Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավունք չունենք անտարբեր հետևել և դիտորդի դերում մնալ. «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման հռչակագիրը

Մայիս 18,2023 14:39

Հրապարակվել է «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման հռչակագիրը

Ստեփանակերտում այսօր տեղի է ունեցել «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման նախաձեռնող խմբի ներկայացուցիչների մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվել է նաև «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման հռչակագիրը.

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման

հ ռ չ ա կ ա գ ի ր ը

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը (այսուհետ՝ Շարժում), համաժողովրդական շարժման ձևաչափով ԱԶԱՏ, ԱՆՎՏԱՆԳ, ԵՐՋԱՆԻԿ և ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՑԱԽ գաղափար-նպատակի շուրջ կամավոր հիմունքներով միավորում է, որում ներգրավված են քաղաքական ուժեր, հասարակական կազմակերպություններ և անհատ քաղաքացիներ:

Արցախը հայկական պահելու, նրա ամբողջականությունն ու սուբյեկտայնությունն ապահովելու գերխնդրի իրագործման համար Շարժումն իր առջև նպատակ է դրել համախմբել հայության բոլոր հատվածներին և, առաջին հերթին, Արցախի հանրային, քաղաքական, մտավորական, մասնագիտական և այլ շրջանակների:

2023թ. մարտ-մայիս ամիսների ընթացքում քաղաքական ուժերի, հանրային շրջանակների և առանձին անհատների մի մեծ խումբ՝ մոտ 100 մարդ, ընդհանրական ու առանձին խմբերով քննարկումներ է անցկացրել Արցախում ստեղծված իրավիճակի, մեր ժողովրդին սպառնացող վտանգների, օրեցօր խորացող կառավարման ու հումանիտար ճգնաժամերի հաղթահարման ուղիների և այլ հրատապ թեմաներով:

Այդ բանավեճերի և քննարկումների արդյունքում մենք՝ Արցախի ապագայով մտահոգ կազմակերպությունների ներկայացուցիչներս ու անհատներս, համաձայնության ենք եկել Արցախի անվտանգության ու զարգացման նոր ռազմավարություն ունենալու և նրա հիմնական դրույթները մշակելու շուրջ: Աշխատանքների շարունակման շնորհիվ մեզ հաջողվել է հստակեցնել Արցախի ապագայի տեսլականը, որը ներկայացվել է երկրի իշխանություններին:

2020թ. նոյեմբերից, 44-օրյա աղետաբեր պատերազմից հետո ձևավորված անվստահության միջավայրը, լիակատար շրջափակումը, վատթարացող տնտեսական պայմանները, սոցիալ-հոգեբանական բարդ իրավիճակը հուշում են, որ առանց հանրային մեծ համախմբման անհնար է լինելու Արցախի ժողովրդի առջև ծառացած գոյաբանական խնդիրների լուծումը: Այդ գործին մեծապես խոչընդոտում է Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունների դիրքորոշումը Արցախի հարցում:

Նման իրավիճակում մենք իրավունք չունենք անտարբեր հետևել և դիտորդի դերում մնալ: Պահն օրհասական է և իր երկրի ճակատագրով մտահոգ յուրաքանչյուր հայորդուց, Արցախի հանդեպ համակրանք ունեցող ամեն մի բարեկամից պահանջում է հայրենասիրական մղումները, կարողություններն ու նվիրումի պատրաստակամությունն ուղղել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի համար պայքարին՝ բոլոր հնարավոր միջոցներով։

Մեր նախնիներից ստացած հարազատ ու ծաղկուն Արցախը հայկական պահելու սուրբ նպատակի համար մենք, հրաժարվելով նեղ անձնական շահերից, վեր կանգնելով կուսակցական, պաշտոնական դիրքերից, հռչակում ենք «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը՝ որպես համախմբման ու միասնաբար պայքարելու կամքի և վճռականության դրսևորում։

Բոլոր նրանք, ովքեր ընդունում են մեր կողմից հայտարարված գաղափար-նպատակը, ովքեր գիտակցում են իրենց պատասխանատվությունը Հայրենիքի հանդեպ, ում համար թանկ են հայկական արմատներն և մեր երեխաների ապագան՝ կարող են միանալ մեզ՝ անդամակցելով հանրային շարժմանը և ուժեղացնելով Արցախի անվտանգության ու զարգացման ճակատը։

«ԱՐՑԱԽԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՃԱԿԱՏ»

հանրային շարժման նախաձեռնող խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031