«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Գյումրու մասնաճյուղի 22 անձի՝ 11 դասախոսի, 9 ուսանողի ու 2 գործավարի մասնակցությամբ կաշառք ստանալու, տալու, ինչպես նաև՝ կաշառքի միջնորդության դեպքերի առթիվ հարուցված 38 դրվագ քրեական վարույթն արդեն ուղարկվել է դատարան։
Առաջին դատական նիստը տեղի է ունենալու երկուշաբթի՝ Հակակոռուպցիոն դատարանում, այսինքն՝ մեղադրյալները հասնելու են մայրաքաղաք։
Այս մասին մեզ տեղեկացրեց 4 դասախոսների շահերը պաշտպանող Հայկ Հարությունյանը։
Հիշեցնենք, որ ըստ ՀՀ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության, «Իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Գյումրու մասնաճյուղի տարբեր ամբիոնների մի խումբ պաշտոնատար անձինք և դասախոսներ, նույն կազմակերպության օպերատոր-գործավարների օժանդակությամբ, ուսումնական հաստատության ուսանողների օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու, մասնավորապես՝ ստուգարքներին, քննություններին և դիպլոմային աշխատանքներին չպատրաստված լինելու պայմաններում դրական քննական գնահատական նշանակելու համար, 2021թ․ փետրվարից մինչև հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում նրանցից յուրաքանչյուրից, ինչպես նաև նրանց ծնողներից որպես կաշառք պահանջել և ստացել են 10.000-100.000-ական ՀՀ դրամ կաշառք:
Կարդացեք նաև
Քննությամբ հիմնավորվել է, որ օպերատոր-գործավարները, ուսանողների հետ ունենալով մտերիմ հարաբերություններ, նպաստելով նրանց և դասախոսների միջև կաշառքի շուրջ համաձայնության գալուն, ուսանողներից վերցրել են կաշառք-գումարները և փոխանցել դասախոսներին, իսկ վերջիններս նշված գումարներից որպես մասնաբաժին են տվել գործավարներին»:
Փաստաբան Հայկ Հարությունյանը տեղեկացրեց, որ իր պաշտպանյալները իրենց մեղքը չեն ընդունել և որ պատրաստվում են պայքարել արդարացման համար։
Ըստ նրա, կան ձայնագրություններ, քրեական վարույթը նախաձեռնվել է գաղտնալսումներով՝ «ժուչոկների» օգնությամբ։
Փաստաբանի ասելով, այդ ձայնագրություններում հստակ չեն հասկացվում խոսակցությունները, դրանք նախաքննական մարմնի կողմից յուրովի են մեկնաբանվում, օրինակ՝ շխկշխկոց է լսվում, որը մեկնաբանվում է, թե դա փողի շխկշխկոց է։
«Բայց թե ինչպես են տարբերել թղթի և փողի ձայները, դա անհասկանալի է։ Հարուցված քրեական վարույթն ավելի շուտ ենթադրությունների հիման վրա է։
Կան ուսանողներ, որոնց առջև պայման են դրել, թե մեղքդ ընդունիր, մեզ հետ համագործակցիր, գործդ դատարան չենք ուղարկի, նրանք ընդունել են իրենց մեղքը։ Կան ուսանողներ, որոնք չեն ընդունել։ Գործը կքննվի դատարանում, պարզ կդառնա՝ ինչ է կատարվել»,-ասաց փաստաբանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ