Մայիսի 20-ին «Կամավորական շարժում» հասարակական կազմակերպությունը Կոռնիձորում հանրահավաք է հրավիրել: Այսօր կազմակերպության նախագահ Հրանտ Մարգարյանը ՀՅԴ երիտասարդական միությունում «Հանուն Արցախի, ընդդեմ Ադրբեջանի հանրահավաքին» ընդառաջ փորձեց պատասխանել հարցին՝ ո՞րն է ելքը: Մինչ այդ, նա անդրադարձավ հետպատերազմյան շրջանին՝ արձանագրելով, որ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը դադարեց գործոն լինել տարածաշրջանում, ապա օր-օրի սկսեց կոտրվել ժողովրդի հոգեբանությունը՝ նրան մատուցելով, որ ինքը թույլ է, անպաշտպան է, բանակ չունի, ունի դասալիքներ եւ այդ ընկճվածությունը դարձավ համատարած ու սա հանգեցրեց նրան, որ փրկություն սկսեցինք փնտրել Ռուսաստանում, Եվրոպայում, ԱՄՆ-ում, բայց ոչ մեր մեջ:
Պատերազմի պարտությունը, զոհերը, հայրենիքի մասերի կորուստն, ըստ նրա հաճախ այդչափ ծանր չէր, որքան այն հոգեբանական հարվածը, որը ստացավ ժողովուրդը՝ պարտվելով եւ հույսը կորցնելով. «Հեռուստացույցով ցույց տվեցին, որ թուրքը մոտենում է մեր դիրքերին, մեր զինվորներին ծեծում է. այսինքն, այս ամբողջը լավ կազմակերպված էր՝ հասկացնելու մեր ժողովրդին, որ դու չես կարող հայրենիք ունենաս, Արցախ ունենաս, նոր հաջողություն ունենաս, դու պետք է համակերպվես թուրքի հետ ապրելուն, թուրքի ենթակայությունը պետք է համակերպվես»: Արդյունքում, ադրբեջանցին օր-օրի ավելի «շփացավ»՝ մեծացնելով մեր ընկճվածությունը:
Հրանտ Մարգարյանը նկատում է՝ ժողովրդի մի մասը սկսեց պայքար՝ ասելով, որ այս իշխանությունը դավադիր է, դավաճան է եւ պետք է հեռանա, բայց ոչ ոք համարձակություն չունեցավ ասել, թե դրանից հետո ի՞նչ պետք է անենք: Այսօր ինքը տվեց այդ հարցի պատասխանը. «Դրանից հետո պետք է դիմադրենք, պետք լինի՝ պետք է կռվենք»: Նա ճիշտ չհամարեց անդրադառնալ հարցին՝ ինչո՞ւ ժողովրդին պայքարի հանածները չգնացին այդ քայլին, բայց նկատեց, որ ստեղծված մթնոլորտում կարծես բոլորը մոռացան, որ մեր բուն թշնամին Ադրբեջանն է եւ ամենը վերածվեց զուտ ներհայաստանյան պայքարի: Արդյունքում, իրենք՝ կազմակերպության անդամները, որոնց առաքելությունը պատերազմական ժամանակ բանակի կողքին լինելն է, որոշել են Կոռնիձորում հանրահավաք հրավիրել: Նա միաժամանակ ընդգծում է՝ Նիկոլի դեմ պայքարը չի դադարում. «Ադրբեջանի դեմ պայքարն այս իշխանության դեմ պայքար է»:
Կարդացեք նաև
Իսկ ցույցով ցանկանում են կոտրել ժողովրդի մեջ հուսահատության մթնոլորտը, ասել, որ դասալիքների ժողովուրդ չենք, հետամուտ ենք մեր հայրենիքի ամբողջական ազատագրմանը, արար աշխարհին, Ադրբեջանին ու ՀՀ իշխանությանն ասել, որ մեր ժողովուրդը դեմ է ՀՀ գործող իշխանության վարած քաղաքականությանը, տեր է Արցախին, ասում է՝ Շուշիի ու Հադրութի ազատագրում:
Ելքը, առաջին հերթին, Հրանտ Մարգարյանը համարում է հայկական գործոնի վերականգնումը:
Հրանտ Մարգարյանն ադրադարձավ իշխանության կողմից գեներացվող թեզին, որ ՌԴ-ն մեզ դավաճանել է, գործակցում է Ադրբեջանի հետ, մեզ չի պաշտպանում՝ հավելելով, որ չի կարծում, որ ռուսները, եվրոպացիները, ամերիկացիները կամ այլոք մեզ պետք է պաշտպանեն՝ մեր գործն անելով. «Եթե մենք չկանք, մեզ ոչ ոք չի պաշտպանի, մենք նախ պետք է գոյություն ունենանք, կռվող լինենք, որ մեր կողքին կանգնեն: Եթե մենք այդպիսին չենք, ոչ ոք մեր կողքը չի կանգնի: Ասում են՝ ռուսները Լաչինի միջանցքում են, ադրբեջանցիները եկել միջանցքը փակել են, ռուսները չեն քշում նրանց: Ռուսները խաղաղապահ ուժ են. նրանք պիտի՞ քշեն: Մենք պիտի քշենք՝ ռուսները միջամտեն՝ մի հատ մեզ ապտակեն, երկու հատ ադրբեջանցիներին ու իրենք նստեն, իրենց առաքելությանը տեր կանգնեն: Այսինքն, մենք չկանք, մենք այդ բախումը, կոնֆլիկտը չեն ստեղծում, մենք պիտի ստեղծենք, որ ռուսները գան՝ մեզ տեր կանգնեն: Կոնֆլիկտը մեր եւ ադրբեջանցիների մեջ պետք է լինի, ոչ թե ռուսների եւ ադրբեջանցիների: Մենք թողել ենք Արցախը՝ ակնկալելով, որ ռուսը պաշտպանի, ԵԽ-ն իր բանաձեւերով իրավիճակ ստեղծի, ԱՄՆ Պետդեպն ինչ-որ քայլերի դիմի. չի լինում այդպես, մենք պիտի տեր կանգնենք: Երբ մենք տեր կկանգնենք, կազդենք իրավիճակի վրա, կկանգնեն մեր կողքին»:
Այս ամենում գլխավոր խնդիրը նա համարում է այն, որ «մենք հրաժարվում ենք մեզ տեր կանգնելուց», իսկ մնացյալը պատրվակ է՝ այդ կեցվածքն արդարացնելու համար: Նաեւ հավելում է, եթե 44-օրյա պատերազմի ժամանակ ամեն ինչ ճիշտ կազմակերպված լիներ, կռվելու հնարավորություն տրվեր, ոչ ոք էլ չէր ընկրկի, իսկ ժողովրդին փակցվող մեղադրանքները՝ իբրեւ վախկոտ ու փախչող ենք, կռվող չենք, միտում ունեն կոտրելու, որպեսզի վաղվա պայքարին չմասնակցենք:
«Մենք պիտի ասենք, որ այդպես չի: Ասում են՝ բանակը փոքրաթիվ է: Այո, ու մենք մեր պաշտպանությունը պիտի կազմակերպենք մեր իրողության վրա. մենք փոքրաթիվ ենք, մեզ համապատասխան բանակ պետք է ունենանք, որ թույլ չլինի, ուժեղ լինի, մարտունակ ու մարտնչող լինի եւ դրա միջոցներն ու օրինակները աշխարհում կա»,- ասաց Հրանտ Մարգարյանը՝ հավելելով, որ դա էլ է միտումնավոր արվում, մինչդեռ անգամ եթե փոքրաթիվ, բայց լավ կազմակերպված եք, կարող ես թշնամուն դիմակայել. պետք է դիմանալ՝ դիմադրելով:
Փոքր պետություն լինելու եւ համաժողովրդական բանակ ունենալու օրինակ, Հրանտ Մարգարյանը բերում է Շվեյցարիային ու մեկ անգամ էլ հստակեցնում՝ ելքը մենք են, մեր հույսը մեզ վրա պետք է դնենք, ոչ թե ուրիշների եւ մեր ռեսուրսները միասնական ու նպատակային օգտագործենք: Իսկ միավորող նպատակը պետք է լինի՝ փրկել մեր պետականությունը, փրկել Արցախը, պահել մեր ինքնուրույնությունն ու անկախությունը, որը, սակայն, այսօր բացակայում է, դրա համար էլ միասնականություն չի ձեւավորվում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ