Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ն չպետք է մասնակիցը դառնա ՌԴ ռեժիմի կողմից իրականացվող քաղաքական հետապնդումներին. ՀՔԱ Վանաձորի գրասենյակ

Մայիս 18,2023 22:44

2023-ի մայիսին Երևանում ձերբակալվել էր վոլգորադցի դեռահաս Յարոսլավ Ինոզեմցևը։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ստանձնել էր դեռահասի իրավունքների պաշտպանությունը տեղում։ Ձերբակալումից ժամեր անց դեռահասին ազատ են արձակել։

Չնայած ռուսական մամուլը գրում է արտահանձնման հավանականության մասին, ՀՔԱՎ-ի կողմից ուղարկված հարցմանն ի պատասխան Արդարադատության նախարարությունը հայտնում է, որ Ինոզեմցևի հանձման վերաբերյալ միջնորդություն կամ գրություն դեռևս չի ստացվել: Ոստիկանության բաժանմունքում ևս շարունակաբար շրջանառվել է  Ինոզեմցևին արտահանձնելու մասին տեղեկատվությունը, ըստ որի արդեն կան արտահանձման մասին փաստաթղթերը և շուտով անձը ստիպված է լինելու հանձնվել։

Յարոսլավ Ինոզեմցևը 14 տարեկանից հետապնդման մեջ է։ Մեջբերում ենք հատված Լատվիայից հեռարձակվող Дождь հեռուստաընկերությանը տված հարցազրույցից․

«Յարոսլավը 12 տարեկանից հակակառավարական, հակապուտինյան գրառումներ էր անում Вконтакте-ում։ Նրան սկսել էին հետևել։ Նաև դպրոցում էր փորձում իր քաղաքացիական դիրքորոշումը պաշտպանել, բողոքում էր դպրոցական համազգեստի դեմ։ Երբ քովիդ էր, տանն էին մնում, երեխեքի հետ ինչ-որ ինքնաշեն ճայթուկներ (петарда) էին սարքում և պայթեցնում ձորակում։ Հետո իրենք փորձաքննության ենթարկեցին առգրավված ինքնաշեն ճայթուկը, պարզվեց, որ այն կարող է միայն փայտե արկղ պայթեցնել։ Այսինքն՝ դպրոցը պայթեցնելու համար սա բավարար էլ չէր, ուստի՝ իրենք որոշեցին տղայիս անմեղսունակ ճանաչել և, արդեն ճանաչելուց հետո, նոր հոդված մեղսագրեցին՝ պետական իշխանությունը ապակայունացնելու նպատակով ահաբեկչական գործողություն նախապատրաստելը», – պատմել է Յարոսլավի մայրը։

Ռուսաստանում Ինոզեմցևին մեղադրում են դպրոցի վրա հարձակում նախապատրաստելու մեջ։  Անցյալ տարվա հուլիսին ռուսական դատարանը դեռահաս տղային մեղավոր է ճանաչել ահաբեկչական գործողություն նախապատրաստելու, ապօրինաբար պայթուցիկ նյութեր պահելու համար։ Որպես պատիժ դատարանը նրան հարկադիր հոգեկան բուժում է նշանակել։

3 տարի տևող դատական գործընթացը ավարտվել է վերաքննիչ վճռով, որից անմիջապես հետո՝ 2023-ի մարտին, 17-ամյա Յարոսլավը և նրա մայրը փախել են Ռուսաստանից։ Ռուսական ՆԳՆ-ն տղայի նկատմամբ հետախուզում է հայտարարել։

ՀՔԱՎ-ը ևս մեկ անգամ հայտարարում է, որ Հայաստանը պարտավո՛ր է ձեռնպահ մնալ ՌԴ-ին քաղաքացիներ արտահանձնելու գործընթացից, հակառակ դեպքում Հայաստանը մասնակից կդառնա Ռուսաստանի Դաշնության բռնապետական ռեժիմի կողմից քաղաքական հետապնդման գործընթացին, և ի վերջո նման մասնակցությամբ կխախտի քաղաքական հալածյալների մարդու իրավունքները։ Քանի դեռ իրական է վտանգը, որ արտահանձնվող ՌԴ քաղաքացիները կարող են ենթարկվել խոշտանգումների, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ՌԴ իրավապահ մարմինների կողմից, մեծ է ռիսկը անգամ արտադատական մահապատժի ենթարկվելու, Հայաստանի Հանրապետությունը որպես Եվրոպայի Խորհրդի անդամ պետություն, որպես Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին Եվրոպական կոնվենցիան վավերացրած պետություն, չպետք է կատարի երկու պետությունների միջև գոյություն ունեցող իրավական փոխօգնության մասին պայմանագիրը, որն այլևս առոչինչ է ՌԴ-ի ռեժիմի հակամարդկային և հակաիրավական քաղաքականության հետևանքով։

ՀՔԱՎ իրավապաշտպան ՀԿ-ն պատրաստ է ստանձնել այն անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, որոնք Հայաստան  են եկել իրենց քաղաքական հայացքներով կամ համոզմունքներով պայմանավորված հետապնդումներից խուսափելու հիմքով։

Արտահանձնելուն ուղղված ցանկացած գործողություն ոչ միայն ուղղակիորեն խախտում է ՀՀ օրենսդրության մաս կազմող նորմերը, այլև հանդիսանում է ժողովրդավարական և իրավական արժեքների դեմ ուղղակի ոտնձգություն։ Ուստի գրասենյակը կոչ է անում ՀՀ իրավապահ մարմիններին՝ ձեռնպահ մնալ նման ոչ իրավաչափ գործողություններից և յուրաքանչյուր պարագայում կոչված լինել Մարդու՝ գերագույն արժեքի իրավունքների ու ազատությունների պաշտպանությանը։

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031