Լրահոս
Օրվա լրահոսը

133 արցախցի կազատվի պատժի կրումից. ԱՀ խորհրդարանը «Համաներման մասին» նախագիծ ընդունեց

Մայիս 18,2023 13:45

Արցախի հանրապետության խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Համաներման մասին» օրենքի նախագիծը: Երկրորդ ընթերցումը կկազմակերպվի այսօր 17.00-ին:

Նախագծով առաջարկվում է մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը ներառյալ` հանցագործություն կատարելու մեջ կասկածվող կամ հանցագործություն կատարած որոշ անձանց նկատմամբ հայտարարել համաներում: Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է որոշ չափով մեղմացնելու հետպատերազմյան ժամանակաշրջանում Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականացվող շարունակական ոտնձգությունների արդյունքում ստեղծված իրավիճակը, այդ թվում` Արցախի հանրապետությունը Հայաստանի հանրապետությանը կապող միակ ճանապարհի արգելափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի հետևանքները:

Համաներումը չի տարածվելու պետական դավաճանության դեպքերի վրա:

Այսպիսով, նախագծի ընդունման արդյունքում, 20 դատապարտված անձանցից ազատ կարձակվեն 5-ը, 18 կալանավորված անձանցից՝ 2-ը, հաշվառման մեջ գտնվող 277 անձանցից 126-ը: Ընթացիկ քրեական գործերով հնարավոր չի եղել հաշվարկներ կատարել:

ԱՀ խորհրդարանն ընդունեց նաեւ Արցախի Հանրապետության նախագահի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Դատական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում է` առանց համապատասխան կազմակերպությունում ուսուցում անցնելու իմպերատիվ պահանջն ապահովելու առաջին ատյանի դատարանի դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու հնարավորություն նախատեսել նաև վերջին տասը տարվա ընթացքում դատախազի, քննիչի, փաստաբանի գործունեությամբ աշխատանքի առնվազն 5 տարվա կամ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնում որպես իրավաբան աշխատանքի առնվազն 7 տարվա ստաժ ունեցող անձանց:

Ընդդիմադիր խմբակցությունները չմասնակցեցին խորհրդարանի մշտական հանձնաժողովների թվակազմերի փոփոխության հարցի քվեարկությանը: ԱՀ խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների որոշումը բարձրաձայնեց «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը՝ հայտարարելով, որ երեք տարի աշխատելուց հետո՝ հիմա խմբակցությունների թվակազմերի փոփոխությունն իրենց համար հասկանալի չէ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031