Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայացք կյանքին կամ հիշել՝ ապրելով…

Մայիս 18,2023 15:30

20-րդ դարավերջին սկզբնավորված վավերագրական թատրոնի ուղղությունն այսօր ներկայանում է կառուցվածքային նոր մակարդակում՝ հիմնականում ունենալով անկաշկանդ սյուժետային գիծ, թեմատիկ բազմակողմանիության հնարավորթյուն եւ նորովի մոտեցում խոսք-գործողությանը։ Թատրոնի եւ կինոյի դրամատուրգ Սառա Նալբանդյանը շարունակում է ժամանակակից դրամատուրգիա բերել վավերագրական պիեսներ։  Նրա հերթական՝ «Ապրե՛լ» պիեսն ինքնակենսագրական է։ Պիեսը հագեցած լինելով կյանքային նուրբ ու զգացմունքային տարրերով, դժվար իրավիճակները հոգեվիճակների վերածելու առանձնահատուկ մոտեցմամբ, դրամատուրգի վարպետության շնորհիվ եւ դերասանուհի Մարիամ Մանոյի մասնակցությամբ բեմում դարձել էր այդտեղ ու այդ պահին շոշափվող իրականություն։

Նախ մի քիչ խոսենք դրամատուրգի ձեռագրի առանձնահատկությունների մասին։ Սառա Նալբանդյանին հաջողվում է խոսքի միջոցով ստեղծել կերպարային բնավորություն, երեւույթներից բխող եւ երեւույթներին բախվող փոխհարաբերություններ։ Դրամատուրգը կյանքի ինչ-որ փուլում կատարված իրադարձությունը ցույց է տալիս այնպիսին, ինչպիսին կա։ Պիեսում պարզորոշ երեւում է վավերագրական պիեսի կառուցվածքային մոդելի նորացումը։ Դրամատուրգը նկարագրողականության, հերոսի կյանքը մանրամասնորեն պատմելու փոխարեն ընտրում է այլ ճանապարհ՝ իրադարձության լակոնիկ բացահայտման միջոցով հերոսին հասկանալու եւ նրա հետ կապվելու եղանակների վրա ստեղծում է ամբողջ դրամատուրգիական գիծը։  Այդ գծի վրա պահպանված են նաեւ գեղագիտորեն հիմնավորված անցումները, ներքին ու արտաքին նպատակները, մարդկային նյութվածքի բազմաշերտությունը։

Իսկ այժմ ներկայացման մասին։ Ժամանակակից մարդու մտածողության, սպասումների, կորուստների, ապրումների, անձնական երջանկության ճանապարհի եւ այդ ընթացքում հանդիպող իրադարձությունների ներքին պատճառների հարուստ հղումներով ու հարցադրումներով, լայնաշերտ ասելիքով «Ապրե՛լ» պիեսը բեմադրիչ Սուրեն Շահվերդյանի  մտահղացման շնորհիվ դարձել է ոճական առանձնահատկություններով եւ նոր միտումներով մոնոներկայացում։ Բեմում երկաթե կոնստուրկցիա է, որը ծառայում է տարբեր իրավիճակներում եւ օգնում է տարբեր տեսարանների ժամանակ հանդիսատեսին զգացական լարվածության հասցնել։ Ներկայացման ընթացքում ակտիվորեն օգտագործվում են նաեւ ձայնագրություններ, որը կենդանի միջավայր ստեղծելուն է միտված։ Պակաս կարեւոր չեն նաեւ լուսային եւ երաժշտական համարժեք լուծումները, որոնք ավելի համոզիչ են դարձնում այն, ինչ կատարվում է բեմում։

Նպատակ չունենալով վերապատմելու ներկայացումը, ցանկանում եմ խոսել դերասանախաղի, վավերագրական պիեսի մատուցման եղանակների մասին։ Ընդհանրապես վավերագրական  նյութը հնարավոր է տարբեր մոտեցումներով ներկայացնել բեմում, սակայն կարեւոր է գիտակցել մի բան՝ այն պետք է շատ մոտ լինի ապրածին ու զգացածին, շեշտադրված լինի համոզիչ ապրումներով։ «Ապրե՛լ» ներկայացման դեպքում գործում է բեմադրական հստակ, հիմնավորված տրամաբանություն։ Միանգամայն ակնհայտ է բեմադրիչի անձնական վերաբերմունքն այս գործին։ Սուրեն Շահվերդյանը բեմադրության ընթացքում պահպանել է մարդու ներքին եւ արտաքին աշխարհների անքակտելի կապը, կարեւորելով հուզաշխարհի ռիթմիկան ու բնականությունը։ Տնից մինչեւ փողոց, փողոցից՝ հիվանդանոց, վերելակ, բժշկի սենյակից մինչեւ հիվանդասենյակ, անգամ ՄՌՏ հետազոտություն, ընթացք… այս ամենը հանդիսատեսի մոտ վերջնական պատկեր է ձեւավորում, ինքն էլ որպես դիտող մասնակից է դառնում այս ամենին։ Եվ այնքան սահուն են անցումները, որ թվում է՝ նոր տեսարան տեղափոխվելիս հերոսուհու հետ գնում ես, քայլում, հասնում այնտեղ, որտեղ ինքն է հասնում։ Ներկայացման գրական հիմքը լինելով ժամանակի արձագանքն ու հետեւանքը, բեմադրիչը կարողացել է մեկ դերասանուհու միջոցով, առանց շռայլ բեմական ձեւավորման, միայն ու միայն արտահայտչական սկզբունքներով առաջնորդվելով դարձնել պատմություն, որը միանշանակ բեմական կյանքի է արժանի։ Իսկ դերասանուհի Մարիամ Մանոյի համոզիչ, լակոնիկ, դինամիկ խաղն ուղղակի աննկարագրելի է։ Դերասանուհին կենտրոնացնելով իր կատարողական ներուժը, միախառնելով  հոգեբանական խաղի կանոններին, ապահովում էր ներկայացման տեմպառիթմը։ Մարիամ Մանոն կարողանում է սկզբից մինչեւ վերջ լարվածության մեջ պահել մարդուն, տանել նրան այնտեղ, որտեղ այդ պահի իրականությունն է…

«Ապրե՛լ» մոնոներկայացումը նայելիս անդադար մի բանի մասին ես մտածում` ի՞նչ է կյանքը, ինչի՞ համար ենք ապրում եւ պե՞տք է ապրել։ Վերջում հասկանում ես, նաեւ համոզվում, որ այո՛, պե՛տք է ապրել։ Նաեւ հիշել՝ ապրելով։

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.05.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031