Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Մանուկյան. Հայաստանում պետք է ձևավորվի նոր իշխանություն, որը կարող է լուծել ՀՀ առջև դրված այս խնդիրները և ստեղծել իրական խաղաղության հիմքեր

Մայիս 18,2023 11:53

Անկախ-ի խնդրանքով Վազգեն Մանուկյանն անդրադարձել է Թուրքիայում տեղի ունեցող ընտրություններին, Հայաստանի վրա դրանց հնարավոր հետևանքներին, հայ-ադրբեջանական բանակցություններին և Թուրքայի հետ հարաբերություններին, ինչպես նաև ստեղծված իրավիճակում Հայաստանի անելիքներին։

-Պարոն Մանուկյան, Թուրքիայում նախագահական ընտրություններն անցան երկրորդ փուլ, քանի որ մրցակիցներից ոչ ոք 50 % և ավել ձայներ չհավաքեց։ Առհասարակ Թուրքիայի այս ընտրություններն ի՞նչ նշանակություն ունեն Հայաստանի համար, և մեզ համար ո՞ր թեկնածուի հաղթանակն է առավել շահավետ։

Նախևառաջ, ինչպես նշում են բազմաթիվ փորձագետներ, Թուրքիայում հասարակությունը խիստ բևեռացված է, դրա մասին է վկայում նաև այն, որ թեկնածուների ձայները շատ մոտ են իրար։

Էրդողանը տիրապետում է պետական բոլոր լծակներին, իսկ ընդդիմության հետևում կանգնած է Արևմուտքը (ԱՄՆ), որը վարպետորեն տիրապետում է փափուկ ուժի կիրառմանը: Այս տեսակետից հնարավոր է սպասել, որ ընտրություններն ու հետընտրական ժամանակաշրջանը Թուրքիայում լինելու են լարված և ներքին ուժերի հակադրություններով ուղղորդվող:

Դա մեզ ձեռնտու է:

Եթե ընտրվի Էրդողանը, ամեն ինչ մնալու է նույնը, կամ իրավիճակը մեզ համար կարող է միայն վատանալ։ Էրդողանի իշխանության օրոք մենք Թուրքիայի կողմից արդեն շատ հարվածներ ենք ստացել, և բնական է, որ Էրդողանի վերընտրվելը մեզ համար ցանկալի չէ։

Քըլըչդարօղլուի ընտրվելու դեպքում, չնայած չենք կարող ամբողջությամբ դատել, թե ինչքանով օգտակար կամ վտանգավոր կլինի նրա կառավարումը մեզ համար, բայց մի քանի դիտարկում կարող ենք անել․

ա) Ով էլ ընտրվի, Թուրքիայի այն քաղաքականությունը, որն ուղղված է Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելուն և առաջացած «քաղաքական վակուումը» Թուրքիայով լցնելուն, շարունակվելու է հետևողականորեն իրականացվել, պարզապես տարբեր արագությամբ ու մեթոդներով։

բ) Էրդողանի կողմից իրականացվող պանթյուրքիստական քաղաքականությունը շարունակվելու է ոչ միայն, որ այն դարձել է Թուրքիայի հասարակության մի զգալի մասի ծրագիրը, այլ նաև այն պատճառով, որ պանթյուրքիզմը մի սուր է, որը Թուրքիայից ձգվելու է Ռուսաստանով մինչև Չինաստանի թրքախոս բնակչություն ունեցող Սինցզյան-ույղուրական շրջան՝ վտանգելով և քայքայելով այն երկրները, որոնցով անցնելու է։ Իսկ դա ձեռնտու է նաև ԱՄՆ-ին, որի ամենավտանգավոր հակառակորդներն են Ռուսաստանն ու Չինաստանը։ Հետևաբար ԱՄՆ-ն նույնպես կարող է շահագրգռված լինել Թուրքիայի այդ ծրագրով։

Այդ նույն պատճառով Իրանը և Չինաստանը հակազդելու են պանթյուրքիզմին՝ դառնալով մեզ համար պոտենցիալ բնական դաշնակիցներ։ Իսկ պանթուրանական ծրագիրը հակասում է նաև Հնդկաստանի շահերին, ինչը նրան ևս մեզ համար պոտենցիալ դաշնակից է դարձնում։

Բայց նրանք մեզ համար իրական դաշնակից կլինեն միայն այն դեպքում, եթե մենք նույնպես մասնակից դառնանք այդ հակազդեցությանը և մեզանից ինչ-որ բան ներկայացնենք։

Թուրքիան շատ է ուժեղացել, բայց փորձում է անել քայլեր, որոնք իր ուժերից վեր են (ուզում է կծել մի պատառ, որը չի կարող կուլ տալ), և ուշ թե շուտ գալու է հակասության։

Ակնհայտ է, որ ռազմավարական տեսակետից պանթյուրքիստական հոսանքը ծայրահեղ վտանգավոր է Ռուսաստանի համար՝ հաշվի առնելով բազմաթիվ թուրքախոս ժողովուրդների կոմպակտ բնակումը Ռուսաստանում: Սակայն Ռուսաստանն այժմ, մխրճված լինելով Ուկրաինայի դեմ պատերազմում՝ ընդդեմ Արևմուտքի, այս պահին այդ խնդիրը երկրորդ պլան է մղել:

Ժամանակը ցույց կտա՝ արդյո՞ք Ռուսաստանը ճիշտ էր գնահատել իր շահերի բալանսը, թե ոչ։

Քըլըչդարօղլուի ընտրվելու դեպքում մի դրական հանգամանք կարող ենք նշել․ որքան էլ, որ շարունակվեն Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները, և ինչքան էլ Ռուսաստանը շահագրգռի Թուրքիային, միևնույն է, այդ հարաբերությունների մակարդակն էապես նվազելու է՝ ստիպելով Ռուսաստանին վերանայել իր քաղաքականությունն այս տարածաշրջանում։

Բնականաբար մասամբ փոփոխվելու են նաև Թուրքիա և Ադրբեջան հարաբերությունները՝ ոչ հօգուտ Ադրբեջանի։

Դա նույնպես մեզ ձեռնտու է:

-Ստեղծված իրավիճակում ի՞նչ դիտարկումներ ունեք Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների կամ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին։

-Այս իրավիճակում առավել ևս անհեթեթ է բանակցությունների այն օրակարգը, որն այժմ կա Հայաստանի և Ադրբեջանի միջև: Եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվի խաղաղության պայմանագիր այն պայմաններով, ինչի մասին հայտարարեց նաև Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը, ապա դա ուղղակի ոչնչացնում է հայկական պետությունն ու Արցախի Հանրապետությունը՝ դառնալով մեր ժողովրդի պատմության ամենամեծ դավաճանությունը: Դա կդառնա ոչ թե խաղաղության պայմանագիր, այլև նոր պատերազմի հնարավորություն Ադրբեջանի համար՝ ավելի բարենպաստ դիրքերից։ Իսկ անկլավների հանձնման դեպքում Ադրբեջանը, դիրքավորված լինելով արդեն Հայաստանի ռազմավարական նշանակություն ունեցող տարածքներում, հնարավորություն կստանա իրականացնել իր կողմից հռչակած ծրագիրը՝ նվաճել Հայաստանի այն տարածքները, որոնք Ադրբեջանի նախագահը հայտարարում է «Ադրբեջանի պատմական տարածքներ»։ Ադրբեջանին կմնա միայն սպասել աշխարհաքաղաքական հարմար պահի։

-Իսկ ո՞րն է մեր անելիքը, ստեղծված իրավիճակից արդյո՞ք ելք կա և ո՞րն է այդ ելքը։

-Համաշխարհային այն զարգացումները, որ այժմ տեղի են ունենում, մեզ ընձեռում են նոր հնարավորություններ և առաջացնում նոր վտանգներ։ Այն վիճակում, որում մենք այժմ գտնվում ենք, մենք պատրաստ չենք ո՛չ օգտվելու, ո՛չ էլ գոնե մեղմելու այդ վտանգները։

Ուկրաինայի և Ռուսաստանի պատերազմը նոր իրավիճակ է առաջացրել աշխարհում ուժի նշանակությունն էապես աճել է։

Պետք է անտեսել Թուրքիայի և Ադրբեջանի հետ բոլոր բանավոր պայմանավորվածությունները, ժամանակ շահել, ուժեղանալ և պատրաստվել սպասվող նոր փոփոխություններին։ Պետք է երկրում ձևավորել ազգային համերաշխության, միասնության և վստահության մթնոլորտ, վերակառուցել բանակը, դարձնել նորից մարտունակ, զարգացնել տնտեսությունը, զարգացնել և կառուցել նոր որակի հարաբերություններ մեր բնական դաշնակիցների հետ։ Այս դեպքում հետագա բանակցություններում մեր դիրքերն էապես կարող են փոխվել՝ ստեղծելով բնական պայմաններ մեր ազգային շահերն առաջ տանելու համար։

Այս ամենն անելու համար Հայաստանում պետք է ձևավորվի նոր իշխանություն, որը կարող է լուծել Հայաստանի առջև դրված այս խնդիրները և ստեղծել իրական խաղաղության հիմքեր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031