Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր հզոր ցանցերի ժամանակն է

Մայիս 19,2023 10:00

2021 թվականին «Հ1»-ին տված իր վերջին հարցազրույցում Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը կարեւորել էր հանրային ինտելեկտուալների դերը, որը, նրա կարծիքով, ժամանակակից հայ մտավորականները չեն կատարում: Նրանք, ըստ առաջին նախագահի, պետք է բացատրեին հասարակությանը, թե որն է մեր խնդիրների լուծման ռացիոնալ ուղին, սակայն մեծ մասամբ դա չեն արել եւ չեն անում՝ ընկնելով ինչ-որ ցնորքների հետեւից: Որպես օրինակ՝ Տեր-Պետրոսյանը բերել է, մասնավորապես, ֆրանսիացի մտածող Ժան-Պոլ Սարտրին, որը 1950-60 թվականներին հսկայական ազդեցություն է ունեցել իր երկրի հասարակական կյանքի վրա:

Դիտարկումն, ընդհանուր առմամբ, ճիշտ է: Պարզապես պետք է ավելացնել, որ այսօր Ֆրանսիայում նույնպես չկան հանրային դեմքեր, որոնք իրենց ազդեցությամբ կարող են համեմատվել Սարտրի հետ: Իսկ վերոհիշյալ ժամանակահատվածում Հայաստանում (այն ժամանակ՝ Խորհրդային) կային աչքի ընկնող մտավորականներ՝ Պարույր Սեւակ, Սիլվա Կապուտիկյան, Հովհաննես Շիրազ, որոնք մեծ հեղինակություն ունեին հասարակության տարբեր շերտերում եւ, ըստ այդմ, ձեւավորում էին մթնոլորտը: Այդ մթնոլորտը, հիշեցնեմ, հագեցված էր պատմական տրավմայի եւ կորուսյալ երկրի ցավով. հավանաբար, չեմ սխալվի, եթե ասեմ, որ դա 1988 թվականի ժողովրդական շարժման ակունքներից մեկն է:

Հիմա իմ նպատակը չէ՝ որոշել, թե ինչն էր այդ հոսանքի մեջ ճիշտ կամ սխալ, ոչ էլ, բնականաբար, համեմատել մեր տաղանդավոր բանաստեղծներին ֆրանսիացի փիլիսոփայի հետ: Ես համեմատում եմ ժամանակաշրջանները եւ ենթադրում եմ, որ նման ազդեցիկ մտավորականների ժամանակն անցել է ամբողջ աշխարհում: Պատճառներից գլխավորը հասարակությունների տրոհումն է՝ համացանցով պայմանավորված, ինչպես նաեւ «սոցցանցային դարում» ցանկացած գաղափար եւ ցանկացած անհատի վարկաբեկելու դյուրությունը:

Ինչո՞ւ է այդ հարցն արդիական: Զուտ տեսականորեն կարելի է կանխատեսել, որ ինչ-որ մի X պահի մեր ժողովրդի մեջ կարթնանա ազգային արժանապատվությունը եւ պետություն ունենալու ձգտումը: (Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գլխին լինելը այդ երկուսի բացակայության նշան է): Երբ այդ արթնացումը տեղի ունենա, կսկսվի նոր վերելք: Ի՞նչն է այդ թռիչքը նախապատրաստելու՝ արդյոք ի հայտ կգա՞ն նոր Սեւակներ եւ Շիրազներ: Կասկածում եմ:

«Հզոր անհատների» ժամանակն անցել է: Հիմա հզոր ցանցերի ժամանակն է: Այդ ցանցերը, եթե խելացի ձեւով կազմակերպվեն, կարող են միավորել ողջ հայությունն ու տալ նոր որակ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Արդարեւ, եթէ Սարթրի, Սեւակի, Շիրազի ժամանակներին, Համացանց – եւ սմարթֆօն – գոյութիւն ունենար, անոնք ալ, այդ հեղինակութիւնն ու ազդեցութիւնը չէին ունենար: Իրենց ալ բանի տեղ չէր դներ հասարակութիւնը, եւ թերեւս կը դառնային մինչեւ իսկ թիրախը՝ որոշ հանրային ծաղրանքի, խեղկատակութեան, «վիճաբանութիւններու»…

    Հիմա, իւրաքանչիւր անհատ ամենագէտ է, եսամոլ ու պորտապաշտ, ինքն իր հնարած աշխարհին կեդրոնը, իր մոլորակն ու իր արեւը: Առանց գիտակցելու անշուշտ թէ խորքին մէջ որքան աննշան է ինք, ինչպիսի ազդեցութիւնների, manipulationի ենթակարկուած է, որոնք իր ամբողջ ինքնութիւնը կը դարձնեն արուեստական, շինծու, խամաճիկային: «Արուեստական Խելացութիւն» ըսուածը արդէն անէացուցած է բնական խելքը, Մարդու հարազատ իմացութիւնը:

    Կայացած երկիրներու համար, արդիականութեան այս հիմնական եւ հիւանդագին երեւոյթին հետեւանքները, նոյնքան աղէտալի չեն, սակայն, որքան Հայաստանի նման տեղ մը:

    Առաջին Նախագահին ժամանակ, չկար այդ ամէնը: Երանի թէ ան, աւելի լաւ օգտագործէր այդ վերջին առիթը: Փոխանակ բանալու այն ուղին, որու վրայէն քալելով, այժմու իշխանաւորները հասան, ուր որ են:

    Նոյնիսկ եթէ կը կարծուի որ Անկումի սկիզբը՝ Երկրորդ նախագահը եղաւ, ապա յիշենք թէ զինք, ո՞վ բերաւ Երեւան: Ինչ-ինչ ճատրակային հաշիւներով… Բնական, նոյնիսկ բարձր մակարդակի խելքն ալ, կը դառնայ՝ վնասաբեր, երբ որ նրա տէրը հակում ունի զայն շատ գերագնահատելու:

    Մ. Հայդուկ Շամլեան

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031