Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Եթե Սամվել Բաբայանը Արցախում նշանակվի պաշտոնի, ապա միայն Նիկոլ Փաշինյանի հրամանով

Մայիս 19,2023 11:00

 «Հենց միայն այն հանգամանքը, որ երբ հանրահավաքների ժամանակ այն պահերին, երբ ժողովրդի քանակը, էներգետիկան եւ միակամությունը բավարար էին Նիկոլին իշխանազերծելու համար, ընդդիմությունը մարդկանց շտապ տուն էր ուղարկում, խոսում է այն մասին, որ ի սկզբանե դրված խնդիրը Նիկոլին հեռացնելը չէր, այլ նրա վրա Մոսկվայի նպատակների իրականացման համար ճնշումներ գործադրելը»,- «Առավոտի» զրուցակիցն է քաղաքագետ Աղասի Ենոքյանը:

– Բրյուսելում տեղի ունեցած հնդիպումից հետո, ԵԽ նախագահ Շառլ Միշելը հայտարարեց, որ «Հայաստանը եւ Ադրբեջանը հաստատել են փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումը 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա եւ հարգել Հայաստանի 29.8 հազար քառ. կմ եւ Ադրբեջանի 86.6 հազար քառ. կմ տարածքները»։ Այդ հայտարարությունը Ռեյկյավիկում կրկնեց նաեւ Նիկոլ Փաշինյանը: ՀՀ ԱԳ փոխնախարարն էլ հայտարարեց, որ Խաղաղության պայմանագրի բրյուսելյան, մոսկովյան տարբերակներ չկան, կա մեկ փաստաթուղթ, որը քննարկվելու է առաջիկայում նախատեսվող մոսկովյան եւ քիշնեւյան հանդիպումներում: Ի՞նչ է տեղի ունենում:

 – Մեր տարածաշրջանի զարգացումների հետ կապված Ռուսաստանը եւ Արեւմուտքը ունեն տրամագծորեն հակառակ մոտեցումներ, եւ այդ տարբերությունը հիմնականում պայմանավորված է նրանով, որ ռուսական զորքերն արդեն կանգնած են այստեղ։ Արեւմուտքի համար կարեւոր է Արցախի գոյությունը, քանի որ դա հնարավորություն է տալիս ընդգրկված մնալ Հարավային Կովկասի քաղաքականության մեջ, եթե վերանա ղարաբաղյան հարցը, եթե այն լուծվի Ադրբեջանի հետ «ինտեգրացիայի» ֆորմատով, ապա Արեւմուտքի ներկայությունը նշանակալի չափով անիմաստ է դառնում։ Անգամ եթե Բրյուսելում կամ Վաշինգտոնում  հայտարարում են տարածքային ամբողջականության մասին, ապա նաեւ հասկանում են, որ ազգերի ինքնորոշման սկզբունքը չի հակասում դրան։

Մյուս խնդիրը, որի շուրջ կա անհամաձայնություն Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ, դա «թուրանական միջանցքների» հարցն է։ Արեւմուտքում շատ լավ են հասկանում, որ միջանցքների առկայության դեպքում կունենան չափազանց ուժեղ Թուրքիա եւ նոր աշխարհաքաղաքական բեւեռ՝ թուրանական աշխարհ։

Այլ է Ռուսաստանի պարագան, ով արդեն իր զորքերը տեղադրել է Արցախում եւ Արցախի շուրջ, եւ իր համար լուծված է համարում ղարաբաղյան հարցը։ Հիմա նա իր զորքերի շնորհիվ կուզի կնպասի ադրբեջանական «ինտեգրացիային», կուզի դրա դիմաց Ադրբեջանից նոր մուծումներ կպահանջի՝ դա արդեն համարում է միայն իր եւ Բաքվի, լավագույն դեպքում՝ երբեմն էլ Երեւանի հարցը, եւ արդեն ոչ մի Արեւմուտքի ընդգրկում կամ Ստեփանակերտի իրական քաղաքական ներկայություն չի հանդուրժի։

Նույնը վերաբերում է թուրանական միջանցքներին. Ռուսաստանը համարում է, որ դրանց ֆունկցիոնալությունը ապահովելու են իր զորքերն ու անվտանգության ծառայությունները եւ դրանով շատ լուրջ լծակ է ստանալու աշխարհաքաղաքական այդ կենտրոնի նկատմամբ, եւ ուրեմն՝ նա հնարավորն անելու է այդ միջանցքները ստանալու համար։

Այնպես, որ առնվազն երկու հարցում կան շատ լուրջ հակասություններ Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ, հետեւաբար տարբեր են մոտեցումները, ու առնվազն «Խաղաղության պայմանագրի» երկու տարբերակի գոյությունը՝ ակնհայտ։

Իսկ թե ի՞նչ են հայտարարում կողմերը կամ միջնորդները՝ դրանք միայն դիվանագիտական դետալներ են։ Օրինակ, կարծում եմ՝ Արեւմուտքը պետք է իրեն շատ ուրախ զգա ռուսական այս ճնշման պայմաններում Բրյուսելում զուտ հանդիպում ստանալու, եւ իրեն գործընթացից անմասն չհամարելու համար։

 – Տեսակետ կա, որ Արեւմուտքին է ձեռնտու Արցախի հարցի լուծումը եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, որպեսզի Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում թուլացնի, եթե չհաջողի ամբողջությամբ դուրս մղել ՌԴ-ին տարածաշրջանից, իսկ ՀՀ իշխանությունը՝ Արեւմուտքի հետ «խաղեր տալով», հայկական տարածքները սակարկման առարկա է դարձնում:

– Իհարկե, կա նման մոտեցում, եւ դա հանդիսանում էր շուրջ 30 տարի տեւած ղարաբաղյան բանակցությունների պատճառներից մեկը։ Ասենք նաեւ, որ, ի վերջո, Հայաստանին նույնպես ձեռնտու է Արցախի հարցի լուծումը եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, սակայն հարցն այն է, թե ինչպիսի՞ լուծումը։

Ներկա իրավիճակում բոլորի համար է ակնհայտ, որ մի թղթի կտորի ստորագրումով կոնֆլիկտները չեն լուծվի, տարածաշրջանում անհրաժեշտ են խաղաղապահ, ավելի շուտ՝ խաղաղարար ուժեր։ Եվ ղարաբաղյան բանակցությունների հիմնահարցը եղել է այդ ուժերի ազգային կազմը։

Հիմա ռուսական զորքերն են կանգնած եւ դա տրամագծորեն փոխել է իրավիճակը։ Հիմա ռուսներն են պնդում, որ հակամարտությունը լուծված է, լուծված է հենց իրենց շնորհիվ եւ ռուսական ցանկացած առաջարկ առաջին հերթին ապահովելու է զորքերի կարգավիճակը (հիշենք, որ նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր կետերն էլ փուչ դուրս եկան, բացի ռուսական եւ ադրբեջանական ու թուրքական զորքերի տեղակայման պայմաններից)։

Արեւմուտքն էլ պնդելու է, որ կոնֆլիկտ կա, եւ փորձելու է դրանով գոնե քաղաքական ներգրավում ապահովել տարածաշրջանում (բնական է, որ ներկայումս նա ի վիճակի չէ ռուսական զորքերին դուրս քշել) եւ փորձել քաղաքականորեն փոքրիշատե սահմանափակել ռուսների իրավունքները։

– Ուշագրավ է, որ հայաստանյան ընդդիմությունը կրավորական կեցվածք է պահպանում. եթե անցած տարի, Դիմադրության շարժման ժամանակ հայտարարվում էր, որ շարժումը կանխել է Խաղաղության պայմանագրի ստորագրումը, որը ՀՀ շահերից չի բխում, ապա այժմ, երբ Սոթքում ադրբեջանական անցակետն է, երբ բանակցվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86.6 հազար քառ. կմ-ում ճանաչելու հարցը, Արցախը ներառյալ, ընդդիմադիրները, ինչպես Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, կառուցողական քննարկումներ են իրականացնում իշխանության հետ եւ համազգային համախմբման կոչերով են սահմանափակվում: Հիմա, հայրենիքը փրկելու կարիք չկա՞, ինչպես մեկ տարի առաջ էր։

– Պետք է հասկանանք, որ մեր նոմենկլատուրային ընդդիմությունը գտնվում է Կրեմլի ուժեղ ազդեցության տակ եւ գործողություններում աշխատում է նպաստել ռուսական քաղաքականությանը։ Հենց միայն այն հանգամանքը, որ երբ հանրահավաքների ժամանակ այն պահերին, երբ ժողովրդի քանակը, էներգետիկան եւ միակամությունը բավարար էին Նիկոլին իշխանազերծելու համար, ընդդիմությունը մարդկանց շտապ տուն էր ուղարկում, խոսում է այն մասին, որ ի սկզբանե դրված խնդիրը Նիկոլին հեռացնելը չէր, այլ նրա վրա Մոսկվայի նպատակների իրականացման համար ճնշումներ գործադրելը։

Իհարկե, հիմա էլ կա Հայրենիքի փրկության կարիք, բայց, թերեւս, ինչ-որ տեղ որոշել են, որ հիմա այդ փրկությունը պետք է արտահայտվի ոչ թե հրապարակային հավաքներով ու մարդկանց տուն ուղարկելով (բա որ հանկարծ չգնացի՞ն), այլ ֆեյսբուքյան անողոք ստատուսների ֆորմատով։

– Արցախում էլ քաղաքական կոնսուլտացիաներ են սկսվել. ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը պետնախարարի պաշտոն է ուզում ու եթե նա նախկինում խոսում էր Ադրբեջանի հետ վերաինտեգրման մասին, այժմ հավաստիացնում է, որ իր ծրագրով Արցախի ինքնիշխանությունն ու անկախությունը պահպանվելու է: Նաեւ, նախկինում  նա 44-օրյա պատերազմում պարտության սլաքներն ուղղում էր գեներալների կողմը, նախկինների կողմը, այժմ, կարծես, Նիկոլ Փաշինյանին է մեղադրում՝ ասելով, որ պարտվել ենք, որովհետեւ լավ չենք կառավարել: Ի՞նչ տպավորություն ունեք, Արցախում ի՞նչ է կատարվում:

– Արցախի պետնախարարի պաշտոնը՝ քաղաքական առումով, թափուր է մնացել Ռուբեն Վարդանյանից հետո։ Սամվել Բաբայանի մասին զուտ պետք է հիշել, որ նա նստել է ադրբեջանական բանտում, որտեղից նրան ադրբեջանցիներն անհասկանալի պայմաններով են ետ ուղարկել, իսկ դրանից հետո պարոն Բաբայանը մահափորձեր է կազմակերպել հայկական երկու պետությունների ղեկավարների նկատմամբ։ Այնպես որ, պետք չէ պարոն Բաբայանի գործողությունների մեջ բարոյական առանցք փնտրել։

44-օրյա պատերազմի ժամանակ նա հանդես էր գալիս որպես մոլի նիկոլիստ, եւ գեներալներին էլ մեղադրում էր՝ պարզապես Նիկոլին արդարացնելու համար։ Չեմ կարծում, թե  այս ընթացքում երկու գործիչների միջեւ հարաբերությունները փոխվել են։ Ամեն դեպքում, Նիկոլը սիրում է քաղաքական համոզմունքներ չունեցող եւ զիգզագներով քաղաքական հետք ունեցող գործիչներին, իսկ պարոն Բաբայանն էլ հազիվ թե կարողանար ավելի հզոր նոր տեր գտնել՝ ամեն դեպքում, եթե չեմ սխալվում, մինչեւ այժմ էլ նրա մուտքը Ռուսաստան արգելված է։

Կարծում եմ՝ ,հենց Նիկոլն է նրան գործուղում Արցախ իր դիրքերն այնտեղ ամրապնդելու եւ բարոյական խնդիրներով ամենեւին չկաշկանդված գործակալ ստանալու համար։ Ի դեպ, ձեր նշած հանրահավաքը սակավամարդ էր, եւ եթե պարոն Բաբայանը նշանակվի պաշտոնի, ապա միայն Նիկոլի հրամանով, եւ ոչ թե զանգվածների ճնշման տակ։

Դե, իսկ, որ հիմա Նիկոլին քննադատում է, ապա խաղի կանոններն են այդպիսին. առանց Նիկոլին քննադատելու չես կարող Արցախում քիչ թե շատ լեգիտիմանալ եւ հայտնվել քաղաքականության մեջ։

 Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
19.05.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031