ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի փաստաբաններն ապօրինի գույքի բռնագանձման գործով բազմահատոր առարկություններ ու հիմնավորումներ են ներկայացնելու։ Այս մասին «Առավոտի» հետ զրույցում ասաց Հովիկ Աբրահամյանի շահերի ներկայացուցիչ փաստաբան Վարազդատ Ասատրյանը։
Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ, այսօր տեղի ունեցավ Հովիկ Աբրահամյանի և նրա հետ փոխկապակցված 10 անձանց վերաբերյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով դատական նիստը։
ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը Հակակոռուպցիոն դատարան ներկայացրած հայցով պահանջում է ՀՀ տարածքային կառավարման նախկին նախարար, ԱԺ նախկին նախագահ, նախկին ՀՀ վարչապետ Հ.Ա.-ից, նրա կնոջից՝ Ջ.Ա.-ից, որդուց, դուստրերից, իրեն փոխկապակցված այլ անձանցից (աշխատակիցներ, ազգականներ և նրանց ամուսիններ) հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 59 անշարժ գույք։ Բռնագանձման ենթակա է նաեւ Հովիկ Աբրահամյանի որդուն՝ Արգամ Աբրահամյանին պատկանող Մոնումենտի առանձնատան արժեքը։ Հիշեցնենք՝ առանձնատունը նախորդ տարի Աբրահամյանները վաճառել էին գործարար Նարեկ Նալբանդյանին։
Փաստաբանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ դիրքորոշում ունի Հովիկ Աբրահամյանն այս գործի վերաբերյալ։ «Տեսակետն այն է, որ սա անհիմն ու ապօրինի գործընթաց է։ Ընդ որում, առերեւույթ օրինական եկամուտների առկայության վերլուծությունը Հովիկ Աբրահամյանի կամ փոխկապակցված անձանց մասով որեւէ կերպ չեն դիտարկվում, սխալ են մեկնաբանում, անգամ օրենքին հակառակ են մեկնաբանում։ Դրա հետեւանքով մենք անբարենպաստ վիճակում ենք հայտնվում»։
Կարդացեք նաև
Անդրադառնալով այն դիտարկմանը, որ հանրության մոտ հարցեր են ծագում, թե երկար տարիներ տարբեր պետական պաշտոններ զբաղեցրած Հովիկ Աբրահամյանն ու իր ընտանիքի անդամները ի՞նչ միջոցներով են այդքան գույք տնօրինում, որի ցանկը ներկայացրել է դատախազությունը, Վարազդատ Ասատրյանը պատասխանեց․ «Այդ հարցի վերաբերյալ մենք բազմահատոր առարկություններ ու հիմնավորումներ ենք ներկայացնելու։ Այն ունեցվածքը, ինչքան ունի, բոլորն օրինական են»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ