Լրահոս
Օրվա լրահոսը

Արյունաբանական կենտրոնում տրվեց Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական 15-րդ համաժողովի մեկնարկը

Մայիս 18,2023 17:04

Հայաստանը մայիսի 18-ից 21-ը կդառնա բժշկագիտական առաջատար մտքի կենտրոն՝ Հայաստանում անցկացվում է Մանկական ուռուցքաբանության կարևորագույն միջոցառումներից մեկը

Մայիսի 18֊ին ՀՀ ԱՆ պրոֆ․ Ռ․Հ․ Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում պաշտոնապես տրվեց Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական 15-րդ համաժողովի (SIOP Asia 2023 XV Congress) մեկնարկը Հայաստանում։

Ասուլիսի խոսնակներն էին՝ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը, Պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի  տնօրեն, արյունաբանության և տրանսֆուզիոն բժշկության գծով ՀՀ առողջապահության նախարարի խորհրդատու Սամվել Դանիելյանը և Կոնգրեսի կազմկոմիտեի նախագահ, Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը։

«Կոնգրեսի անցկացումը Հայաստանում շատ կարևոր է ոլորտի համար,  և դրա շնորհիվ հայտնվել ենք առաջատար երկրների շարքում՝ ստեղծելով հնարավորություններ մասնագետների միջև փորձի փոխանակման և հետագա համագործակցության համար։ Մանուկների առողջությունը հատկապես նախարարության ուշադրության կենտրոնում է, և տարեցտարի ընդլայնվում է պետական ֆինանսավորմամբ իրականացվող ծառայությունների շրջանակը»,—նշեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ  Արտակ Ջումայան։

«Մեզ համար մեծ պատիվ է Հայաստանում հյուրընկալել իր մեծությամբ աննախադեպ բժշկագիտական միջոցառումը։ Նախկինում կոնգրեսը անց է կացվել Հնդկաստանում, Չինաստանում, իսկ հաջորդ տարի՝ Ճապոնիայում: Արյունաբանությունը և ուռուցքաբանությունը հիմնաքարային ուղղություններ են բժշկության մեջ, և կոնգրեսը կարևոր օղակ է՝ տեղում միջազգային փորձի փոխանակման և շարունակական զարգացման համար»,—նշեց Պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի  տնօրեն, արյունաբանության և տրանսֆուզիոն բժշկության գծով ՀՀ առողջապահության նախարարի խորհրդատու Սամվել Դանիելյանը։

 «Համաժողովի շնորհիվ այսօր Հայաստանն իր ուրույն տեղն է գրավում բժշկագիտության համաշխարհային քարտեզի վրա։ Արդեն իսկ  նոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել մի շարք երկրների հետ բուժառուների հետագա բուժումը Հայաստանում շարունակելու ուղղությամբ»,—նշեց Կոնգրեսի կազմկոմիտեի նախագահ, Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար, ԵՊԲՀ մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնի վարիչ, Իմունաուռուցքաբանության հետազոտական ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Գևորգ Թամամյանը։

Պաշտոնական բացումը տեղի կունենա մայիսի 19-ին Երևանի պետական բժշկական համալսարանում՝ միջազգային կառույցի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Ծրագրի մասին

Համաժողովը մայիսի 18-21-ը հյուրընկալել է մանկական ուռուցքաբանության համաշխարհային առաջատար ավելի քան 200 մասնագետների, բժշկական և ուսումնական հաստատությունների ղեկավարների շուրջ 60 երկրներից, ովքեր հանդես են գալու զեկույցներով ու դասախոսություններով ոլորտի ամենաարդի զարգացումների շուրջ։

Հարյուրավոր ականավոր բժիշկներ և գիտնականներ նաև ծանոթանալու են Հայաստանի բժշկագիտությանը, մասնագետներին, գիտական ներուժին ու ենթակառուցվածքներին,  ինչը նորանոր հնարավորություններ է ձևավորելու տարաբնույթ համագործակցությունների հաստատման և զարգացման համար։

Համաժողովի ծրագիրն ամբողջությամբ հասանելի է www.siopasia2023.am կայքում:

Հանրության համար ներառված են նաև բաց և անվճար բացառիկ հանդիպումներ, սեմինար-քննարկումներ առողջության ու առաջնորդության վերաբերյալ՝

  • Մայիսի 20֊ին, ժամը 16:10 «Մանկական ուռուցքաբանության ոլորտի կին առաջնորդները» / “Women leadership in oncology”, խոսնակների և թեմաների վերաբերյալ մանրամասները ներկայացված են հղումով՝ https://bit.ly/3obEwFp։
  • Մայիսի 20-ին, ժամը 17։00 “Համաշխարհային առողջապահական համայնք” / “Global Health Network” (անգլերենը), խոսնակների և թեմաների վերաբերյալ մանրամասները ներկայացված են հղումով՝ https://bit.ly/3Bu2miQ ։
  • Մայիսի 19-ին, ժամը 19։30-ին՝ ի աջակցություն Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական 15-րդ համաժողովի հանրայնացման`  Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգային ծրագիրը Երևանի պետական բժշկական համալսարանում։

Միջոցառումների մասին 

Մանկական ուռուցքաբանության միջազգային միությունն (SIOP) աշխարհում միակ կազմակերպությունն է, որն ամբողջությամբ նվիրված է մանկական և դեռահասների քաղցկեղի բոլոր ասպեկտների ուսումնասիրությանն ու բուժմանը, ինչպես նաև այդ ոլորտում գիտելիքների ավելացմանն ու զարգացմանը։ Միության առաքելությունն է պայքարել, որ ոչ մի երեխա չմահանա քաղցկեղից: Այժմ քաղցկեղից ապրելիության ցուցանիշը Հայաստանում արդեն իսկ ձգտում  է 75%-ի։

Այս առաքելությանն է նվիրված նաև 2023 թվականին անցկացվելիք համաժողովը, որի ընթացքում ելույթով հանդես կգան համաշխարհային ճանաչում ունեցող ոլորտի մասնագետներ, կառույցների և գիտական հանձնաժողովների ղեկավարներ ողջ աշխարհից՝ ԱՄՆ-ից, Չինաստանից, Ճապոնիայից, Ռուսաստանից, Հնդկաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից, Նիդերլանդներից, Բելգիայից, Իսպանիայից, Լիբանանից, Մեծ Բրիտանիայից, Հունաստանից, Չեխիայից, Լիտվայից, Շվեդիայից և այլ երկրներից։

Համաժողովի օրակարգը բավականին հագեցած է և ընդգրկում է լայնամասշտաբ միջոցառումներ` սեմինարներ, քննարկումներ, աշխատարաններ (workshop), բանախոսություններ և սիմպոզիումներ, որոնք կանցկացվեն մայիսի 18֊21֊ը Երևանի պետական բժշկական համալսարանի դահլիճներում և մի շարք բժշկական հաստատություններում։

Մանրամասները` https://www.siopasia2023.am/

Համաժողովի համակազմակերպիչներն են՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, ՀՀ ԱՆ պրոֆ․ Ռ․Հ․ Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնը, Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնը, որը հանդիսանում է ՀՀ ԱՆ պրոֆ․ Ռ․Հ․ Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի մաս, Իմունաուռուցքաբանության գիտահետազոտական ​​ինստիտուտը (IMMONC) և Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամը։

Համաժողովն անց է կացվում ՀՀ Առողջապահության նախարարության աջակցությամբ։

Համաժողովի գլխավոր հովանավորներն են Agenus բիոտեխնոլոգիական ընկերությունը (ԱՄՆ) և Team Telecom Armenia ընկերությունը։

Գործընկերներն են՝ Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը,  Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիան, Հայաստանի մանուկների հիմնադրամը (COAF), Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը (HFC), DNA Strategy խորհրդատվական գործակալությունը, Just Travel տուրիստական գործակալությունը, SODA դիզայն ստուդիոն։

Ընկերներն են՝ Farma Mondo դեղագործական խումբը (Շվեյցարիա), Astex բիոտեխնոլոգիական  ընկերությունը (ԱՄՆ), «Զվարթնոց» միջազգային օդանավակայան֊«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ֊ն, Գրանդ Հոթել Երևան հյուրանոցը, My child matters (Մայ չայլդ մեթըրս) նախաձեռնությունը։

Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի մասին տեղեկատվություն կարող եք գտնել սոցիալական մեդիայի էջերից՝
https://www.facebook.com/cancerarmenia

https://www.facebook.com/hematologycenterarmenia

Մանկական ուռուցքաբանության միջազգային միության մասին (SIOP)

Մանկական ուռուցքաբանության միջազգային միությունը (Société Internationale d’Oncologie Pédiatrique/International Society of Pediatric Oncology, SIOP) աշխարհում միակ միությունն  է` կազմված մանկական արյունաբանության/ուռուցքաբանության շուրջ 2600 մասնագետներից։ Այն կազմավորվել է 1969 թվականի նոյեմբերի 6-ին, որպես մասնագետների փոքր խումբ Գուստավ-Ռուսիի ինստիտուտում (IGR) Վիլժյուիֆ, Փարիզ, որի առաքելությունն էր զարգացնել քաղցկեղով հիվանդ երեխաների ուսումնասիրությունը և խնամքը, հիմնաքարային առաքելություն, որով առաջնորդվում են մինչ օրս։

Այսօր այս նպատակներն ընդլայնվել են՝ ընդգրկելով հիմնական հետազոտությունների, ինչպես նաև կլինիկական ուսումնասիրությունների արդիականացումը, բուժքույրերի, առողջապահական այլ մասնագետների և ծնողների ներգրավումը, ինչպես նաև ուսուցման և հանրայնացման ծրագրերի կազմակերպումը զարգացող երկրներում և հասարակություններում` ուղղված երեխաների վիճակի բարելավմանը։

SIOP-ի տեսլականն է`  «ոչ մի երեխա չպետք է մահանա քաղցկեղից. բուժել շատերին, հոգ տանել բոլորի մասին»:

SIOP-ն ունի մայրցամաքային մասնաճյուղեր Եվրոպայում, Ասիայում, Օվկիանիայում, Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում և Հյուսիսային Ամերիկայում։

https://siop-congress.org/about-siop/

https://siop-online.org/

Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական կոնգրեսի մասին (SIOP Asia)

 Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական մայրցամաքային մասնաճյուղը հիմնել է իր սեփական միությունը, որը կոչվում է SIOP Asia կամ Asian Society of Pediatric Oncology (Մանկական ուռուցքաբանության ասիական միություն):  SIOP Asia-ն նպատակ ունի նպաստելու քաղցկեղով հիվանդ երեխաների և երիտասարդների բարձրորակ խնամքի կազմակերպմանը։ Այս միությունը նվիրված է մանկական քաղցկեղի մասին իրազեկվածության բարձրացմանը, ախտորոշման և բուժման բարելավմանը:

Այս տարի ամենամյա  SIOP Asia֊ի 15֊րդ համագումարը կանցկացվի 2023 թվականի մայիսի 18-21-ը Երևանում, Հայաստան։

https://siop-online.org/sp_cb/asia/

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031