«Այդ հարցին պատասխանելը դյուրին չէ, բայց հույս ու հավատ ունեմ պարոն Փաշինյանի ընթացքին վրա։ Կարծում եմ, որ ամենալավ ճանապարհն ու որոշումները նրանն են լինելու»,-Aravot.am-ի հարցին՝ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ոլորտում իրեն գոհացնո՞ւմ է, ՀՀ իշխանությունները ճի՞շտ ընթացքի վրա են, այսպես պատասխանեց Ստամբուլում լույս տեսնող հայալեզու «Մարմարա», հասարակական-քաղաքական օրաթերթի խմբագիր Ռոպեր Հատտեճյանի որդին, «Մարմարա»-ի հրատարակչության տնօրեն Արի Հատտեճյանը։
Լրագրողները Հրանտ Դինք հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված «Հայաստան-Թուրքիա․ լրագրողների երկխոսություն» ծրագրի շրջանակներում այցելեցին «Մարմարա»-ի խմբագրություն։
Հարցին՝ Քեմալ Քըլըչդարօղլուի՝ նախագահ ընտրվելու դեպքում հնարավո՞ր է փոփոխություն լինի Թուրքիայի՝ ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցում քաղաքականության առումով, Արի Հատտեճյանը պատասխանեց․ «Քըլըչդարողօլուի ընտրվելու պարագայում շատ չեմ կարծում, որ բան փոխվի, քանի որ կան հարցեր, որ այս երկրում անփոփոխ են մնում։ Ով ուզում է գալ իշխանության գլուխ, այդ գծերից դուրս չեն կարող գալ, որովհետև իրենց վրա ժողովուրդը, որը մի քիչ ազգայնամոլ է, ճնշում է գործադրելու և չի արտոնելու այդ իշխանությանն այլ կերպ շարժվել։ Այնպես որ, ես կարծում եմ, որ այս ընտրությունները Քըլըչդարօղլուի քաղաքական կյանքի վերջակետն է լինելու»։
Կարդացեք նաև
Մեր փաստմանը՝ ՀՀ-ի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների՝ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպում շուրջ մեկ տարի տեղի չի ունեցել, հետևաբար ինչպե՞ս է տեսնում կարգավորման գործընթացն այս ձևաչափով, Արի Հատտեճյանը պատասխանեց․ «Կարծում եմ՝ ընտրությունների պատճառով փոքր-ինչ կասեցվեցին այդ խոսակցությունները։ Վստահ եմ, որ մեկ ամիս հետո դարձյալ կվերսկսվի»։
Դիտարկմանը՝ Նեմեսեսի արձանի տեղադրումը Երևանում կարո՞ղ է դրա պատճառ լինել, նա այսպես արձագանքեց․ «Չեմ կարծում։ Այդ տեսակ բաները մեկ շաբաթ օրակարգում մնում են, բայց հետո մոռացվում, և նորից սկսվում է ամեն բան։ Մանավանդ այդ Նեմեսիսի արձանին ամենամեծ հակազդեցություն ցույց տվողը, որ Թուրքիայի ԱԳ նախարարն էր, այլևս այդ պաշտոնին չէ․ պատգամավոր է դարձել։ Չգիտենք՝ ով է նոր նախագահը լինելու։ Ամեն բան նրա դիրքորոշումից կախում ունի։ Չեմ կարծում, որ Էրդողանը Չավուշօղլուի չափ կարծրատիպային գաղափարներ, վերաբերմունք ունենա այդ արձանի վերաբերյալ»։
Արի Հատտեճյանը հույս ունի, որ հայ-թուրքական սահմանը՝ ըստ պայմանավորվածության կբացվի հուլիսի 1-ից երրորդ երկրների համար։
Իսկ թե ինչո՞ւ է կարևոր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, Արի Հատտեճյանը պատասխանեց․ «Նախևառաջ մենք երկու հայրենիք ունենք․ մեկը Թուրքիան է մյուսը՝ ՀՀ-ն։ Մենք փափագում ենք, որ մեր երկու հայրենիքներն իրար հետ հաշտ լինեն, մենք էլ երկու երկրներում ազատ, համարձակ, հեշտորեն կարողանանք գալ, գնալ, խոսել, երջանիկ ապրել։ Դրա համար մեզ համար նախընտրելի է կարգավորումը, կհուսանք, որ երկու երկրները ժամ առաջ անցյալը մոռանան և ապագային նայեն»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ստամբուլ