Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր այս գործընթացը պարտադրված է Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանությունների հակաարցախյան քաղաքականությամբ, Արցախում տեղի ունեցող խմորումներով»․ Դավիթ Մանուկյան

Մայիս 18,2023 13:53

Արցախում ստեղծված «Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ» հանրային շարժումը կոչ է անում հայությանը միանալ շարժման պայքարին։

Այսօր շարժման նախաձեռնող խմբի ներկայացուցիչները մամուլի ասուլիս էին հրավիրել։

Շարժման անդամներից Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն ասաց՝ Արցախի ապագան, անկախ ու հայկական մնալը ոչ միայն արցախցիների խնդիրն է, այլ՝ ամբողջ հայկական աշխարհի․ «Կարեւոր է, որ մենք բոլորս միասին կարողանանք Արցախը որպես հայկական աշխարհ պահպանենք ամբողջ հայկական աշխարհի համար եւ իրենց հետ։ Դրա համար շատ կարեւոր է համագործակցությունը։ Վստահ եմ, որ այս շարժմանը կմիանան հազարավոր մարդիկ ե՛ւ Արցախից, ե՛ւ Հայաստանից, ե՛ւ ամբողջ աշխարհից»։

Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը եւս շարժման անդամներից է։ Նա ասաց, որ այս գործընթացն ուղղված չէ ինչ-որ մեկի դեմ, այն հանուն Արցախի է։

«Մեր այս գործընթացը պարտադրված է Ադրբեջանի իշխանության եւ Հայաստանի իշխանության հակաարցախյան քաղաքականությամբ, նաեւ՝ Արցախում տեղի ունեցող աննշան, փոքր խմորումներով»։

Շարժման անդամներն ասացին, որ ունեն կոնկրետ հայեցակարգ, թե ինչպես են պայքարելու, եւ ինչ խնդիրներ են լուծելու։

Արդյոք ունեն ճանապարհային քարտեզ, թե ինչպես են իրենց ծրագիրն իրականացնելու՝ այն դեպքում, երբ հայտարարվում է, որ արցախցիները պետք մնան Արցախում ու պայքարեն, այս հարցին ի պատասխան՝ Ռուբեն Վարդանյանը ցույց տվեց մի ծավալուն փաստաթուղթ եւ ասաց՝ 77 կետ կա, ըստ էության ճանապարհային քարտեզն է․ «Պայքարի ուղղությունները տարբեր դաշտում են ու ամեն օր՝ տեղեկատվական, ռազմական եւ այլն։ Մենք ձեւավորել ենք այդ աշխատանքային քարտեզը, որն իրականացման փուլում է»։

Մանուկյանն էլ նշեց, որ շարժման մեջ տարբեր ոլորտից մարդիկ կան․ «Մենք պատկերացնում ենք, թե ինչ ենք անում»։

Շարժման ներկայացուցիչները վստահեցրին՝ ուրվագծվել են հիմնական անելիքները, սակայն յուրաքանչյուր ուղղության համար պետք է նաեւ ճանապարհային քարտեզները գծվեն, ուստի երբ կոչ են անում միանալ շարժմանը, նաեւ այդ աշխատանքներին մասնակցելու համար են կոչ անում, որպեսզի միանան մարդիկ, որոնք կարող են օգտակար լինել։

«Եթե ուզում եք իրար հետ ճանապարհ գնալ, պետք է իրար հավատանք, մենք պետք է մեր ժողովրդի կամքը հետ բերենք, ոգին երազանքը։ 88-ին չկար կոնկրետ ծրագիր, բայց կար մեծ ուժ մեկ գաղափարի շուրջ։ Եվ շատ կարեւոր է հասկանալ, որ մեր ապագան մեր ձեռքում է, որքան էլ ծանր լինի։ Դրա համար պիտի հասկանանք՝ պատրա՞ստ ենք իրար հետ ուս-ուսի տված գնալ»,-ասաց Վարդանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031