Լրահոս
Օրվա լրահոսը

Նվագախմբային կենդանի երաժշտության ներքո ստեղծագործող երեխաները պատրաստվում են ներկայանալ հատուկ հաստատություններում

Մայիս 19,2023 13:00

Հարցազրույց Art&You արվեստի ստուդիայի հիմնադիր տնօրեն Լուսինե Բարխուդարյանի հետ

– Հարգարժան Լուսինե, մեր փոքր քաղաքում կայծակնային արագությամբ են տարածվում տարաբնույթ լուրեր, օրինակ՝ վերջերս ձեր ղեկավարած ստուդիայի սաները (ուսանում է շուրջ 50 սան, սկսած 4 տարեկանից) ներկա գտնվելով Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի «Երաժշտական մարաթոն» նախագծի հերթական համերգին, ունկնդրելով նվագախմբի կատարումները, զուգահեռ փորձել են կտավին հանձնել երաժշտությունից ստացած իրենց էմոցիաները։ Քանիցս լուսաբանելով «Դպրոցականի ֆիլհարմոնիայի» միջոցառումները, գոնե մեզ համար նման դասի անցկացումը նորություն է եւ միանշանակ ողջունելի։ Հետաքրքիր է՝ երեխաների երեւակայությունից ստեղծված աշխատանքները համապատասխանո՞ւմ էին ստեղծագործություններին։

– Մեր ստուդիայում ի սկզբանե պարապմունքները մշտապես ուղեկցվում են դասական երաժշտությամբ, ինչը սաների համար, բնականաբար, նորություն չէր, բայց սա այն դեպքն էր, երբ նրանք ստեղծագործում էին երաժշտության կենդանի կատարման ներքո։ Նշեմ, որ շատ ոգեւորված էի եւ քանի որ ընթացիկ տարին հոբելյանական է Արամ Խաչատրյանի համար՝ կոմպոզիտորի ծննդյան 120-ամյակն է, ֆիլհարմոնիկ նվագախումբը բարձրարվեստ ներկայացրեց նրա ստեղծագործություններից, ինչպես նաեւ հատվածներ Կարեն Խաչատրյանի «Չիպոլինո» բալետից։ Բնականաբար, համերգի ավարտին ստեղծված էին եւ «Չիպոլինոյի» հերոսներին պատկերող աշխատանքներ, եւ խաչատրյանական երկերի կերպարային նկարագիրը ներկայացնող գործեր։ Իհարկե, վերջիններս պատկերում էին յուրաքանչյուր երեխայի երեւակայությունից ու երաժշտությունից ստացած անհատական ազդեցություններ։

– Մենք առաջին անգամ ձեզ հետ հանդիպել ենք 2022թ. գարնանը, ստուդիայի մեկամյա գործունեության առիթով։ Այդ ժամանակ ներկայացնելով կրթամշակութային ձեր օջախի կարճ ճանապարհը, նշել էիք, որ հասցրել եք գեղանկարչական  աշխատանքներով բարձր գնահատականի արժանանալ նույնիսկ միջազգային մրցույթ-փառատոներում, այդ թվում՝ Universe Art-ում։ Ի՞նչ նոր ձեռքբերումներ եք գրանցել դրանից հետո։

– Կուզեի շեշտել, որ ի սկզբանե մենք չենք կենտրոնացել մրցակցության վրա, կարեւորելով սաներին տրվող գիտելիքների որակը։ Բայց միեւնույն ժամանակ ասեմ, որ նման միջոցառումները մոտիվացնում են երեխաներին՝ էլ ավելի մեծ սիրով ու ոգեւորությամբ ստեղծագործելու։ Այս տարի կրկին մասնակցություն ենք ունեցել Universe Art-ին, այս անգամ գրանցելով բարձր նվաճում՝ հինգ սաներ  զբաղեցրին պատվավոր հորիզոնականներ։ Վերջերս 11-ամյա նկարչուհի Ինգա Պետրոսյանը Մոսկվայում կայացած «Վարպետների բարձունք» եւ «Ջրաներկի կախարդանքը» մրցույթներում արժանացել է երկրորդ մրցանակի։ Ի դեպ, սա անակնկալ էր մեզ համար, քանի որ այդ միջոցառումներին Ինգայի մայրն էր առցանց ներկայացրել դստեր աշխատանքները։ Պատկերացնո՞ւմ եք մեր ուրախությունը, երբ Ինգան մրցանակը բերեց ստուդիա։
Պատրաստվում ենք մասնակցել ոչ միայն արտասահմանյան, այլեւ տեղական մրցույթ-փառատոների։ Այս պահին միայն մեկի մասին բարձրաձայնեմ. առցանց կներկայացնենք մեր սաների աշխատանքները աշնանը Հնդկաստանում անցկացվելիք մրցույթ-փառատոնին, իսկ հաղթողները հնարավորություն կունենան հենց այդ երկրում մասնակցել մրցանակաբաշխությանը։

– Ստուդիայի հիմնական ուղղվածությունը նկարչությունն է ու դրանից բխող ենթաճյուղերը՝ տիկնիկագործություն, դեկորատիվ-կիրառական արվեստ…

– Շարունակելով թվարկումը, տեղեկացնեմ, որ այս տարի ընդլայնել ենք ենթաճյուղերը։ Գումարվել են կավագործությունը եւ կախարդական ջրային նկարչությունը։

– Ջրային նկարչությունը, գոնե մեզ մոտ, համեմատաբար նոր ճյուղ է։ Համապատասխան մասնագետներ կա՞ն։

– Ընդհանրապես մեծ ուշադրություն ենք դարձնում մանկավարժների կատարելագործմանը, նույնիսկ կան դեպքեր, երբ որոշ մասնագետներ «սուսիկ-փուսիկ» իրենց նախաձեռնությամբ են մասնակցում նման ձեռնարկների։ Այսօր արդեն Աննա Ավագյանը սկսել է երեխաներին ծանոթացնել ջրային նկարչության իսկապես կախարդական տեխնիկային։

– Արտասահմանում վաղուց ընդունված է, որ երեխաներն իրենց աշխատանքները ցուցադրում են նաեւ մեծահասակների խնամքի կենտրոններում ու մանկան տներում…

– Օրերս զրուցել եմ Երեւանի «Մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիդա Ջուլհակյանի հետ, մեր ստուդիայի սաների աշխատանքները ցուցադրելու, ինչպես նաեւ մեր մանկավարժների մասնակցությամբ վարպետաց դասեր անցկացնելու նպատակով։

Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
18.05.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031