Եթե կա գիտակցում, որ չորս կողմից անում են ամեն ինչ, որ մենք չլինենք որպես պետություն եւ եթե առաջիկա 2-3 տարիները վճռորոշ են Հայաստան պետության գոյության համար, ուրեմն, Հայաստանի իշխանությունն ու ընդդիմությունը պետք է ունենային լիովին այլ քաղաքական օրակարգ:
Անցած կիրակի Բրյուսելի եռակողմ բանակցությունների օրը Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը զարմանալի լավատեսությամբ է խոսել հայ-ռուսական հարաբերությունների մասին: Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ գործընկերային հարաբերությունները փայլուն ապագա ունեն, թեեւ կան զգայուն պահեր, ասել է նա, երկու դաշնակից երկրների հարաբերություններն անվանելով` «հատուկ հարաբերություններ, գործընկերություն», որոնք ունեն խորը պատմական արմատներ: Թե մասնավորապես որ ոլորտներում են «զգայուն պահերը», Պեսկովը չի մանրամասնել։
Փաշինյանի ու Պուտինի հրապարակային հանդիպումներից ամենեւին տպավորություն չի ստեղծվում, որ նրանց հարաբերություններում լարվածություն կա: Ավելին, Պուտինը երբեմն իրեն թույլ է տալիս որոշ ժեստեր, որոնք նույնիսկ հուշում են, թե որքան ջերմ է նա վերաբերվում Հայաստանի վարչապետին: Իհարկե, այն, ինչ հրապարակային է, այսպես ասած` խաբուսիկ է: Պետությունների ու նրանց ղեկավարների միջեւ առավել կարեւորն այն է, թե ինչ կա ոչ հրապարակային տիրույթում:
Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանի ստորագրությունը դրվել է Արցախի եւ Հայաստանի անվտանգությանը վերաբերող կարեւորագույն փաստաթղթերի տակ, այսինքն, Փաշինյանն ընդունել է ռուսական կողմի միջնորդությամբ ճակատագրական որոշումներ: Փաշինյանն այսօր էլ, երբեմն, հասկացնել է տալիս, որ պատրաստ է ընդունել եւ ընդունում է ռուսական առաջարկները` հայ-ադրբեջանական խնդիրների կարգավորման գործընթացում:
Կարդացեք նաև
Ոչ միայն այս հարցում է Հայաստանն իր բարյացակամությունը արտահայտում: Չեխական «Respekt» ամսագրին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների հարցին՝ Հայաստանից Ռուսաստան արտահանման աճի համատեքստում, նշել է, որ Ուկրաինայի իրադարձություններից հետո բեռնափոխադրումների լոգիստիկ շղթաները չեն գործում։ Շատ ապրանքներ, որոնք ուղղակիորեն մատակարարվում էին Ռուսաստան, այժմ այնտեղ են գնում Հայաստանի, Ղազախստանի եւ այլ երկրների միջոցով։ «Օրինակ՝ խմիչքները, որոնք ենթակա չեն պատժամիջոցների, խնդիր չեն: Մինչեւ 2022թ. փետրվարը նրանք գնում էին Լեհաստանով ու Բելառուսով, հիմա գնում են Հայաստանով։ Խոսքը միայն երթուղիների փոփոխության մասին չէ, եվրոպական փոխադրողների մեծ մասը հրաժարվում է ուղղակիորեն համագործակցել ռուսական շուկայի հետ։ Իսկ ռուսական փոխադրողները չեն կարող դրանք հասցնել Լեհաստան։ Այսպիսով, ստեղծվեցին բոլորովին նոր լոգիստիկ երթուղիներ, այդ թվում՝ նաեւ Հայաստանի տարածքով։ Բայց պատժամիջոցի տակ գտնվող ապրանքների մասով փորձում ենք հնարավորինս թափանցիկ լինել, համագործակցում ենք ԵՄ-ի, ԱՄՆ-ի եւ նույնիսկ հենց Ռուսաստանի հետ։ Մենք ԵԱՏՄ անդամ ենք եւ շատ սերտ տնտեսական կապեր ունենք Ռուսաստանի հետ եւ հայկական բիզնեսը սիրում է մասնակցել այն ծրագրերին, որոնք ստեղծվել են վերջին շրջանում։ Այնտեղ, որտեղ ազատ տեղ կա, մենք ուրախությամբ բավարարում ենք ռուսական պահանջարկը։ Պատժամիջոցները մեր կարմիր գիծն են։ Եվ մենք դա շատ հստակ ասում ենք ռուսներին. մենք չենք ուզում ձեզ վնասել, բայց մենք չենք կարող մեզ թույլ տալ ինքներս հայտնվել պատժամիջոցների տակ։ Այստեղ ոչ մի գաղտնիք չկա»,- նշել է Փաշինյանը։
Մինչդեռ հայաստանյան քաղաքական դաշտում, քննարկումներում մի այնպիսի մթնոլորտ է, որը, կարծես, արհեստականորեն է ուղղորդվում:
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն օրերս հայտարարել է, որ Հայաստանը Ռուսաստանից չի ստանում այն սպառազինությունը, ինչ պատվիրել է եւ ինչի համար վճարել է։ Այն մեխանիզմները, որոնք պետք է ապահովեին Հայաստանի անվտանգությունը, փլուզվել են, նորերը չեն ստեղծվել, սա է ճգնաժամը, «Новaя газетa Европа»-ին տված հարցազրույցում ասել է Արմեն Գրիգորյանը։ Հարցին, թե ինչ պետք է անել, Գրիգորյանը պատասխանել է. «Փնտրել նոր մեխանիզմներ եւ սպառազինության մատակարարումներ, քանի որ օբյեկտիվորեն մենք չենք ստանում այն, ինչ պատվիրել եւ ինչի համար վճարել ենք Ռուսաստանին»։ Դիտարկմանը, թե խոսքը 2021թ. հարյուր միլիոնավոր դոլարների պայմանագրի մասին է, Գրիգորյանն արձագանքել է. «Մի քանի նման պայմանագրերի մասին, դա միակը չէ»։ Նա նաեւ հիշեցրել է, որ Հայաստանն այդպես էլ չստացավ ՀԱՊԿ-ից այն արձագանքը, որն ակնկալում էր Ադրբեջանի նախորդ տարվա ագրեսիայի ժամանակ։ Գրիգորյանը խոստովանել է, որ այդ ժամանակ եղել են նույնիսկ քննարկումներ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին. «Ճիշտն ասած, այո, նման քննարկումներ եղել են, սա բնական արձագանք է»։
Որքան էլ ՀՀ իշխանության ներկայացուցիչները զենքի մատակարարման ու ՀԱՊԿ-ի հարցով դժգոհեն, ակնհայտ է, որ սրանք հարցեր են, որոնց լուծումը հրապարակային դաշտում չէ: Թե՞ պաշտոնական Երեւանն ակնկալում է, որ Կրեմլն ու ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները, որոնք ջերմ հարաբերություններ ունեն Ալիեւի հետ, պետք է արդարանան, կամ ներողություն խնդրեն Հայաստանից ու հայ ժողովրդից: Հետեւաբար, թշնամի պետությանը շարունակաբար Հայաստանի թույլ ու խոցելի կողմերը ցուցադրելու փոխարեն՝ Հայաստանի իշխանությունները պարտավոր են հանրությանը ներկայացնել, թե կարողանո՞ւմ են լուծել հայ-ռուսական հարաբերություններում «զգայուն պահերը»: Նրանք որպես իշխանություն պարտավոր են լուծել խնդիրներ, ոչ թե ավելացնել դրանք:
Հայաստանը տեւական ժամանակ է, ինչ հրապարակային պահանջում է Ռուսաստանից կատարել իր պարտականությունները Լաչինի միջանցքի առնչությամբ, որը շարունակում է փակ մնալ նախորդ տարեվերջից։ Լավ է, որ Հայաստանի իշխանությունը հրապարակային է այս կարեւոր խնդրի մասին հայտարարում, սակայն բացասական փաստ է, որ իշխանությունը միայնակ է այս հարցում: Սա այն թեման էր, որում հայաստանյան քաղաքական դաշտը, հասարակությունը պետք է միասնական լինեին:
Մեզ մոտ հակառակ պատկերն է: Հայաստանյան ընդդիմությունը Ռուսաստանի ցանկացած արարք արդարացնելու ճանապարհին այնպիսի ջանքեր է գործադրում, որ մի պահ անգամ ցանկություն է առաջանում հորդորել մեր ընդդիմադիրներին նախ Հայաստանն այդչափ ուժգին սիրել, հետո` Ռուսաստանը:
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն օրերս ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որքանո՞վ է նորմալ Արեւմուտքի ու Ալիեւի հետ «խաղեր տալ», ՌԴ-ին սպառնալիք համարել, Հայաստան ԵՄ դիտորդներ բերել, բայց ՌԴ-ից ակնկալել սպառազինություն…»։ Իսկ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն անդրադառնալով դիտարկմանը, որ թե՛ Ռուսաստանը, թե՛ ՀԱՊԿ-ն չեն կատարում իրենց պայմանագրային պարտավորությունները Հայաստանի հանդեպ, նկատել է, որ նրանք շատ հստակ հարց են դնում՝ «մենք չենք կարող լինել ավելի հայ, քան՝ դուք»։ Նրա խոսքով՝ միջնորդի դերում հանդես եկող ՀԱՊԿ-ը կամ Ռուսաստանը չեն կարող ոչինչ անել, եթե Հայաստանն իր իրավունքները չի պաշտպանում։
«Ռուսները չեն կարող լինել ավելի հայ, քան՝ հայերը» միտքը 44-օրյա պատերազմի օրերին հնչում էր ռուսական պետական հեռուստաալիքների թոք-շոուների եթերում, երբ դեռ պատերազմի արդյունքը հայտնի չէր, սակայն ռուսական կողմն արդեն կողմերի միջեւ չեզոքություն ցուցաբերելու հարցում ինքնաբուխ «արդարանում» էր հենց այս «ցնցող» մտքով: Հայաստանի ընդդիմությունը դեռ որքա՞ն է շարունակելու ռուսական քարոզչական այս թեզը կրկնել: Դա օգո՞ւտ է բերում Հայաստանին ու Արցախին: Դրա մասին պե՞տք է անընդհատ հիշեցնել, մանավանդ որ, մեր նորանկախ պետությունը դեռ արցախյան առաջին պատերազմում համոզվել է, որ ռուսը ավելի հաճախ նախընտրում է լինել ուժեղի կողմում, եւ ոչ միայն ռուսները: Թե՞ հայաստանյան ընդդիմությունն էլ որոշել է ռուսից ավելի ռուս երեւալ:
Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները խիստ կարեւոր են: Այդ հարաբերություններում առկա «զգայուն պահերի» մասին իշխանություններն ասում են ավելին, քան պետք է հնչեցնել հրապարակային: Հայաստանի դիրքերն ամրապնդելու հարցում Ռուսաստանից, եւ ոչ միայն Մոսկվայից, ողջ քաղաքակիրթ աշխարհից համարժեք արձագանք, քայլեր ակնկալելու, պահանջներ ներկայացնելու հարցում պետք է իշխանությունից առավել անկաշկանդ գործեր հենց հայաստանյան ընդդիմությունը: Սակայն արվում է ճիշտ հակառակը:
Ու այս ամենի արդյունքում, տպավորություն է ստեղծվում, որ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը Հայաստան պետության հիմքերը թուլացնելու հարցում ունենում են իրենց դերակատարումը: Եթե դա իրականացնում են չգիտակցելով, ինչո՞ւ են նրանք մինչեւ հիմա իշխանություն ու ընդդիմություն Հայաստանում: Եթե գիտակցաբար են այդպես վարվում, ուրեմն մեր երկիրն, իսկապես, բռնել է ինքնաոչնչացման ուղի, ընդ որում` ամենակարճը:
Մի առիթով վերջերս Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում խոսում էր խաղաղությունից, հայրենասիրությունից ու ասաց. «Հայաստանը պետք է հայտարարի, որ տարածքային նկրտումներ ոչ միայն չունի, այլեւ չի ունենալու։ Սա է այն միակ սկզբունքը, որ շանս կտա մեզ պետություն ունենալ։ Հակառակ դեպքում, ասում եմ՝ չորս կողմից ամեն ինչ անելու են, որ մենք չլինենք որպես պետություն, եւ անում են»։ Իսկ Չեխիայում տեղի հայերի հետ հանդիպման ժամանակ նա նշեց. «Եթե առաջիկա 2-3 տարիներին պահենք մեր պետությունը, կպահենք առաջիկա 100 տարվա ընթացքում»:
Եթե կա գիտակցում, որ` «չորս կողմից ամեն ինչ անելու են, որ մենք չլինենք որպես պետություն, եւ անում են» եւ եթե առաջիկա 2-3 տարիները վճռորոշ են Հայաստան պետության գոյության համար, ուրեմն, Հայաստանի իշխանությունն ու ընդդիմությունը պետք է ունենային լիովին այլ քաղաքական օրակարգ, ոչ այն, որը հիմա է` ռուսին սիրե՞նք ու ծառայենք, թե՞ Արեւմուտքին…
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 18.05.2023