Ազգային արժեքների դեմ կռվի հետևողական ծրագրի հերթական դրվագին ականատես եղանք. հասել ենք մի կետի, երբ Հանրային հեռուստաընկերությամբ կարող է ասվել, թե, իբր, «մուղամը հայկական է», նույն եթերով անթույլատրելի մտքեր հնչեցնել Կոմիտասի մասին։ Կոմիտասագետ, խազագետ Արթուր Շահնազարյանը «Փաստի» հետ զրույցում նշել է, որ այս ամենը բացարձակ պատահականություն չէ։
«Եթե մեր հայրենիքի սահմանները մեր զինվորները պաշտպանում են, ապա հոգևոր հայրենիքի սահմաններից թշնամին վաղուց ներս է խուժել ու նաև մեր մշակութային, հոգևոր հայրենիքում է տարածքներ գրավել: Սա ազգային անվտանգության հարց է։ ԱԱԾ-ն լրտես է բռնում, որի տված վնասն այնքան մեծ չէ, որքան սրանց տված վնասը, ըստ որի՝ մեր նոր սերնդի, մեր ժողովրդի հոգին են ուզում պղտորել՝ տարածելով իրենց այլասերված երգերը։ Նույն մարդիկ, խոսելով մուղամից, անգամ չգիտեն, թե ինչ է մուղամը։ Մուղամ ասելով՝ իրենց կլկլոցներն են հասկանում»,– ասաց նա։
Մեր զրուցակցի խոսքով, պետական հեռուստատեսությամբ երբեք նման բան թույլ չի տրվել։ «Մեր հոգևոր սահմանները վաճառող, մեր մշակութային սահմանները վաճառող լրտեսների հետ գործ ունենք։ Եթեր են բերում այդ տղային, նրա խոսքերն առանց մոնտաժելու հեռարձակում են այն դեպքում, երբ ինձ կանչում են Հ1, խոսում եմ Կոմիտասից ու, երբ ուզում եմ մի երգ երգել, ձեռքով «չէ» են անում՝ հուշելով, թե՝ «պարոն Շանհնազարյան, շուտ վերջացրեք, հանկարծ շատ չերգեք»։ Միշտ մտածել եմ՝ ինչի են սրանք վախեցած, երևի հանձնարարություն ունեն։ Հենց այս պատճառով եմ ասում, որ այս ամենը ծրագրված է։ Տպավորություն է, որ այնտեղ ինչ-որ գործակալ է նստած, որը երևի Թուրքիայից գումար է ստանում, որ թուրքական, ադրբեջանական կլկլոցները տարածեն ու նման պրոպագանդա անեն։ Նոր սերնդի, ժողովրդի ականջին ամեն տեսակի այլասերվածություն, կլկլոց տարածելը, հայոց լեզուն աղավաղելն ամենավտանգավորներից է։ Կոմիտասն ասում էր՝ եթե խոսքը ժամանակ է ուզում, որպեսզի հասարակությունն այն մարսի, ապա երաժշտության ձայնը մի բան է, որն, անկախ քեզանից, մտնում է ականջիդ մեջ ու քեզ փոխում՝ ազդելով քո ենթագիտակության վրա։ Սա, ի դեպ, ամենավտանգավոր զենքն է»,- նկատեց մեր զրուցակիցը։
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։