Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Խաչիկյանը՝ Հայաստանում թմրանյութերի շրջանառության մասին. «Սա մեծ աղետ է, մեր երիտասարդությանը բառացիորեն ոչնչացնում են, մեր հասարակությանը՝ թմրեցնում»

Մայիս 18,2023 13:12

Սթենֆորդի համալսարանի դոկտոր Արթուր Խաչիկյանը ԱԱԾ շենքի մոտ լրատվամիջոցների հետ հանդիպման ընթացքում խոսելով «Հայաստանի նարկոմաֆիան» թեմայով՝ իր խորը մտահոգությունները հայտնեց:

Նա, մասնավորապես, ասաց. «Ես ուզում եմ այս առիթով իմ կարծիքը արտահայտել որպես քաղաքացի: Մենք բոլորս գիտենք, որ Հայաստանում թմրանյութերի մեծ համաճարակ է: Թմրանյութերն արդեն տարածվում են դպրոցներում, համալսարաններում, որոշ տեղեկություններ կան, որ անգամ՝ բանակում, 16-17 տարեկան անչափահասների, ուսանողների շրջանում: Դա մեծ աղետ է: Ես գիտեմ, որ որոշ գործողություններ ձեռնարկվում են, որոշ պայքար կա օրինապահպանական մարմինների կողմից: Բայց, իհարկե, դա պետք է շատ ավելի ինտենսիվ ձեւով անցկացնել: Սա մեծ աղետ է: Սա փաստորեն մի գործողություն է, որը կարող է բերել մեր ազգի վախճանին: Մեր երիտասարդության ոչնչացնում են, մեր հասարակությանը թմրեցնում են բառացիորեն»:

Արթուր Խաչիկյանը չկարողացավ ասել, թե թմրանյութերի շրջանառության այս չափերի մեջ իշխանությունները մասնակցություն ունե՞ն, թե՞ ոչ․ «Ես այդպիսի փաստեր չունեմ: Բայց լավ կլիներ, որ շատ ավելի կտրուկ ձեւով պայքար տարվեր այս երեւույթի դեմ: Բոլորս գիտենք, որ սա տարածված է ամեն տեղ՝ եւ համացանցում, եւ դպրոցներում, եւ այլ վայրերում»:

Հարցին, թե սովորաբար, հետհեղափոխական շրջաններում տարբեր երկրներում արձանագրվում է թե խաղամոլության, թե թմրամոլության աճ, Հայաստանում նո՞ւյնպես այդ նույն միտումն է, Արթուր Խաչիկյանը պատասխանեց. «Որոշ հասարակություններ լիբերալիզմը հասկանում են որպես հաճույքների աշխարհ, որտեղ ամեն ինչը հիմնված է հաճույքի վրա՝ թմրամոլություն, խաղամոլություն, բարեր, ակումբներ եւ այլն: Ցավոք, այդ ճանապարհով գնում ենք նաեւ մենք։ Մեր հարևան Վրաստանում թմրանյութերի սարսափելի էպիդեմիա է: Եվ մեր մոտ էլ տեսնում ենք, որ ըստ պաշտոնական թվերի թմրանյութերի օգտագործումը Հայաստանում 95 %-ով աճել է եւ 1500-ից մինչեւ 3000 տելեգրամ ալիքներ կան, որտեղ թմրանյութեր են վաճառվում»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031