Ադրբեջանի ղեկավարության կողմից հնչող ռազմատենչ հռետորաբանությունը չի նպաստում տարածաշրջանում կայունություն և խաղաղություն կառուցելու համար անհրաժեշտ բարենպաստ միջավայրի ստեղծմանը։ «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից։
Հիշեցնենք, օրեր առաջ Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը Շուշիում հանդես էր եկել ՀՀ տարածքների նկատմամբ նկրտումները վկայող հայտարարությամբ՝ նշելով, թե Ղարաբաղն ու Զանգեզուրը նորից են կառուցում։ Ընդ որում, այլեւս չէր օգտագործել «Արեւմտյան Զանգեզուր» ձեւակերպումը, որին պաշտոնական Երեւանից չեղավ որեւէ արձագանք։ «Փաստինֆո»-ն մայիսի 10-ին գրավոր հարցում էր ուղարկել՝ խնդրելով ՀՀ ԱԳՆ-ի պաշտոնական մեկնաբանությունը, թե նման հայտարարությունները ինչ ազդեցություն են ունենում բանակցությունների այս ակտիվ փուլում։
ՀՀ ԱԳՆ-ից նշել են, որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ, ինչպես նաև հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպումների արդյունքներով ընդունված հայտարարությունների տեքստերում, Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի։
«Միեւնույն ժամանակ ԱԳՆ-ն համարում է, որ Ադրբեջանի ղեկավարության կողմից հնչող ռազմատենչ հռետորաբանությունը չի նպաստում տարածաշրջանում կայունություն և խաղաղություն կառուցելու համար անհրաժեշտ բարենպաստ միջավայրի ստեղծմանը»,- հայտնում են ԱԳՆ-ից։