Լրահոս
Օրվա լրահոսը

«Առանց թիկնազորի Աշոտ Փաշինյանն ի՞նչ գործ ուներ դատարանի բակում»․ ծնողները միտում են տեսնում

Մայիս 18,2023 17:08

Աշոտ Փաշինյանն առանց թիկնազորի ի՞նչ գործ ուներ դատարանի բակում։ Այսօր լրագրողների հետ զրույցում նման հարցադրում արեց զոհված զինծառայող Կարեն Բադեյանի հայրը՝ Սասուն Բադեյանը։

Լուսանկարը՝ Ագնեսա Խամոյանի ֆեյսբուքյան էջից

Ձերբակալվածների պահման վայրի շենքի մոտ հավաքվել են զոհված զինծառայողների ծնողները՝ ի աջակցություն զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի։

Նշենք, որ Աշոտ Փաշինյանի առերեւույթ առեւանգման գործով ձերբակալվել է Գայանե Հակոբյանը։

Սասուն Բադեյանը նշեց, որ փորձում են զոհված զինծառայողների ծնողներին վարկաբեկել։ «Այստեղ ոչ թե անհատ վերաբերմունքն է Գայանեի նկատմամբ, այլ սա վերաբերմունք է որդեկորույս ծնողների նկատմամբ, ուզում են իրենց քայլով ցույց տալ, որ որդեկորույս ծնողները խախտում են օրենքը։ Բայց «Որդիների կանչ» ՀԿ կարգախոսն է օրինականություն, հայրենասիրություն եւ պաշտպանություն բանակին։ Մենք կորցրել ենք մեր թանկագինը, փորձում ենք այնպես անել, որ հետագայում նոր կորուստներ չլինեն»,- ասաց նա։

Սասուն Բադեյանի խոսքով՝ իրավիճակը վերլուծելով՝ եզրակացնում են,որ սա միտումնավոր էր կազմակերպված։ «Նախ փաստի առթիվ ուզում եմ մեղադրել թիկնազորին, վարչապետը ելույթ ունեցավ, ասաց, որ օրենքով սահմանված կարգով վարչապետի ընտանիքին հասնում է թիկնազոր։ Այո, թող հասնի, իսկ այդ ժամանակ ո՞ւր էր թիկնազորը։ Պարտավոր էր թիկնազորը Աշոտ Փաշինյանի կողքին լինել եւ արգելել։ Երկրորդ, օգտագործվել է ծնողների էմոցիան, դատավարությունից հետո ծնողներն էմոցիաներով են դուրս եկել։ Ձայնագրություններ կան, որտեղ պարզ երեւում է, որ Աշոտը զրուցում է տիկին Գայանեի հետ, իր հետ որոշում են նստել մեքենան։ Թե ընթացքում ինչ է տեղի ունեցել, ես տեղեկություն չունեմ, բայց այստեղ թիկնազորն է մեղավոր»,- ասաց նա։

Զոհված զինծառայողի ծնողը ընդգծեց, որ հստակ միտում է տեսնում՝ ի՞նչ գործ ուներ այդ ժամին Աշոտ Փաշինյանը դատարանի բակում։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հ․ Գ․ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ, «Կանանց աջակցման կենտրոնի» հանրային կապերի պատասխանատու Զառա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել է․ «Եթե պետական գործչի ընտանիքի անդամը հրաժարվում է պետական պահպանության ծառայությունից, ուրեմն հանրությունը պետք է նրա հանդեպ առավել հոգատար գտնվի։ Փաստացի նա չի պատնեշվում ձեզնից, վստահում է ձեզ, չի վախենում կամ խուսափում ձեզնից։ Եթե համարում եք դա թուլություն և հեշտ ու հասանելի թիրախ եք համարում նման մարդուն, ապա դուք առերևույթ կողմ եք, որպեսզի պաշտոնյաների զավակները շրջեն թիկնազորով և զրահապատ մեքենաներով, չշփվեն ու չհայտնվեն այն վայրերում, որտեղ դուք եք, չապրեն սովորական մարդու կյանքով և պահպանության ծառայության վրա վատնեն ձեր հարկային միջոցները»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031