Փաստաբան Ռուբեն Մելիքյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, որ Աշոտ Փաշինյանի եւ զոհված զինծառայողի մոր՝ Գայանե Հակոբյանի միջեւ առերեսում տեղի չի ունեցել։ «Մենք չենք բացառում, որ այսօր առերեսումը կկայանա, մեզ համար դա առաջնահերթություն է, կարեւոր է այն պատճառով, որ մենք վստահ ենք, որ առերեսման արդյունքում շատ հարցերի պատասխաններ կտրվեն։ Մեր վստահորդի ցանկությունն է, որ րոպե առաջ իրականացվի առերեսում»,- ասաց նա։
Ռուբեն Մելիքյանը նշեց, որ փաստաբանները Գայանե Հակոբյանի ձերբակալման դեմ բողոքը քիչ առաջ ներկայացրել են։
Անդրադառնալով ձերբակալման նպատակներից մեկին, թե Գայանե Հակոբյանը կարող էր փախուստի դիմել, Մելիքյանն ասաց․ «Կարո՞ղ ենք մենք պատկերացնել տիկին Գայանեին որդու շիրիմից հեռու։ Փախուստ ի՞նչ է նշանակում, որ մարդը կտրվում է իր սոցիալական միջավայրից, որեւէ մեկը դա կարո՞ղ է պատկերացնել։ Դա, մեղմ ասած, տարակուսելի է»։
«Մեր պատկերացմամբ առհասարակ իրավաչափ չի եղել տիկին Գայանեին ազատությունից զրկելը։ Մենք դեռ հույսը չենք կորցրել, որ ողջախոհությունը, բարոյականությունը, իրավական պետությանը բնորոշ հատկանիշները կգերակայեն»,- հավելեց փաստաբանը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ