Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Անդրանիկ Թեւանյան. «Բացառվում է, որ Հայաստանում կա մեկը, որը կարող է կոկաինի $ 1 միլիարդի շրջանառություն ապահովել եւ լինել իշխանությունից դուրս»

Մայիս 18,2023 14:48

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը, որն այսօր լրատվամիջոցներին ասուլիսի էր հրավիրել ԱԱԾ շենքի մոտ՝ խոսելու «Հայաստանի նարկոմաֆիան» թեմայով, հայտարարեց. «Այստեղ հրավիրած ասուլիսը խորհրդանշական է այն առումով, որ Նալբանդյան փողոցի հետ կապված մենք ունենք ազգային անվտանգության խնդիր: Եվ ուզում ենք ասել, որ ազգային անվտանգության խնդիրներից շեղելու բոլոր փորձերը պետք է կանխվեն: Թմրանյութերի հետ կապված այս դեպքը առանձնահատուկ կապ ունի ազգային անվտանգության հետ: Այստեղ մի քանի կարեւոր հարցադրումներ են առաջանում, որոնք ես ուղղում եմ պատկան մարմիններին եւ ակնկալում, որ նրանք հանրային մեկնաբանություններ տան: Ինչ է ստացվում:

Փաստ առաջին: Չորս տոննայի չափ կոկաինի շրջանառություն կա Հայաստանում, որը ավելի քան $ 1 միլիարդի գումար է ենթադրում: Բնական է, որ Հայաստանի պայմաններում սա չի կարող իշխանությունների հետ կապ չունենալ: Ըստ էության, կարելի է ասել, որ Հայաստանի իշխանությունը նարկոմաֆիայի է վերածվել: Եվ այդ ամենի հետ կապված, մենք ողջամիտ կասկածներ ունենք: Ես չեմ կարծում, որ Հայաստանում կա մեկը, որը կարող է $ 1 միլիարդի շրջանառություն ապահովել եւ լինել իշխանությունից դուրս: Ընդ որում, մենք չգիտենք՝ սա միա՞կ դեպքն է, թե՞ էլի դեպքեր եղել են: Երբ Իտալիայից բացահայտում եղավ, մենք նոր տեսանք, որ Հայաստանի իրավապահ համակարգը ինչ-որ բացահայտումներ է անում եւ փաստորեն, մոտ չորս տոննայի շրջանառություն է ստացվում: Դա նշանակում է, որ հարց կարող է առաջանալ, թե որտեղի՞ց Նիկոլ Փաշինյանին ու դրա շրջապատին $ 1 միլիարդից ավելի գումար: Եթե մեզ կասեն, որ դա իշխանությունների հետ կապ չունի, ուղղակի ծիծաղելի կդառնա, որովհետեւ իշխանությունների հետ կապ չունեցողը չէր կարող այդպիսի ռիսկային քայլերի գնալ:

Երկրորդ: Մենք ողջամիտ կասկածներ ունենք, որ սա միակ դեպքը չէ եւ պարզաբանում ենք պահանջում: Կուզենայի հիշեցնել կոնկրետ քաղաքաշինության պետական կոմիտեի նախկին պաշտոնյա Վերմիշյանի հետ կապված պատմությունը: Նա այն ժամանակ կասկածներ էր հայտնել, որ ցեմենտի անվան տակ կոկաին է ներմուծվում, ինչից հետո ձերբակալվեց: Այսինքն, կարող ենք ասել, որ սա առաջին դեպքը չէ:

Երրորդ: Պարզվում է՝ հայտարարությունները, որ կոռուպցիա չկա, ամեն ինչ թափանցիկ է աշխատում, սուտ է, որովհետեւ պետական պաշտոնական տեղեկատվություն ստացանք, որ մաքսանենգ ճանապարհով, բանանի անվան տակ, փաստորեն, մեկ տոննայի չափ թմրանյութ է ներկրվել, որն արդեն բացահայտել է Հայաստանի ԱԱԾ-ն: Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե համակարգային կոռուպցիան վերացել է, չկա, սուտ է: Եվ մենք հիմա գործ ունենք կոնկրետ փաստի հետ՝ ապօրինի, անհայտ ծագման առնվազն $ 1 միլիարդ գումարի շրջանառություն կա, որը ներդրվել է նարկոտիկների ներմուծման բիզնեսի մեջ, որը ամենակեղտոտ բիզնեսն է:

Չորրորդ: Սա փաստորեն ուղղված է մեր երիտասարդության դեմ, որին փորձում են շշմեցնել, թմրեցնել: Երիտասարդության դեմ քայլեր արվեցին այն առումով, որ շատերը զոհվեցին պատերազմի դաշտում, հիմա էլ սպիտակ մահ են բերում եւ ուզում են դա փոշու միջոցով անել: Ես չեմ կարծում, թե սա պատահական է արվում:

Հինգերորդ: Կան ողջամիտ կասկածներ, որ կա արտաքին ձեռքի ազդեցություն: Ու կարող ենք կռահել, թե որ երկրներն են շահագրգռված, որ Հայաստան մտնի մոտավորապես չորս տոննա կոկաին: Որպես ոչ տարանցիկ երկիր, կարող ենք պատկերացնել, թե սա ինչ հետեւանքներ կարող է բերել:

Այստեղից էլ բխում են մյուս հարցադրումները, թե որտեղից այն ապօրինի կամ անհայտ ծագում ունեցող գումարները, որ տեսնում ենք կա տնտեսության մեջ եւ որը հիմնականում շինարարության ոլորտ է մտնում: Իսկ նարկոմաֆիայի պատմությունից գիտենք, որ այդ գումարները հետագայում լվացվելու եւ մաքրվելու համար մտնում են շինարարության մեջ: Ու այստեղից այն հարցերի պատասխանը, թե ինչու է դոլարն այդքան էժանանում Հայաստանում: Թերեւս, նարկոտիկների բիզնեսի մեջ դնելու համար ոմանց էժան դոլարներ են անհրաժեշտ: Այստեղ ես նույնպես տեսնում եմ իշխանության ձեռքը:

Ես կարծում եմ, որ մեր հասարակությունը ողջամիտ ու հստակ հարցադրումներ պիտի անի եւ ԱԱԾ-ն պետք է հրապարակային պարզաբանումներ ներկայացնի, թե ինչ խնդիրներ կան, ինչպես է եղել, որ մաքսանենգ ճանապարհով է ներկրվել կոկաինը»:

Հարցին, եթե ըստ իր ներկայացման, նարկոմաֆիայի ապօրինի փողերի լվացումը հիմնականում կատարվում է շինարարության ոլորտում, ինքը կապ տեսնո՞ւմ է Երեւանում իրականացվող աննախադեպ բուռն բնակարանաշինության հետ եւ սա չի՞ հիշեցնում ինքնաթիռներով ծխախոտի արտահանման սկանդալային հայտնի պատմությունը, պատգամավորը պատասխանեց. «Դրանք, կարծում եմ, փոխկապակցված են եւ բացառում եմ, թե առանց Նիկոլ Փաշինյանի գիտության են եղել: Ո՞ր մի հիմարը կհավատա, որ որեւէ մեկը կարող է $ 1 միլիարդից ավելի կոկաինի մեջ փող դնել ու դա համաձայնեցված չլինի իշխանությունների հետ»:

Ասուլիսի ընթացքում Արթուր Խաչիկյանին մոտեցավ ԱԱԾ մի աշխատակից եւ նրան ու Անդրանիկ Թեւանյանին հրավիրեց շենք, ինչ-որ քննարկման:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031