Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Վարդանյանը՝ Ստեփանակերտ-Բաքու բանակցության մասին․ «Որպեսզի խոսելու հարթակ լինի, կարեւոր է, որ բոլոր կողմերը համաձայնեն իրականացնել այն, ինչի մասին պայմանավորվում են»

Մայիս 18,2023 15:42

«Ակնհայտ է, որպեսզի Բաքվի հետ ինչ-որ բանակցություններ լինեն, հարցը պետք է դուրս բերվի այն կոնտեքստից, որը Ադրբեջանը փորձում է ներկայացնել, թե դա իր ներքին հարցն է»,-այս մասին այսօր «Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ» հանրային շարժման անդամների ասուլիսի ժամանակ ասաց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ պատասխանելով հարցին՝ կա՞ արդյոք Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ բանակցության որեւէ մեխանիզմ։

Ռուբեն Վարդանյանն ասաց, որ պետք է ստեղծվի հատուկ միջազգային ինստիտուտ, որն, իրականում, հենց դրա համար էլ գոյություն ունի, այդ ինստիտուտը պետք է ապահովի, որպեսզի տարբեր տեսակետներ ունեցող երկու կողմերը կարողանան բանակցություններ վարել․ «Դրա համար ընտրվում են միջազգային միջնորդներ, երկու կողմերն էլ պետք է համաձայնեն, որ բանակցություններ լինեն։ Առայժմ կողմերից մեկը հերքում է բանակցությունների հարցը եւ պնդում, որ դա իրենց ներքին գործն է եւ չի կատարում միջազգային մարմինների որոշումները։ Այս առումով նրանց կողմից խախտումներն ակնհայտ են՝ Միջազգային դատարանի որոշումը չի կատարում, 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության պահանջները չի կատարում։ Ուստի, որպեսզի խոսելու հարթակ լինի, կարեւոր է, որ բոլոր կողմերը համաձայնեն իրականացնել այն, ինչի մասին պայմանավորվում են»։

Արցախի ԿԳՍ նախկին նախարար Նարինե Աղաբեկյանն էլ, որը շարժման անդամներից է, հավելեց՝ 44-օրյա պատերազմի ժամանակ, դրանից հետո էլ գործնական արդյունք չենք տեսել միջազգային կառույցների հայտարարություններից հետո․ «Սա շատ մտահոգիչ է, որովհետեւ հայտարարել պատրաստակամության մասին մի բան է, կոնկրետ գործողություններ անելն՝ այլ բան է։ Իսկ այսօր նույնիսկ չեն կարողանում պարտադրել Ադրբեջանին իրականացնել միջազգային դատարանների վճիռները, դրա համար դժվար է հավատել որեւէ մեխանիզմի»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031