Լրահոս
Օրվա լրահոսը

Զորակոչիկներին հորդորում են առողջական վիճակի հետազոտություններն անցնել վճարովի հիմունքներով. ՀՔԱՎ

Մայիս 18,2023 18:20
zorakoch

ՀՀ կառավարության որոշմամբ 2023 թվականի ամառային զորակոչը հայտարարվել է ապրիլի 17-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ։

Զորակոչի շրջանակներում մինչ օրս Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ է դիմել 16 զորակոչիկ, որոնց մեծ մասի՝ 67 %-ի հիմնական խնդիրը կապված է առողջական վիճակի հետազոտությունների ոչ պատշաճ իրականացման հետ։

Ինչպես նախորդ տարիներին, այժմ ևս զորակոչիկները դիմում են այլ խնդիրներով ևս, մասնավորապես՝ ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումների և բժշկական հաստատությունների կողմից իրենց առողջական վիճակի հետազոտության վերաբերյալ փաստաթղթերի չտրամադրման, ՀՀ կառավարության 2018 թ. ապրիլի 12-ի N-404-Ն որոշմամբ սահմանված պարտադիր ժամկետային զինվորական ծառայության տարկետման հիմքերի վերաբերյալ խորհրդատվության և այլ հարցերով։

2023 թ. ամառային զորակոչին, առաջին անգամ, բացի նշված խնդիրներից, Կազմակերպությունը ստանում է ահազանգեր նաև այն մասին, որ ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումների բժշկական հանձնաժողովները զորակոչիկներին հետազոտությունների ուղեգրելու համար «բավարար հիմնավոր չեն համարում» նրանց գանգատները և հորդորում են անցնել բժշկական հետազոտություններ սեփական ֆինանսական միջոցներով։ Նշված հետազոտությունների արդյունքների հիման վրա որոշում է կայացվում զորակոչիկներին բժշկական հետազոտության ուղեգրելու անհրաժեշտության վերաբերյալ։

Որոշ դեպքերում զորակոչիկները սեփական միջոցներով հետազոտություններ անցնելուց հետո տարածքային ստորաբաժանումների կողմից ուղեգրվում են հետազոտությունների նույն բժշկական հաստատություններ։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նման մոտեցումը համարում է անընդունելի, քանի որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածը սահմանում է, որ քաղաքացիներին զինվորական հաշվառման վերցնելու, պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, ներառյալ` զորահավաքային զորակոչի, պայմանագրային զինվորական ծառայության և վարժական հավաքի ներգրավելու դեպքերում քաղաքացիների հետազոտումը, փորձաքննությունը և բուժումը կատարվում են առաջնահերթ ու անվճար՝ պետության երաշխավորած բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում»։

Կազմակերպությունը մշտապես բարձրաձայնել է Կենտրոնական բժշկական հանձնաժողովի կողմից որոշում կայացնելիս զորակոչիկների սեփական միջոցներով անցած բժշկական հետազոտությունների արդյունքները հաշվի առնելու կարևորությունը, սակայն քաղաքացիներին վճարովի հետազոտություններ անցնելու պարտադրանքը կամ ցուցումները ակնհայտորեն հակասում են օրենսդրությամբ սահմանված կարգին։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը շարունակում է անվճար իրավական աջակցություն տրամադրել ինչպես զորակոչիկներին, այնպես էլ զինծառայողներին, պահեստազորում հաշվառված անձանց և նրանց հարազատներին։

Անվճար իրավական աջակցություն ստանալու համար կարող եք դիմել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Պաշտպանության և անվտանգության բնագավառի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության բաժնի համակարգող Նազելի Մովսեսյանին՝ 093 111 615 (նաև viber, whatsapp), [email protected]

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031