Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ես չգիտեմ, թե ինչի մասին է խոսել Սամվել Բաբայանը։ Իրեն մի անգամ եմ տեսել այս 9 ամսվա մեջ»․ Ռուբեն Վարդանյանը քաղաքական խորհրդակցությունների մասին

Մայիս 18,2023 16:36

«Ես չգիտեմ, թե ինչի մասին է խոսել Սամվել Բաբայանը։ Իրեն մի անգամ եմ տեսել այս 9 ամսվա մեջ։ Գնացել էի իր հանդիպմանը քաղաքացիների հետ, որին 35 մարդ էր ներկա։ Բաբայանը ներկայացրեց իր տեսլականը, լսեցի այն»,-այս մասին այսօր ստեղծված «Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ» հանրային շարժման անդամների ասուլիսին ասաց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ Բաբայանն իր հարցազրույցում հարցին, թե ինչ սցենար կա Ռուբեն Վարդանյանի հետ կապված, ասել է՝ այն քննարկումը, որ եղել է, եղել է նաեւ Վարդանյանի հետ, ինչի՞ մասին է խոսքը։

Վարդանյանն ասաց, որ Արցախի նախագահի հետ քննարկումների մեջ են, նախագահի կուսակցության ներկայացուցիչները մասնակցում են շարժման քննարկումներին։

Հարցին՝ արդյոք Վարդանյանը ներգրավված է Արայիկ Հարությունյանի հայտարարած քաղաքական խորհրդակցություններում, Վարդանյանը պատասխանեց՝ մենք միշտ աշխատում ենք նորմալ երկխոսությամբ․ «Ինչի՞ հետ կապված խորհրդակցություններ, պաշտոնի՞ հետ կապված՝ ոչ, որովհետեւ մենք խոսում ենք, թե ոնց ենք Արցախը փրկելու, ինչ է պետք անել, որ Արցախը դառնա ուժեղ։ Մենք պաշտոնների մասին չենք խոսում»։

Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանը օրերս հանրահավաք էր հրավիրել Արցախում, հանրահավաքին պահանջ է ներկայացվել Բաբայանին նշանակել Արցախի պետական նախարար՝ լայն լիազորություններով։ Նախագահ Հարությունյանն էլ համաձայնել էր սկսել քաղաքական խորհրդակցություններ։ Սամվել Բաբայանի մամուլի ծառայությունից երեկ հայտնել են, որ տեղի է ունեցել ԱՀ նախագահի եւ Բաբայանի հանդիպումը․ «Բաբայանին պետնախարար նշանակելու հանրային պահանջը չի քննարկվել։ Առաջարկվել է «անդամակցել հերթական ամորֆ խորհրդակցական կոլեգիալ մարմնին»։

Լրագրողի մեկ այլ հարցին՝ բացի պատերազմից, էլ ինչ եղանակ կա Արցախը փրկելու համար, եւ եթե հավաքվեր, օրինակ՝ 1 միլիարդ ստորագրություն, դա ինչպե՞ս էր իրավիճակը փոխելու, Վարդանյանը պատասխանեց՝ մինչեւ ինչ-որ բան անելը՝ պետք է կողմնորոշվես՝ ես պատրա՞ստ եմ պայքարել, թե՞ պատրաստ չեմ․ «Այդ հարցի շուրջ շատ լուրջ քննարկումներ են եղել շատ երկար ժամանակ։ Մենք մոտ 14 ուղղություններով պայքարի ճանապարհ ունենք»։

Վարդանյանն ասաց, որ այդ ճանապարհներից մեկն, օրինակ, տեղեկատվական դաշտն է, նախատեսում են լուրջ պայքար Արցախում հայկական պատմամշակութային հուշարձանների պահպանման համար․ «Աշխատանքային խմբեր պիտի լինեն ամեն ուղղությամբ, ոչ միայն ռազմական պիտի լինի։ Ինչպես ասում են՝ մարդուն ավելի ուժեղ կարելի է սպանել խոսքով, քան զենքով»։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031