Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվրոպացիները կարող են գոհ լինել: Եվրոպան գազի նոր մատակարար Բաքվի հետ չի վտանգում իր կապերը». «Ազգ»

Մայիս 19,2023 11:50

Աշխարհի 20 լեզուներով հրատարակվող ֆրանսիական նշանավոր «Լը մոնդ դիպլոմատիկ» ամսաթերթի մայիսին լույս տեսած համարում լրագրող Քոնստան Լեոնն (Constant Leon) անդրադառնում է Բերձորի միջանցքը փակելու Ադրբեջանի իրական նպատակներին, նկարագրում է Գորիսում ժամանակավոր հանգրվան գտած, ամեն վայրկյան շրջափակման վերացման լուրին սպասող, Արցախ մեկնելու պատրաստ մարդկանց եւ նրանց իրական խնդիրները:

Հոդվածագիրը ներկայացնում է 2020-ի պատերազմից հետո Ադրբեջանի՝ ՀՀ տարածքի հանդեպ սահմանային ոտնձգությունները, հրադադարը խախտելու բազմաթիվ դրվագները՝ Վայոց ձորի, Գեղարքունիքի, Սյունիքի 200 000 բնակչությանը սպառնալու, Հայաստանից կտրելու մտադրությանը, ապրիլի 11-ին Տեղ գյուղում ժամեր տեւած հրաձգությանը, որի «հետեւանքով հայկական կողմը 7 զոհ է գրանցել»: Ադրբեջանը այսպիսի սպառնալից քայլերով կամենում է հասնել նրան, որ խաղաղության պայմանագիրն ի՛ր պայմանների թելադրմամբ հաստատվի: Երեւանին ցայժմ չի հաջողվել հասնել իր պահանջի բավարարմանը՝ ԼՂ-ի բնակչության քաղաքական եւ մշակութային իրավունքների, անվտանգության երաշխիքների, ապառազմականացման եւ միջազգային դիտորդների հաստատմանը: Բաքուն սրանք դիտարկում է որպես իր ներքին հարց եւ նախընտրում ուղիղ երկխոսություն պարտադրել ԼՂ ներկայացուցիչների հետ:

Բաքվում սառնասիրտ են, ԼՂ-ի հանդեպ Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ մրցակցության կրակոտ պայքարի բորբոքման վերաբերյալ, քանզի Մոսկվայի եւ Բրյուսելի դեմ ճնշման իր լծակն ունի Բաքուն: 2022-ին Ալիեւն ու Պուտինը ստորագրեցին համագործակցության, միմյանց վրա չհարձակվելու պայմանագիր, որով ՌԴ-ն պարտավորվում է Ադրբեջանի ներքին հարցերին չմիջամտել, իսկ Բաքուն հետխորհրդային տարածքում ընդունում է Մոսկվայի առաջնորդող դիրքը, Ուկրաինայի դեմ պատերազմում վստահեցնում իր չեզոքության մասին, ամփոփ ներկայացնում է «Լը մոնդի» մեկնաբանը եւ շարունակում՝ Եվրոպան գազի նոր մատակարար Բաքվի հետ չի վտանգում իր կապերը, 2022-ի հուլիսին ԵՄ հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի Բաքու այցը արդյունավորվեց նոր պայմանագրով՝ 2022-ի վերջին գազի 30 տոկոսով ավելացված ծավալները մինչեւ 2027 թվականը կրկնապատիկ կդառնան: «Եվրոպացիները կարող են գոհ լինել, նույնիսկ այն ժամանակ, երբ կասկած կա, թե Բաքուն ռուսական գազն է ադրբեջանականի անվան տակ վաճառում», եզրափակում է «Լը մոնդ դիպլոմատիկը»:

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031