Անհատական բնակելի տան կառուցման դեպքում՝ կանխավճարի գծով պետական աջակցության չափը կազմում է 2.500.000 դրամ, իսկ վարկը տրամադրվում է կառուցվող անհատական բնակելի տան նախահաշվային արժեքի մինչև 80 տոկոսի չափով՝ առանձին փուլերով, կամ միանվագ, երբ վարկը միանվագ տրամադրվում է և սառեցվում է բանկային հաշվին, ընդ որում՝ փուլերով տրամադրման դեպքում վերջին փուլի գումարը չի կարող գերազանցել վարկի գումարի 20%-ը։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ Սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերմանը կամ բնակելի տան կառուցմանը պետական աջակցության նպատակային ծրագրի փոփոխությունները ներկայացնելիս:
Պաշպանության նախարարի խոսքով, անմիջապես կառուցապատողից բազմաբնակարան բնակելի շենքում կառուցված կամ կառուցվող բնակարան, կամ կառուցվող բնակելի տուն ձեռք բերելու դեպքում՝ վարկի տարեկան տոկոսադրույքը կսահմանվի առավելագույնը 11 տոկոս, որից պետության կողմից սուբսիդավորվելու է 5 տոկոսային կետը: Երկրորդային շուկայից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու, ինչպես նաև անհատական բնակելի տան կառուցապատման դեպքում վարկի տարեկան տոկոսադրույքը կսահմանվի առավելագույնը 13 տոկոս, որից պետության կողմից սուբսիդավորվելու է 5 տոկոսային կետը:
Առաջարկվող փոփոխությամբ նպատակ ունեն հստակեցնել անհատական բնակելի տան կառուցապատման հետ կապված վարկավորման գործընթացը, մասնավորապես՝ անհատական բնակելի տան կառուցապատման այն վարկերը, որոնք փուլային են տրամադրվում, դրանց գծով պետության սուբսիդավորման գումարները հատկացնել ամենասկզբում, այլ ոչ թե ներկայումս նախատեսված կարգով, ինչը ենթադրում է, որ մինչև վերաֆինանսավորողը վարկի վերջին փուլի տրամադրումից հետո վարկը չհամարի որակավորված, ապա սուբսիդիան չի կարող տրամադրվել։
«Ծրագրի գործողության ընթացքում ի հայտ եկած ևս մեկ՝ համագործակցող վարկատու կազմակերպության կողմից վարկի ապահովագրության վճարի չափի հետ կապված խնդրի, լուծման անհրաժեշտությունից ելնելով, ինչպես նաև հաշվի առնելով, որ բարձրացվել են ծրագրի շրջանակներում վարկի տարեկան տոկոսադրույքները, նպատակահարմար է գտնվել ծրագրի շրջանակներում զինծառայողներից չգանձել վարկային պայմանագրի հետ կապված որևէ գումար, ներառյալ՝ վարկի ապահովագրության սպասարկման վճարները, ինչպես նաև, արդեն իսկ կնքված պայմանագրերի մասով՝ այդ կարգավորմանը տալ հետադարձ ուժ՝ եթե վարկառուն կհամաձայնվի վարկի մնացորդի նկատմամբ տարեկան տոկոսադրույքը սահմանել 7.5 տոկոս»,-ասաց Պապիկյանը:
Կարդացեք նաև
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ