվելու, և որ այն ավելի շատ համագործակցում է (ամերիկյան կողմի հետ), քան խոչընդոտում»,- նշել է Ռուբինը:

Հայաստանը, սակայն, հերքում է իր որևէ ներգրավվածությունը այս շղթայում: Վերջերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չեխական «Respekt» ամսագրին տված հարցազրույցում շեշտել է, որ պատժամիջոցները Հայաստանի կարմիր գիծն են, որի մասին շատ հստակ ասվել է ռուսական կողմին:

«Պատժամիջոցի տակ գտնվող ապրանքների մասով փորձում ենք հնարավորինս թափանցիկ լինել: Համագործակցում ենք ԵՄ-ի, ԱՄՆ-ի և նույնիսկ հենց Ռուսաստանի հետ։ Մենք ԵԱՏՄ անդամ ենք և շատ սերտ տնտեսական կապեր ունենք Ռուսաստանի հետ և հայկական բիզնեսը սիրում է մասնակցել այն ծրագրերին, որոնք ստեղծվել են վերջինիս շրջանում»,- «Արմենպրեսի» հաղորդմամբ ասել է վարչապետ Փաշինյանը հարցազրույցում:

Ամերիկյան հայտնի Wall Street Journal թերթն այս կապակցությամբ հարցում է ուղարկել ՀՀ կառավարություն: Ըստ պարբերականի՝ Հայաստանի կառավարության խոսնակն ասել է, որ երկիրը «ներքաշված չէ ԵՄ կամ ԱՄՆ պատժամիջոցները շրջանցելուն ուղղված որևէ գործընթացում կամ գործողության մեջ»։ Նա հավելել է, որ Հայաստանի մաքսային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների նկատմամբ, և որ իշխանությունները քննարկել են այդ հարցը ԱՄՆ-ի հետ։

Այդ նույն հրապարակման մեջ, սակայն, Wall Street Journal-ը պնդում է, որ «ԱՄՆ-ի և Եվրոպական Միության զգայուն, այսպես կոչված, երկակի նշանակության ապրանքների արտահանումը դեպի Ռուսաստանի հարևան երկրներ կտրուկ աճել է 2022 թվականին»: ՄԱԿ-ի առևտրային տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ նմանատիպ աճ է արձանագրվել այս երկրների կողմից դեպի Ռուսաստան այդ ապրանքների առաքման հարցում, նշել է թերթը:

Ըստ պարբերականի՝ «ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ի և ԵՄ-ի ապրանքների արտահանումը Հայաստան, Վրաստան, Ղրղըզստան, Ուզբեկստան և Ղազախստան անցյալ տարի հասել է մինչև 24,3 միլիարդ դոլար՝ 2021 թ-ի՝ 14,6 միլիարդ դոլարի փոխարեն: Այս երկրները միասին անցյալ տարի ավելացրել են իրենց արտահանումը դեպի Ռուսաստան մոտ 50 տոկոսով՝ այն հասցնելով մոտ 15 միլիարդ դոլարի»:

Wall Street Journal-ը ընդգծում է, որ զգալի չափով աճել է Հայաստանի ու Արևմուտքի միջև երկակի նշանակության ապրանքների առևտուրը: «ԱՄՆ-ը և ԵՄ-ն անցյալ տարի Հայաստան են արտահանել ավելի քան 8,5 մլն դոլարի ինտեգրալ սխեմաներ, որը 16 անգամ ավել է, քան 2021 թվականին արտահանված 530 հազար դոլարի ապրանքը, ըստ ՄԱԿ-ի տվյալների»։ Միևնույն ժամանակ, Հայաստանից դեպի Ռուսաստան դրանց արտահանումը 2021 թվականին 2000 դոլարից հասել է 13 միլիոն դոլարի։

Նույնանման պատկերը Wall Street Journal-ը արձանագրում է հետխորհրդային այլ երկրներում ևս, ներառյալ Ղազախստանում, Վրաստանում, Ղրղըզստանում ու Ուզբեկստանում:

Նման տեխնոլոգիաները չափազանց կարևոր են Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի համար, Wall Street Journal-ին ասել են փորձագետները։ Ռուսաստանն ունի արևմտյան բաղադրիչները սեփական արտադրանքով փոխարինելու սահմանափակ հնարավորություններ։

«Էլեկտրոնային սարքերը անհրաժեշտ են ամենուր՝ ինքնաթիռների և թեւավոր հրթիռների արտադրությունից մինչև զրահատեխնիկայի և տանկերի հրամանատարության, կառավարման և կապի համակարգեր», – ասում է Ռուսաստանի ռազմական գծով փորձագետ և Թաֆթս համալսարանի վերլուծաբան Պավել Լուզինը, ըստ պարբերականի:

Wall Street Journal-ը հայտնել է, որ Վաշինգտոնում գործող Silverado Policy Accelerator-ի գործադիր տնօրեն Սառա Ստյուարտը, ով վերլուծում է ռուսական առևտրի տվյալները, այս առիթով պնդել է. «Ռուսաստանի շարունակական հասանելիությունը այդ ապրանքներին, ներառյալ ուղին փոխած արտասահմանյան ապրանքատեսակներին, որոնց նկատմամբ գործում է արգելք ՌԴ դրանք արտահանելու համար, ավելի շուտ սնուցում է, այլ ոչ թե խափանում Ռուսաստանի պատերազմական ջանքերը»:

Այս աճող առևտրային հարաբերությունները Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի վերլուծաբանների կողմից ստացել է «եվրասիական կարուսել» անունը, գրում է Wall Street Journal-ը:

«Շատ կասկածելին է, որ պատժամիջոցների ավելացումից հետո հանկարծ աճում է այդ ապրանքների արտահանումը Կենտրոնական Ասիա և Կովկաս»,- Wall Street Journal-ին ասել է Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի գլխավոր տնտեսագետ Բիետա Ջավորչիկը:

Ըստ Wall Street Journal-ի հրապարակման՝ եվրոպական պատժամիջոցների վերջին առաջարկված փաթեթում, որը պետք է հաստատվի անդամ երկրների կողմից, Եվրահանձնաժողովն առաջին անգամ առաջարկել է պատժամիջոցներ կիրառել Ուզբեկստանից երկու ընկերությունների և Հայաստանից՝ մեկ ընկերության հանդեպ՝ Ռուսաստանին երկակի նշանակության ապրանքներ մատակարարելու համար:

Նաև Հայաստանի միջոցով Ռուսաստան արգելված ապրանքներ հասցնելու վերաբերյալ ամերիկյան նախազգուշացումներից հետո հիմա էլ Եվրամիությունն է հայտարարում՝ դեպի Ռուսաստան արտահանման ծավալների զգալի աճը կասկածելի է, նշում է «Ազատություն»-ը։

«Առանձին համակարգերի բացերի շնորհիվ պատժամիջոցները շրջանցել ցանկացողները կարողանում են դա անել, առևտրի միջոցով պատժամիջոցները շրջանցելու որոշակի ձևեր կան», – նախօրեին հայտարարել է Եվրամիության տնտեսական հարցերով հանձնակատար Պաուլո Ջենտիլոնին։ Բարձրաստիճան պաշտոնյան մատնացույց է արել ԵՄ պետություններից մի շարք երկրներ և այդ պետություններից դեպի Ռուսաստան արտահանման զգալի աճը։ Ղազախստանի և Ղրղզստանի կողքին տվել է նաև Հայաստանի անունը։

Ըստ Euronews-ի՝ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո՝ 2022-ին ԵՄ անդամ պետություններից Հայաստան արտահանման ծավալները շուրջ 1.9 միլիարդ եվրո են կազմել, այնինչ նախապատերազմական 2021-ին այս ցուցանիշը 860 միլիոն էր։

Միևնույն ժամանակ, պաշտոնական տվյալներով՝ անցած տարի Հայաստանից Ռուսաստան արտահանումը 2021-ի համեմատ աճել է գրեթե 3 անգամ՝ գերազանցելով 4 միլիարդ դոլարը։ Օրինակ, եթե 2021-ի առաջին վեց ամիսներին Հայաստանից Ռուսաստան էր արտահանվել 745 հատ հեռախոս, մոդեմ, ապա 2022-ի նույն ժամանակահատվածում թիվը հասել է 53 հազարի։

Օգնո՞ւմ է արդյոք Հայաստանը Ռուսաստանին շրջանցել արևմտյան պատժամիջոցները։ Վերջին ամիսներին հաճախակի դարձած Արևմուտքի զգուշացումներին զուգահեռ, Հայաստանի իշխանությունները պարբերաբար հայտարարում են՝ Երևանը Մոսկվային չի օգնում շրջանցել պատժամիջոցները։

Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը շեշտում է՝ բանավոր խոսքերից բացի հայկական կողմն իր այս պնդումը պետք է կարողանա փաստարկված, հստակ ներկայացնել Արևմուտքին:

«Բացատրել՝ նշանակում է փաստարկված, հաշվետվողականության և թափանցիկ ձևով ներկայացնել այդ ամենը, ինչը բանավոր կերպով ասվում է: Որևէ երկիր դուք պատկերացնո՞ւմ եք հարևան երկրներից, որ վեր կենան ասեն՝ «այո, մենք դիտավորյալ այդ սանկցիաները փորձում ենք խախտել, անցնել: Չեն ասի, բնականաբար, բոլորն էլ դա են ասում», – նշեց ընդդիմադիր պատգամավորը: – «Մեր պետությունը պետք է ուղիղ երկխոսություն վարի այդ երկրների հետ՝ բացատրելու համար, որ սա զուտ տնտեսական գործակցություն է, դա պետք է լինի մանրամասն փաստերով և ամենօրյա բնույթ կրի»:

Ավետիսյանի կարծիքով՝ Արևմուտքի նախազգուշացումները խոսում են այն մասին, որ կարող են նաև կոնկրետ քայլեր լինել՝ պատժամիջոցներ հայկական ընկերությունների նկատմամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031