«Եթե հետեւել եք վերջին երկու տարիների իրադարձություններին, գործող իշխանությունները պարբերաբար փորձում են չարաշահել իրավապահ համակարգի լծակները եւ դրա միջոցով թիրախավորել սեփական քաղաքական հակառակորդներին։ Սա հերթական դեպքն է»,- Երեւան քաղաքի քննչական վարչության շենքի մոտ լրագրողներին ասաց «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը։ Նշենք, որ քննչական վարչությունում իրականացվում է զոհված զինծառայողի ծնող Գայանե Հակոբյանի եւ Աշոտ Փաշինյանի առերեսումը։
Աշոտ Փաշինյանի առերեւույթ առեւանգման գործով ձերբակալվել է Գայանե Հակոբյանը։
«Առերեւույթ հանցագործության որեւէ միտում չի եղել, այսինքն՝ չի եղել բռնության կիրառում, չի եղել մարդու նկատմամբ հարկադրանք։ Մարդը իր կամքով նստել է մեքենա, մեքենան տեղից շարժվել է, նա դուռը բացել դուրս է եկել մեքենայից։ Եվ այդ ամենը ներկայացվում է այնպես, կարծես իրեն փորձում են առեւանգել։ Առեւանգումը բռնության կիրառում է ենթադրում, այստեղ ակնհայտ է, որ որեւէ բռնության կիրառում անձի նկատմամբ չի եղել։ Այս իրավիճակի ամենանորմալ հանգուցալուծումը կլիներ այն, որ Աշոտ Փաշինյանը իր դիմումը պարզապես հետ կանչեր, հասկանար, որ տվյալ դեպքում ինքը գործ ունի կնոջ հետ, որը վշտի մեջ է, որդի է կորցրել, ընդ որում, հերոս որդի։ Եվ եթե նույնիսկ այդ կնոջ կողմից կա մի գործողություն , որը սովորական սահմաններից դուրս է գալիս, դրան պետք է վերաբերվել մարդկայնորեն։ Ես անկեղծ հույս ունեմ, որ Աշոտ Փաշինյանը հենց այդպես էլ կվարվի, այսինքն՝ կասի, որ եղել է ինչ-որ միջադեպ, բայց դրա մեջ չկա առեւանգման որեւէ դիտավորություն»,- ասաց Չալաբյանը։
Ըստ նրա՝ հանրային մթնոլորտը շիկացած է, եւ նման պայմաններում այսօրինակ միջադեպերը չի կարելի բացառել։ «Եթե ուզում եք բացառել, մի թույլ տվեք, որ այդ մարդը փողոցում միայնակ շրջի, ավելի լավ է, թող հետը 2 թիկնապահ լինի, քան այսօր 200 ոստիկան կանգնի քննչական շենքի մոտ։ Նորից հերթական հանրային բեւեռացման անհիմն առիթ է ստեղծվում, մի թույլ տվել ընդհանարապես այսպիսի միջադեպեր»
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ