«Այն հիմքով, որով տիկին Գայանեն այսօր գտնվում է ձերբակալվածների պահման վայրում, եւ ինչ հիմքով նրան երեկ ձերբակալել են, բնականաբար չեն կարող լինել ուժեղ հիմքեր»,- այս մասին ՁՊՎ շենքի մոտ լրագրողներին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Ըստ նրա՝ Աշոտ Փաշինյանի կողմից առերեսումից խուսափելը նույնպես ցույց է տալիս, որ նրանք առհասարակ խուսափում են այդ հանգամանքից։ «Առերեսման հանգամանքը եւս մեկ անգամ ցույց էր տալու, որ իրականում Հայաստանի Հանրապետությունում արդարադատություն գոյություն չունի, եւ մարդիկ թիրախավորվում են, ազատությունից զրկվում են, որոշները կալանքի են գնում կամ դատապարտվում են անազատության ոչ թե նրա համար, որ օրենք են խախտել կամ խնդիր են ունեցել արդարադատության հետ, այլ իշխանության համար են խնդիր ներկայացնում։ Իսկ իշխանության համար խնդիր են ներկայացնում այն մարդիկ, ովքեր պայքարում են եւ նաեւ հայտարարում են, որ պայքարում են այս իշխանության դեմ՝ հասնելու իրենց գլխավոր նպատակի իրացմանը։ Մարդիկ, ովքեր այսօր եկել են եւ սատարում են մեր հերոսների ծնողներին, ունեն այն գիտակցումը, որ մեր հերոսների ծնողներն այս իշխանություններից ունեն ստանալու պատասխաններ, որոնք չեն ստացել։ Նրանք արդեն ամրագրել են, որ հայկական արդարադատությունը որեւէ ձեւով չի կարող պատասխան տալ այն հարցադրումներին, որոնք այսօր առկա են։ Եվ բնական է, որ իշխանությունը փորձելու է թիրախավորել, ճնշել, խաղից հանել բոլոր այն անձանց, ովքեր պայքարելու են այս իշխանության դեմ՝ հանրությանը ներկայացնելով բոլոր այն դավաճանությունները, ողբերգությունները եւ աղետալի գործընթացները, որոնք բերել են այս իշխանությունները, որոնք հանգեցրել են հազարավոր զոհերի»,- ասաց Աբրահամյանը։
Ըստ նրա, զոհերի համար այս իշխանությունը ոչ միայն պատասխանատվություն չի կրել, այլ փորձելով խուսափել պատասխանատվությունից, կեղծ հերոսներ, դասալիքներ ու չակերտավոր դավաճաններ է փնտրում՝ հանրությանը հրամցնելով ոչ իրական մեղավորներին։
Պատգամավորը նաեւ նշեց, որ նման միջադեպ կարող էր տեղի ունենալ ցանկացած վայրում, որովհետեւ երբ կա իշխանության ծրագրած դավադրություն, դա որեւէ ձեւով դրսեւորվելու ու իրագործվելու է։ Հարցին, թե այսինքն՝ սա պատահական դեպք չի համարո՞ւմ, Աբրահամյանը պատասխանեց․ «Իշխանությունը ծրագրում է օգտագործել յուրաքանչյուր առիթ՝ այս մարդկանց նկատմամբ արշավ սկսելու»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ