Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագիրը գերազանցել է կառավարության կանխատեսումները։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
Նրա խոսքով, 2023թ-ի համար հատկացված բյուջեն արդեն սպառվել է, և անհրաժեշտություն է առաջացել ծրագրի բյուջեն ավելացնել ևս 300 մլն դրամով։
«Ծրագրի շրջանակում այս տարվա համար նախատեսված և հաստատված բյուջեն կազմում է 1 մլրդ 291 մլն դրամ, որը համամասնորեն բաշխվել է ըստ եռամսյակների։ Սակայն ծրագիրը շարունակում է գրանցել բարձր դիմելիություն, և միայն ապրիլի 30-ի դրությամբ արդեն իսկ աջակցություն է ստացել 957 շահառու, վճարվել է շուրջ 643 մլն դրամ։ Եվս 320 շահառուի հայտ բավարարվել է, և սպասում է վճարումն, որի ընդհանուր գումարը կազմում է 300 մլն դրամ»,– ասաց նախարարը։
Մկրտչյանը նաև տեղեկացրեց, որ ծրագրի մեկնարկից` 2021թ–ից ի վեր, դրանից օգտվել է 6 409 շահառու` 4 մլն 345 մլն դրամի շրջանակում։ 2021թ. աջակցություն է ստացել 1949, իսկ 2022 թ.-ին 3088 շահառու, նրա կարծիքով շահառուների թիվն ավելացել է ակտիվ իրազեկման շնորհիվ:
Կարդացեք նաև
Նրա խոսքով, Հայաստանում ժողովրդագրական պատկերի բարելավմանն ուղղված ծրագրերը դրական ազդեցություն ունեն ծնելիության ցուցանիշի վրա, նաև էականորեն աճել է ընտանիքներում ծնվող երրորդ և հաջորդ երեխաների թիվը:
«Եթե համեմատում ենք 2018 և 2021 թվականների ցուցանիշը, տեսնում ենք, որ 4 տարիների ընթացքում ծնված երեխաների ընդհանուր թվի մեջ երրորդ և հաջորդ երեխաների թիվն աճել է շուրջ 30 տոկոսով: Եթե 2018-ին ծնվել էր կարգաթվով 3 և բարձր 8 271 երեխա, ապա 2021-ին երրորդ և հաջորդ ծնված երեխաների թիվը կազմել է 11 438:
2023-ի առաջին եռամսյակի տվյալները խոսում են, որ ծնունդների էական աճ ունենք համեմատած նախորդ տարվա առաջին եռամսյակի հետ. թիվն աճել է 658-ով: Նաև էական նվազում կա մահերի ցուցանիշում: Տոկոսայինով համեմատած՝ նախորդ եռամսյակի հետ պակաս է 20 տոկոսով: Ավելի համապարփակ պատկերը դեկտեմբերին կունենանք»,- ասաց նախարարը:
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ