Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե իրավիճակը շատ է սրվում, գյուղի մեծ մասն իջնում է Վարդենիս»․ Սոթքում կրակոցներն ամենօրյա բնույթ են կրում

Մայիս 18,2023 15:38

Գեղարքունիքի մարզի սահմանամերձ դարձած Սոթք համայնքում վերջին շրջանում կրակոցները չեն դադարում։ «Երեկ օրվա տարբեր ժամերին դարձյալ կրակոցներ են եղել, այսօր համեմատաբար հանգիստ է։ Երեկ մեկ զոհ ունեցանք, մեկ հոգի էլ վիրավորվել է։ Այդ միջադեպից հետո էլի կրակոցներ եղել են ամբողջ օրվա ընթացքում։ Կրակոցներ պարբերաբար կան, բայց պահ է լինում, որ 1-2 օր մեզ հանգիստ են թողնում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Սոթքի նախկին գյուղապետ, գյուղի բնակիչ Կոլիկ Շահսուվարյանը։

Պաշտպանության նախարարությունը մայիսի 17-ին տեղեկացրել էր, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել է ՀՀ ՊՆ մեկ զինծառայող։ Շտապ օգնության մեքենայի ուղղությամբ արձակված կրակողների հետեւանքով վիրավորվել է բուժակը։

Շահսուվարյանը հավելեց, որ դիրքերից բացի, ադրբեջանցիները հարվածներ են հասցնում նաեւ հենց գյուղին։ «Բայց վերջերս խեղճացել են, էլ գյուղի վրա չեն խփում, սարերին են խփում։ Գյուղի ժողովուրդը զոմբիացել են, արդեն սովոր են այս իրավիճակին, քնում են, բայց մի ականջը միշտ ձայնի վրա է։ Հենց մի քիչ իրավիճակը թեժանում է, որոշ մարդիկ իջնում են ավելի ապահով տեղ՝ Վարդենիս եւ այլն, առավոտ գալիս են իրենց գործին։ Եթե շատ է սրվում իրավիճակը, գյուղի մեծ մասն է իջնում Վարդենիս»,- ասաց նա։

Կոլիկ Շահսուվարյանի տեղեկացմամբ՝ Սոթքի հանքավայրը չի աշխատում, քանի որ ադրբեջանցիները պարբերաբար կրակում են հանքավայրի ուղղությամբ։ Դրա հետեւանքով տարածաշրջանում սոցիալ-տնտեսական խնդիրներ են նաեւ առաջացել։ «Հանքավայրն ունի ավելի քան 500 աշխատակից, մոտ 30 ընտանիք հենց Սոթք գյուղից էր աշխատում»,- հավելեց նա։

Ըստ Շահսուվարյանի՝ ադրբեջանցիներն իրենք իրենց նախաձեռնությամբ հետ չեն քաշվի։ «Թուրքը եթե քանակով շատ է, լկտիանում է։ Մեր 10 հոգին իրենց 15 հոգու հետ հավասար են։ Եթե մենք 10 հոգի ենք, մինչեւ իրենք 20-25 հոգի չլինեն, մեզնից էլ ավելի լավ զենքեր չունենան, իրենք չեն համարձակվում կրակել կամ հարձակվել։ Թուրքն իր «խոդով» հետ չի գնա, թուրքին պիտի հետ բրթես մեծ ուժով։ Հույս պահենք, որ այդ օրը կգա»,- նշեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031