«Միասնական հայրենիք» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է․ «Քաղաքական երկրորդ ուժի՝ «Միասնական հայրենիք» կուսակցության կողմից մշակվել և Արցախի Հանրապետության իշխանություններին, այդ թվում՝ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին են ներկայացվել ոլորտային կայուն զարգացման ծրագրեր և հայեցակետային մոտեցումներ։ Այսինքն՝ Ճակատի ղեկավար Ռ․ Վարդանյանը միանգամայն ծանոթ է «Միասնական հայրենիք» կուսակցության ծրագրային առաջարկներին և ի պաշտոնե պարտավոր էր քննարկել այն՝ ներառելով կառավարության ծրագրում»։
Ըստ հայտարարության՝ «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ»-ի կողմից ներկայացված ծրագրային որևէ քննարկման «Միասնական հայրենիք» կուսակցության ներկայացուցիչները ներկա չեն գտնվել․ «Փոխարենը խորհրդարանական խմբակցությանը ներկայացվել է հաստ թղթապանակ, որը տարբեր ֆոկուս-խմբերի շրջանում անցկացված սոցիոլոգիական հարցումների արդյունքում վերհանված հանրային կարծիք է, ինչն, անշուշտ, պարունակում է հարուստ նյութ և կարող է հաշվի առնվել ապագա ծրագրերի նախապատրաստական փուլում»։
Միասնական հայրենիք կուսակցության պնդմամբ՝ Սամվել Բաբայանին պետական նախարար նշանակելու պահանջով «հանրային հավաքը «հայտնի» էր անկախությամբ, տոտալ հակազդեցությամբ, վարչական ռեսուրսի չօգտագործմամբ, ինչպես նաև ոստիկանական և հատուկ ջոկատային ուժերի, հրշեջ-ջրցան մեքենաների կենտրոնացմամբ, դիպուկահարների տեղակայումով և այլն»։
«Միասնական հայրենիք» կուսակցությունը դիմում է Արցախի հանրային հեռուստատեսությանը և պահանջում Սամվել Բաբայանի ու Ռուբեն Վարդանյանի մասնակցությամբ կազմակերպել հեռուստաբանավեճ՝ հանրայնացնելու Արցախում ստեղծված ճգնաժամի հաղթահարման նրանց տեսակետներն ու ծրագրային դրույթները։