Համատեղ նիստի նպատակն է քննարկել հարցերն ավելի լայն տեսանկյունից, ինչպիսիք են գյուղատնտեսության խնդիրները, ջրի հարցը, ինչպես նաեւ մթերումների հետ կապված խնդիրները, քանի որ դրանք ուղղակի եւ անուղղակի կերպով առնչվում են միմյանց հետ. Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության եւ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների՝ մայիսի 18-ին կայացած համատեղ նիստում նշել է Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը:
Նիստում քննարկվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում 2022 թվականի պետական բյուջեի տարեկան կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը:
Հաշվեքննիչ պալատի անդամ Կարեն Առուստամյանը ներկայացրել է ֆինանսական եւ համապատասխանության հաշվեքննության արդյունքները: Պալատի ծրագրի համաձայն՝ նախարարությունում իրականացվել է չորս հաշվեքննություն՝ 2022 թվականի երեք ամիսների, վեց ամիսների եւ ինն ամիսների, այնուհետեւ նաեւ տարեկան կատարման հաշվեքննություններ:
Հիմնական զեկուցողի խոսքով հաշվեքննության հիմնական նպատակն է որոշել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում պետական բյուջեի կատարման գործընթացում ֆինանսական փաստաթղթերի վարման եւ դրանց արդյունքում ձեւավորված հաշվետվությունների արժանահավատությունը, ինչպես նաեւ ամբողջ գործընթացում պետական բյուջեի կատարմանը վերաբերող համապատասխանությունն օրենսդրության եւ քաղաքացիա-իրավական պայմանագրերի չափանիշներին: Ընդհանուր առմամբ հաշվեքննվել է 12 միջոցառում: Դրանց վերաբերյալ հաշվեքննություն իրականացնելու համար նախարարությունից պահանջվել եւ ստացվել է բավարար տեղեկատվություն, բացառությամբ երկու՝ տնտեսության արդիականացման միջոցառմանը պետական աջակցության եւ Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող զբոսաշրջության ոլորտում ՀՀ տարբեր մարզերում ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված միջոցառումների: Նշված միջոցառումների վերաբերյալ տեղեկատվությունը նախարարության կողմից հաշվեքննության ընթացքում այդպես էլ չի ներկայացվել եւ հնարավորություն չի եղել իրականացնել համապատասխան հաշվեքննություն: Այնուամենայնիվ, հասանելի եւ տրամադրված տեղեկատվության հիման վրա հաշվեքննության ենթարկված միջոցառումների շրջանակում արձանագրվել է ավելի քան 30 անհամապատասխանություն: Արդյունքում բացահայտվել է տարբեր հաշվետվությունների եւ ֆինանսական ցուցանիշների խեղաթյուրման 12 դեպք՝ ընդհանուր 601 մլն դրամի չափով: Դրանցից մեկն արդեն վերացվել է, իսկ երեքն ընթացքում են: Հիմնական ուղղություններում նախարարության հետ կառուցողական համագործակցության արդյունքում հաջողվել է արդյունավետ հաշվեքննություն իրականացնել:
Կարդացեք նաև
Կարեն Առուստամյանն անդրադարձել է ՀՀ-ում խաղողի՝ ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների եւ հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության միջոցառումներին: Ծրագրով նախատեսված աշխատանքները, շահառուների կողմից ծախսերի վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը, ինչպես նաեւ աշխատանքներն ավարտելուց հետո նախարարության կողմից կատարված տեղազննության արդյունքները համադրելուց պարզվել է, որ 36 շահառուների կատարած աշխատանքները, որոնց համար վճարվել է 611 մլն դրամի փոխհատուցում, չեն համապատասխանում նախարարության կողմից տրամադրված ծրագրի պայմանների եւ պահանջների վերաբերյալ պարզաբանումներին:
Զեկուցողի խոսքով ինչպես նախկինում, այնպես էլ 2022 թվականի ընթացքում արձանագրվել են խնդիրներ, սակայն նոր ստանդարտների եւ գործիքակազմի ներդրումն ու կիրառումը կնպաստի դրանց լուծմանը կամ առնվազն մեղմելուն, եւ թույլ կտա վերահսկել տոկոսադրույքների, սուբսիդավորման շրջանակում սուբսիդավորման ենթակա տոկոսագումարների ճշտությունը:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր ելույթում պարզաբանումներ է ներկայացրել անհամապատասխանությունների եւ խեղաթյուրումների վերաբերյալ: Նա կարեւոր է համարել Հաշվեքննիչ պալատի հետ համագործակցությունը, ինչը հնարավորություն է տալիս եւս մեկ անգամ քննարկել ու լուծման ուղիներ գտնել հայտնաբերված թերացումները շտկելու համար: Վահան Քերոբյանը համաձայնություն է հայտնել Հաշվեքննիչ պալատի որոշ եզրակացությունների հետ եւ փաստել, որ իրավապահ մարմիններն արդեն քննության առարկա են դարձրել մի քանի անհամապատասխանություններ:
Վահան Քերոբյանն անդրադարձել է բանկերի կողմից վարվող պետական աջակցության ծրագրերի ընթացքում առաջ եկած բարդություններին: Դրանց թվին են պատկանում ե՛ւ սուբսիդավորման, ե՛ւ մթերման վարկերի ծրագրերը, երբ բանկային գաղտնիքի եւ բանկերի կողմից տրված վարկերի արդյունավետությունը գնահատելու ուղղությամբ բավարար գործիքակազմի բացակայության պայմաններում հետազոտությունները դժվարանում են: Այդ պատճառով, համաձայն նոր մեխանիզմների՝ բանկերը պարտավորվում են մինչեւ 2024 թվականի հուլիս ամիսն անկախ աուդիտորի կողմից ներկայացնել այդ ծրագրի ներքո տրված վարկերի արդյունավետության վերաբերյալ հաշվետվություն:
Էկոնոմիկայի նախարարը նաեւ նշել է, որ «Բանկային գաղտնիքի մասին» օրենքը շատ դեպքերում թույլ չի տալիս վարկերի եւ վարկառուների վերաբերյալ ստանալ ամբողջական տեղեկատվություն: Նա նշել է, որ ՀՊ-ի հաշվեքննությունը գնահատում է արդյունավետ: «Հաշվետվությունն օգտագործում ենք որպես ապագա գործողությունների պլան»,- ասել է Վահան Քերոբյանը:
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանն ընդգծել է այն հանգամանքը, որ Հաշվեքննիչ պալատը ներկայացրել է ոչ թե քննադատություն այս կամ այն ծրագիրը չկատարելու մասին, այլ իր առաջարկություններով նախարարությանն ուղղորդում է ծրագրերի իրականացման արդյունավետության բարձրացմանը: Գեւորգ Պապոյանը տնտեսության մեջ գյուղատնտեսության համեմատաբար ավելի ցածր աճը մեկնաբանել է այնպիսի գործոններով, ինչպիսիք են, օրինակ, ինտենսիվ այգիների դեպքում ավանդական սորտերը մեխանիկորեն ավելի խիտ տնկելով, այլ ոչ թե ինտենսիվ այգուն բնորոշ բույսերի նորագույն տեսակների եւ սորտերի ճիշտ ընտրությամբ առաջնորդվելը: Ըստ նրա՝ այս պարագայում այգիները չեն կարող տալ անհրաժեշտ արդյունք:
Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը խոսել է հաշվեքննության խնդիրներից: Ըստ նրա՝ «Բանկային գաղտնիքի մասին» օրենքը չի խոչընդոտում վարկերի եւ վարկառուների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն ստանալուն:
Նիստի ընթացքում զեկույցով է հանդես եկել նաեւ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գեւորգյանը՝ ներկայացնելով ոլորտի խնդիրներն ու ոռոգման համակարգերում ընթացող աշխատանքները: Ըստ նրա՝ 2023 թվականը սակավաջուր տարի է: Հինգ ջրամբարներում ոչ բավարար չափով ջուր է կուտակված: Սեւանա լճի բացասական սալդոն 15 սանտիմետր է: Այս տարի նախատեսվում է լճից 70 մլն խորանարդ ջրառ կատարել:
Նշվել է, որ անհրաժեշտ է ջրի տարբերակված սակագին սահմանել, իսկ ջրօգտագործողները պետք է սուբսիդավորվեն:
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը հորդորել է, որ սակավաջուր տարի է եւ պետք է գյուղացիներին տեղյակ պահել, որպեսզի մշակեն այնպիսի մշակաբույսեր, որոնք համեմատաբար ավելի քիչ ջուր են պահանջում:
Օրվա բանախոսները պատասխանել են բնագավառի խնդիրների վերաբերյալ պատգամավորների բազմաթիվ հարցերի:
ՀՀ ազգային ժողով