Լրահոս
Օրվա լրահոսը

Եթերում սխալների մի ամբողջ փունջ է հնչել: Կոմիտասին դիպչել սխալ մոտեցմամբ՝ նշանակում է հայ ինքնության հանդեպ ոտնձգություն գործել. Լիլիթ Մարտիրոսյան. «168 ժամ»

Մայիս 18,2023 11:45

Հանրային հեռուստաընկերության «Կերպարից դուրս» հաղորդման ընթացքում ռեփեր Սարգիս Բալասանյանը, որ հանրությանը հայտնի է Սուպեր Սաքո բեմական անունով, Կոմիտասի մասին իր ոչ գրագետ, խեղաթյուրված մեկնաբանություններով էլ հայտնի դարձավ ու արժանացավ պրոֆեսիոնալ երաժիշտների սուր քննադատությանը:

Հայ կոմպոզիտոր, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտասի մասին բամբասանքի մակարդակով արտահայտությունների և հաղորդման ընթացքում հնչած այլ ձևակերպումների շուրջ 168.am-ը զրուցել է Երաժշտագետ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտության պատմության ամբիոնի դասախոս Լիլիթ Մարտիրոսյանի հետ:

– Տիկին Մարտիրոսյան, հյուրը խոսում է քառորդ նոտաների մասին, որ իբր Եվրոպայում չեն հասկացել: Ի՞նչ նկատի ունի Սուպեր Սաքո բեմական անունով երիտասարդը, ի՞նչն է խեղաթյուրել:

– Եթերում սխալների մի ամբողջ փունջ է հնչել: Ինչ-որ մեկը մի օր «արջի ծառայություն» է մատուցել այս երիտասարդին, պատմել է սուտ պատմություն, և նա էլ, ենթադրենք, հավատացել է ու այսօր նույն բանը վերապատմում է: Չգիտենք, թե ով է ասել: Երիտասարդը խոսքի սկզբում բարձր արժեքներից է խոսում և ակնհայտորեն վատ մարդ չէ, և դիտավորյալ վնաս չի ցանկացել հասցնել: Ուզում եմ հասկանալ՝ ինչպե՞ս է Հանրային հեռուստաընկերությունն առանց ճշտելու այդ «տեղեկությունը»՝ եթեր տվել, ինչո՞ւ խմբագրակազմում չկա երաժշտագետ, որ նայեր դա, ու հասկանային՝ ո՞րն է եթեր տալու:

Խոսքը երաժշտատեսական այնպիսի հասկացության մասին է, որը տարածված է «լադ» անվանումով: Մեզ մոտ այն ձայնակարգ տերմինով է, և այս ձայնակարգերն ունեն որոշակի լարվածքներ: Դաշնամուրի հնչյունաշարը հավասարաչափ տեմպերացված է: Այսինքն, յուրաքանչյուր նախորդ և հաջորդ հնչյունի միջև ուղիղ կես տոն տարածություն կա՝ ըստ բարձրության: Շատ ժողովուրդներ կան, որ այդ կես տոնի արանքում էլի ունեն քառորդ տոներ, երրորդ տոներ և այլն: Կոմիտասն այս խնդրի մասին խոսել է: Մի առիթով, երբ խոսում է քառորդ, 1/3 տոների վերաբերյալ, ասում է, որ մեզ մոտ այդպիսի բան չկա: Ինքը չի ասում՝ այ մենք երգեցինք, եվրոպացին չընդունեց: Նման բան որևէ տեղ գրված չէ: Ով նման բան է ասել՝ պարզապես ստել է: Սուտ է նաև այն, թե եվրոպացին երբևէ Կոմիտասի մատուցմամբ չի ընդունել: Անգամ այն պարագայում, երբ Կոմիտասին ինչ-որ վերապահումներով էին վերաբերվում իր հայրենակիցները, եվրոպացին երբեք նման վերաբերմունք չի դրսևորել: Դեռևս ուսանողական տարիներից սկսած՝ Կոմիտասի մեջ տեսել, ճանաչել են մեծ տաղանդը, ամենայն ուշադրությամբ հետևել են իր ամեն ասածին, ավելին, համաշխարհային երաժշտական ընկերությունը գլխավորող առաջատար երաժշտագետներ խնդրում էին իրեն, որպեսզի այս կամ այն թեմայով դասախոսություն կարդա կամ այսինչ ելույթը տպագրի: Երբևէ չի եղել, որ Կոմիտասը մի բան երգեր, ցույց տար, և Եվրոպան չընդուներ: Դրա մասին փաստերն անթիվ են, ու այստեղ որևէ տեսակի շահարկում հակառակն ապացուցել չի կարող:

Բանավոր ավանդույթով սուտ ու փուտ լուրեր տարածելու ժամանակաշրջանը, թերևս, միջնադարից ի վեր արդեն գոյություն չունի: Այնքան շատ է փաստական նյութը, որ հանգիստ կարելի է վերցնել և ինչ-որ մի բան ստուգել, հաստատել կամ հերքել:

Ինչպե՞ս մեր երգարվեստից արմատախիլ անել ռաբիսը, մուղամը:

– Նախ պետք է կրթել: Մարդիկ չիմանալով՝ ինչ է մուղամը, դատողություններ են անում և հասարակությանը գցում մոլորության մեջ: Չծուլանային՝ նստեին կարդային, իմանային: Շատերը մեծամիտ են ու ամենագիտության սինդրոմով են տառապում: Երբ կրթվեն՝ բոլոր խնդիրներն աստիճանաբար կհարթվեն: Այն, ինչ կատարվում է ռաբիս երաժշտության մեջ, դա մեր հոգեկետվածքի ուղիղ հակառակն է: Դա թրքաշունչ երաժշտություն է: Խնդիրը քառորդ նոտաները, ժանրը չէ, խնդիրը կատարման մաներան է: Որ ասում ենք՝ Կոմիտասը մաքրեց երաժտությունը, այդ ինչի՞ց մաքրեց՝ նման բաներից: Մաքրեց, որպեսզի հնչի մաքուր հայկականը: «Երաժշտությունը ամենէն մաքուր հայելին է ցեղին»,- ասում էր Կոմիտասը: Նա այդ հայելին մաքրեց ու որպես պատկեր տվեց մեզ: Այսօր կարող ենք նայել այդ հայելուն ու մեզ տեսնել, ու երբ տեսնում ենք մեր դեմքին ինչ-որ բծեր՝ հասկանում ենք, որ սա մերը չէ ու մի բան այն չէ, մաքրել է պետք: Կոմիտասը հայ ինքնության կարևոր բաղադրիչներից մեկն է: Երաժշտական բաղադրիչը, որը հոգին է ցույց տալիս, Կոմիտասի ստորագրությամբ է: Կոմիտասին դիպչել սխալ մոտեցմամբ՝ նշանակում է հայ ինքնության հանդեպ ոտնձգություն գործել:

Անի ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ»
շաբաթաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031