Լրահոս
Օրվա լրահոսը

«Տիկին Գայանեն վստահ է, որ Աշոտը սխալ է հասկացել իրեն, սպասում է առերեսմանը»․ Գայանե Հակոբյանը ՁՊՎ-ում հացադուլ է հայտարարել

Մայիս 18,2023 15:54

Գայանե Հակոբյանի եւ Աշոտ Փաշինյանի միջեւ դեռեւս առերեսում տեղի չի ունեցել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ առերեսումը պետք է տեղի ունենար այսօր՝ ժամը 15։00-ին, սակայն քիչ առաջ փաստաբան Ռուբեն Մելիքյանը տեղեկացրել է, որ նախատեսված առերեսման մասին փաստաբանները որեւէ լուր չունեն։

«Դա խիստ մտահոգիչ է, քանի որ այդ քննչական գործողության արդյունքում, ըստ մեզ, դեպքի «պաշտոնական» վարկածը հօդս կցնդի և իսպառ կվերանա տիկին Գայանեին փակի տակ պահելու՝ առանց այն էլ գոյություն չունեցող հիմնավորվածությունը։ Կարծում եմ՝ պետք է ինչ-որ բան անել, որ քննչական մարմինը «հիշի» առերեսում կատարելու անհրաժեշտության մաս»,- գրել է փաստաբանը։

Լուսանկարը՝ Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան էջից

Գայանե Հարությունյանը գտնվում է Ձերբակալված անձանց պահման վայրում։ ՁՊՎ շենքի մոտ հավաքվել են նրա աջակիցները, որոնց թվում են զոհված զինծառայողների ծնողները։

Կապիտան Իշխան Պետրոսյանի այրին՝ Արուս Հարությունյանը լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Աշոտ Փաշինյանը չի գա առերեսման։ «Տեսանյութում երեւում է Աշոտ Փաշինյանի վախը, թե իրեն ոնց է նետում մեքենայից։ Երեւի վախենում է գալ առերեսման, երեւի մի փոքր բան կա մեջը, վախենում է գալ զոհվածի ծնողների աչքերի մեջ նայել։ Չի գա նա առերեսման՝ հերթական անգամ զոհվածների ծնողներին այս վիճակի մեջ պահելու համար»,- ասաց նա։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը տեսակցեց Գայանե Հակոբյանին։ «Գայանե Հակոբյանը սպասում է առերեսմանը, իր համար անհասկանալի է, թե ինչու է ուշանում առերեսումը»,- ասաց Ագնեսա Խամոյանը։

«Տիկին Գայանեն հացադուլ է հայտարարել, երեկվանից չի սնվել եւ հայտարարում է, որ քանի լինելու է այստեղ, ինքը սնունդ չի ընդունելու։ Միջադեպի հետ կապված եւս մեկ անգամ վերահաստատեց, որ առեւանգում տեղի չի ունեցել, պարզապես Աշոտին առաջարկել է նստել իր մեքենան՝ զրուցելու։ Եվս մեկ փաստ, որ առեւանգում չէր կարող լինել, դա այն է, որ ինքը մեքենայի դռները չի փակել, երբ երկուսով եղել են մեքենայի մեջ։ Իր համար շատ անսպասելի է եղել Աշոտի՝ մեքենայից իրեն դուրս նետելը։ Այո, առաջարկել է Աշոտին, որ միասին գնան Եռաբլուր, բայց նաեւ տիկին Գայանեն վստահ է, որ Աշոտը սխալ է հասկացել իրեն։ Հիմա ինքը սպասում է այդ առերեսմանը, որի ժամանակ ամեն ինչ շատ ավելի հստակ կլինի եւ կպարզաբանվի»,- ասաց Ագնեսա Խամոյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031