Զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը հայտարարել է հացադուլ, լրագրողներին տեղեկացրեց փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
Ձերբակալվածների պահման վայրի շենքի մոտ հավաքվել են զոհված զինծառայողների ծնողները՝ ի աջակցություն զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի։ Նշենք, որ Աշոտ Փաշինյանի առերեւույթ առեւանգման գործով ձերբակալվել է Գայանե Հակոբյանը։
«Ինքը փաստացի հացադուլի մեջ էր գտնվում դեռեւս երեկ՝ ժամը 15։00-ից։ Այս պահից արդեն պաշտոնապես հայտարարեց հացադուլի մասին եւ նշել է, որ ունի բազմաթիվ հիվանդություններ, իր կյանքին վտանգ սպառնալու դեպքում պատասխանատու է Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս իրավասու մարմինների»,- ասաց փաստաբանը։
Անդրադառնալով հետագա գործողություններին՝ Վահան Հովհաննիսյանն ասաց․ «Այս պահին մենք ունենք խնդիր՝ վիճարկելու ձերբակալման իրավաչափությունը, քանի որ հացադուլի պայմաններում տիկին Գայանեի կյանքին վտանգ է սպառնում։ Ինչ վերաբերում է բուն ձերբակալման որոշմանը, ապա ձերբակալման որոշմամբ որպես ձերբակալման նպատակ նշվել էին այնպիսի հանգամանքներ, որոնք ոչ միայն իրավաչափ չէին, մեղմ ասած, ծիծաղելի էին։ Նշեմ, թե որոնք էին նշվել ձերբակալման նպատակները՝ առաջին, փախուստը կանխելը, այն պայմաններում, երբ տիկին Գայանեն դեպքից անմիջապես հետո մեկնել է Եռաբլուր, որից հետո գտնվել է Մաշտոցի պողոտայում գտնվող իրենց գրասենյակում։ Եվ երկրորդ ծիծաղելի նպատակը՝ ձերբակալման որոշման մեջ բառացի նշված է, որ ազատության մեջ գտնվելու դեպքում կարող է կրկին առեւանգել Աշոտ Փաշինյանին։ Հիմա մենք այդ հիմքով ձերբակալման իրավաչափությունն անհապաղ կբողոքարկենք դատարան»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ մինչ այս պահը Աշոտ Փաշինյանի եւ Գայանե Հակոբյանի միջեւ առերեսում տեղի չի ունեցել, փաստաբանն ասաց․ «Առերեսման վերաբերյալ միջնորդություն ներկայացվել է դեռեւս երեկ ժամը 23։00-ի սահմաններում, սակայն մինչն այս պահը դեռեւս չի իրացվում այդ իրավունքը։ Բազմաթիվ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ կարող են լինել, օրինակ, Աշոտ Փաշինյանի կամքը եւ ցանկությունը՝ մասնակցելու այդ գործողությանը»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ