Նախկին վարչապետ, ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ նրա հետ փոխկապակցված անձանց ապօրինի գույքի բռնագանձման գործով դատավոր Կարապետ Բադալյանին բացարկ հայտնելու միջնորդությունը մերժվեց։
Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ, այսօր տեղի ունեցավ Հովիկ Աբրահամյանի և նրա հետ փոխկապակցված 10 անձանց վերաբերյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով դատական նիստը։ Նախորդ դատական նիստում գործով պատասխանող, Հովիկ Աբրահամյանի թիկնազորի ղեկավար Բագրատունի Բարսեղյանի փաստաբանը դատավոր Կարապետ Բադալյանին բացարկ հայտնելու միջնորդություն էր ներկայացրել։ Հիմնավորումն այն էր, որ դատավորի անաչառությունը կասկածի տակ է դրվում։ Մեղադրող դատախազ Տիգրան Ենոքյանն առարկել էր՝ նշելով, որ ներկայացված բացարկի միջնորդությունը անհիմն է եւ ենթակա մերժման։
Այսօրվա նիստում դատավոր Կարապետ Բադալյանը տեղեկացեց, որ դատարանը որոշում է բացարկի միջնորդությունը մերժել։ Դատական հաջորդ նիստը կկայանա հունիսի 14-ին ժամը 10։00-ին։
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին ՀՀ տարածքային կառավարման նախկին նախարար, ԱԺ նախկին նախագահ, նախկին ՀՀ վարչապետ Հ.Ա.-ից, նրա կնոջից՝ Ջ.Ա.-ից, որդուց, դուստրերից, իրեն փոխկապակցված այլ անձանցից (աշխատակիցներ, ազգականներ և նրանց ամուսիններ) հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 59 անշարժ գույք, որից 15-ը՝ Երևան քաղաքում, մեծամասամբ Կենտրոն վարչական շրջանում, 12-ը Արարատի մարզի Մխչյան համայնքում, 10-ը՝ Նարեկ համայնքում, 2-ը՝ Կոտայքի մարզի Արզական համայնքում, 6-ը՝ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքում, 1-ը՝ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում, 1-ը՝ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում, 6-ը՝ Տավուշի մարզի Դիլիջան համայնքում, 3-ը Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքում, 1-ը՝ Արարատի մարզի Մարմարաշեն համայնքում, 1-ը Արարատի մարզի Այնթապ համայնքում, 1-ը՝ Արարատի մարզի Արևաբույր համայնքում. 4 ավտոմեքենա. 20 ընկերությունների մասնակցություններ և բաժնետոմսեր. շուկայականից էականորեն ցածր արժեքով օտարված 9 գույքերի շուկայական արժեքներ՝ ընդհանուր՝ 1 մլրդ 628 մլն 277 հազար 90 դրամ. ընկերություններին տրված փոխառություններից ծագող պահանջի իրավունք՝ 11 մլն 292 հազար 570 ԱՄՆ դոլարի, 687 մլն 500 դրամի և 3 մլն 117 հազար 680 եվրոյի չափով. 21 մլրդ 202 մլն 67 հազար 797 դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և օրինական եկամուտներով չհիմնավորվող, բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված կամ չնույնականացված դրամի հանրագումար:
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ