Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Երիտասարդական թատրոնի ճեմասրահում մայիսի 16-18-ը նույն բուհի Ուսանողական գիտական, ստեղծագործական ընկերության նախաձեռնությամբ կայացավ արցախաբնակ լուսանկարիչների՝ «Շրջափակման ձայնը» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը։ Կազմակերպիչների խոսքով՝ ցուցահանդեսի գլխավոր նպատակն Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը հանրությանը, հատկապես երիտասարդությանը ներկայացնելն է արվեստի լեզվով։
Ուսանողական գիտական, ստեղծագործական ընկերության նախագահ Վովա Արզումանյանի տրամադրած տեղեկությունների համաձայն՝ Արցախում ապրող մի խումբ լուսանկարիչներից ստացել են մոտ հարյուր լուսանկար, որոնցից ցուցահանդեսի շրջանակում ներկայացված են երեսուներեքը։
«Հաշվի ենք առել լուսանկարների ներքին բովանդակային կողմն ու գեղագիտական արժեքը»,- մանրամասնել է Արզումանյանը՝ հավելելով, որ երբ մարդկային լեզուն դադարում է խոսել, արվեստն է առաջ գալիս եւ արվեստի լեզուն է փորձում մարդկային միտք մտնել։ «Այս ցուցահանդեսը նաեւ ապացույցն է այն բանի, որ Արցախում այսօր ապրում են մեր հայրենակիցները, որոնք իսկական հայի մարմնացում են՝ ուժեղ, պայքարող, հող հայրենիին տեր կանգնող։ Արցախը հայկական է»,- ընդգծեց Վովա Արզումանյանը։
ԵԹԿՊԻ-ի ռեկտոր, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Սառա Նալբանդյանն էլ իր հերթին կարեւորեց նման նախաձեռնությունները, ողջունեց ՈՒԳՍԸ-ի գործունեությունն ու իր զորակցությունը հայտնեց Արցախում ապրող մեր հայրենակիցներին։ Իսկ Թատրոնի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Աննա Հեքեքյանը շնորհակալություն հայտնեց Արցախում բնակվող մարդկանց՝ նրանց ուժի, հայրենասիրության համար։ «Մենք հիմա կիսատ ենք ապրում, կիսատ ենք շնչում, կարելի է ասել՝ գոյատեւում ենք կիսատ-պռատ, եւ միայն Արցախում ապրող հայերի տոկունությունն է, որ մեզ տալիս է մի քիչ մեր մեջքն ուղղելու կարողություն եւ հույս, որ մենք դեռ կպայքարենք»,- նշել է պրոֆեսոր Աննա Հեքեքյանը։
Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանն ընդգծում է, որ այսօրինակ դժվարին օրերին ցուցահանդեսը կարեւոր նախաձեռնություն է, որը ներկայացնում է այսօր Արցախում ընթացող կյանքը: «Մեր պատմության մեջ առաջին անգամ չէ, երբ մենք, չնայած բոլոր դժվարություններին, կարողացել ենք հաղթահարել փորձությունները, կարեւորագույն նախապայման է, որ բոլորս պետք է համախմբվենք եւ մեր կարողությունների, մեր գիտելիքների, փորձի չափով փորձենք օգտակար լինել։ Եվ այսօր Արցախի մեր հայրենակիցներն իրենց ամենօրյա կյանքով ցույց են տալիս այդ դիմադրությունը, եւ վստահեցնում ենք, որ այդ պայքարը շարունակվելու է, իսկ հաջողություն մենք կարող ենք ունենալ միայն համախմբվելու պարագայում»,-ասաց արտգործնախարարը։
Տեր Սեւակ քահանա Սարիբեկյանն էլ նշում է՝ նկարների մեջ ցավ ու տխրություն, հոգի տանջող զգացումներ են, բայց հետաքրքիր կերպով բոլոր նկարների մեջ լույս կա, որը հույսի է նմանվում։ «Երբ որ մեր շուրջը տեսնում ենք դժվարություններ, առանց հոսանք, առանց գազ իրավիճակ, ապա հենց նույն պահին չենք մոռանում արեւը։ Եվ կարծես սա բերում է հենց երկնքից օրհնությանը։ Եթե մեր շուրջը չկա մեկը, որ օգնի, ապա գալիս է օգնելու Բարձրյալը։ Ինչքան էլ դժվար լինի, կարեւորը հույսը եւ լույսը չկորցնելն է, ու սա մի նոր ելակետ է։ Մենք ոչ թե պետք է ողբանք ու կոծենք մեր ձեռքերը մեր ծնկներին տալով, այլ բարձրացնենք վերեւ, ու թող Աստված օրհնություն տա Արցախ աշխարհին»,- եզրափակեց Տեր Սեւակ քահանա Սարիբեկյանը։
Կարդացեք նաև
Ինչպես տեղեկացանք կազմակերպիչներից՝ ցուցահանդեսը նախատեսվում է անցկացնել նաեւ Գյումրիում եւ Վանաձորում։ Կազմակերպչական աշխատանքներին ներգրավված են լինելու նաեւ ԵԹԿՊԻ-ի վերոնշյալ երկու քաղաքների մասնաճյուղերի ուսանողները։
Իզա ԱՍԾԱՏՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
18.05.2023