Ինչպես տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանի պաշտոնական լրահոսից, «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» (EU-GAIA) ծրագրի շրջանակներում մարզպետ Մուշեղ Մուրադյանի և «Ավստրիական զարգացման գործակալության «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի թիմի ղեկավար Պասխալիս Բոկկերսի միջև այսօր ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։
Ըստ այդ փաստաթղթի, Շիրակի մարզին տրամադրվելու է քար հավաքող մեքենա, որը կօգտագործվի Աշոցքի տարածաշրջանի դաշտերում քարհավաքման աշխատանքներ իրականացնելու նպատակով։
Բացի այդ, նորարական գյուղատնտեսական տեխնոլոգիաները կիրառելու նպատակով համապատասխան դասընթացներ կկազմակերպվեն տեղի մասնագետների համար։
Մենք մարզի գյուղատնտեսներից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ նորույթ կբերի քար հավաքող մեքենան։
Կարդացեք նաև
«Քար հավաքող մեքենաներն առհասարակ թանկ հաճույք են, դրանք 30-40 տարի է՝ կիրառվում են եվրոպական առաջատար երկրներում։
Քար հավաքող մեքենաները հնարավորություն են տալիս անմշակ հողերը դարձնել մշակովի։ Մենք բավականին շատ քարքարոտ հողեր ունենք Շիրակի մարզում, այդտեղ տեխնիկան չի կարողանում աշխատել, գյուղգործիքները կոտրվում են։
Մեծ խնդիր են այդ հողերը, երկու տեսակի քարհավաք մեքենաներ կան․ զուտ քար հավաքող մեքենան նախատեսված է պինդ քարերի համար, կա նաև քարաղաց մեքենա։ Այս տեսակը շատ ավելի թանկ է, բայց սա մեծ օգուտ է տալիս, տեղում դաշտերի քարը փշրում է՝ վերածելով ավազի ու փոշու։ Շիրակի մարզի շատ ու շատ համայնքներ այդ տեխնիկայի կարիքն իրոք ունեն՝ Բայանդուրն է, Ազատանն է, Գետքն է, որ մեկը թվարկեմ»- ասաց գյուղատնտեսներից մեկը՝ Գևորգ Աբրահամյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ