ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը
Ի ՊԱՏԱՍԽԱՆ CIVILNET-Ի ԿԵՂԾ ՄԵՂԱԴՐԱՆՔԻՆ
Civilnet-ը մի հոդված է իր կայքում հրապարակել, որտեղ պնդել է, թե ես երբ ասել եմ, որ հայաստանյան որևէ իշխանություն Ղարաբաղը չի ճանաչել Ադրբեջանի կամում, մոռացել եմ նշել միջնորդների կողմից առաջարկված «Ընդհանուր պետության» մասին։ Իհարկե, աշխարհում չկա մի մարդ, որ ամեն ինչ իմանա և ամեն ինչ հիշի։ Ես էլ բացառություն չեմ։ Բայց, ես շատ լավ հիշում եմ, որ բազմիցս եմ նման պնդում արել, սակայն Civilnet-ի կողմից հիշատակվելու պատվին չեմ արժանացել։ Նաև շատ լավ հիշում եմ, թե «Ընդհանուր պետության» մասին մի քանի շաբաթ առաջ Ազգային ժողովում ինչ է ասել Փաշինյանը։ Փաստորեն, Civilnet-ը հիշեց «Ընդհանուր պետության» մասին, երբ դրա մասին հիշեց Փաշինյանը։ Ուզում եք համարել զուգադիպություն՝ համարեք, չեք ուզում համարել զուգադիպություն՝ մի համարեք։ Ճաշակի հարց է…
Հիմա անդրադառնամ «Ընդհանուր պետության» տարբերակին։ Դրա մասին լավագույնս է արտահայտվել Հեյդար Ալիևը։ 2001 թվականի փետրվարին խորհրդարանում այդ տարբերակի ամսին նա ասում է հետևյալը. «Ադրբեջանում մի ասացվածք կա` սա ավելի սև է, քան սևը: Համեմատած նախկին առաջարկների հետ դա միայն ու միայն վնաս էր Ադրբեջանին: Հենց որ ծանոթացա, ասացի, որ անգամ չենք ուզում քննարկել: Դուք մեզ դնում եք մի իրավիճակում, երբ Ադրբեջանի տարածքում հայտնվում է երկու պետություն Ադրբեջան և մի հատ էլ Լեռնային Ղարաբաղ, որի նկատմամբ Ադրբեջանը ոչ մի իրավունքներ չունի»։
Կարդացեք նաև
Իհարկե, կարող էինք առաջնորդվել «ինչը վատ է Ադրբեջանի համար լավ է Հայաստանի ու Արցախի համար սկզբունքով» ու այսքանով սահմանափակվել, բայց շարունակենք․․․
Civilnet-ն իր էջում «Ընդհանուր պետության» տարբերակից հատվածներ է դրել, գրել է, որ Հայաստանը համաձայնվել է այդ տարբերակին, հայկական կողմի վերապահումների մասին համանախագահներին ուղարկված նամակից մի կտոր է նկարել ու դրել, բայց զլացել է վերապահման ամբողջ տեքստը դնել։
Ուրեմն այսպես։ Հայաստանը վերապահումներով համաձայնել է ներկայացված տարբերակը դիտարկել որպես բանակցությունների հիմք։ Ցանկացած բանական մարդ հասկանում է տարբերությունը․ համաձայնվել ինչ-որ մի բանի հետ և համաձայնվել ինչ-որ մի բանը որպես բանակցությունների հիմք դիտարկել։ Կարծում եմ Civilnet-ի համար դա պետք է պարզ լիներ։
Իսկ հիմա նշեմ, թե Հայաստանն ինչ վերապահում է ունեցել։ Փաստաթուղթը գաղտնի չէ, գտնելը բարդ չէ։ Այնպես որ, միայն մի կետ կմեջբերեմ․ «Առաջին հերթին կցանկանայինք նշել, որ «Ընդհանուր պետություն» ձևակերպումը մենք ընկալում ենք որպես կողմերի իրավահավասար իրավական օբյեկտներ լինելու ամրագրում:» Սրանով, Հայաստանն իր պաշտոնական անհամաձայնությունն է արտահայտում Արցախի՝ Ադրբեջանին որևէ ուղղահայաց ենթակայությանը։ Միթե՞ ակնհայտ չէ։ Երևի հենց այդ ակնհայտության պատճառով է հոդվածագիրը որոշել վերապահման տեքստը չտպել։ Իր գործն է։
Վերջում Civilnet-ը Լևոն Տեր-Պետրոսյանի 1992 թվականի ինչ-որ հարցազրույցից է մեջբերում։ Ես Լևոն Տեր-Պետրոսյանի փաստաբանը չեմ, նրա վարած քաղաքականությունը համարել և համարում եմ սխալ ու կործանարար։ Բայց հիմա դրան անդրադառնալու ցանկություն չունեմ։ Ուղղակի մի բան ասեմ։ Եթե հուլիսի 8-ին Գերագույն խորհուրդն ընդունեց իր հայտնի որոշումը, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը մինչև իր հրաժարականի պահը այդպես էլ չկարողացավ իր քաղաքականությունն իրականացնել, նշանակում է Հայաստանի իշխանությունը, որպես ամբողջություն, դեմ էր Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքականությանը։ Դեմ էր ընդդիմությունը, դեմ էր ժողովուրդը։
Civilnet-ի ճշգրիտ հոդվածն ու Արթուր Խաչատրյանի մանիպուլյացիաները: